Լրահոս
Օրվա լրահոսը

Քամանչան չի պրոպագանդվում

Դեկտեմբեր 10,2002 00:00

Քամանչան չի պրոպագանդվում Դուդուկն այսօր համաշխարհային ճանաչման է արժանացել, նրա երաժշտությունը մատուցվում է նորովի, ինչի շնորհիվ այն լսելի է նաեւ մոդեռն ոճերում ու ներդաշնակ այլ գործիքների հետ։ Քամանչահար Վիգեն Հակոբյանի (Վիդոկի) կարծիքով՝ թառն ու քամանչան եւս երկրորդ «ծնունդ» կունենան, եթե, իհարկե, պրոպագանդվեն ինչպես դուդուկը։ «Քամանչան պիտի հոգով նվագես»,- ասում է երաժշտաշխարհում հայտնի վարպետ Վիդոկը։ Նրա կարծիքով, չկա վատ գործիք, կան վատ երաժիշտներ, որոնք չեն կարողանում ինքնարտահայտման հնարավորություն տալ գործիքին։ «Սերը երաժշտության հանդեպ ժառանգել եմ երաժշտական մեր ընտանիքից եւ դեռեւս վաղ հասակից նվագել դափ եւ թառ գործիքներով»,- հիշում է վարպետը, ում ստեղծագործական կյանքում ճակատագրական դեր է ունեցել 1943 թ. ռազմադաշտից հոր ուղարկած ծանրոցը. «Ծանրոցում հայրիկիս ջարդված քամանչան էր, որն անմիջապես գրավեց իմ ուշադրությունը եւ ես լրջորեն հետաքրքրվեցի նրանով, իսկ հորս վերադարձից հետո, նրա իսկ օգնությամբ մեկ տարում տիրապետեցի այդ անչափ հետաքրքիր գործիքին, որն, ի դեպ, մինչ օրս էլ դարձել է կյանքիս ուրախ եւ տխուր պահերի անբաժան ընկերն ու ուղեկիցը»։ Հետադարձ հայացք նետելով իր ստեղծագործական ուղուն, վարպետ Վիդոկը գորովանքով հիշեց իր մուտքն երաժշտության աշխարհ՝ սկզբում Սպենդիարյանի երաժշտական դպրոցի Խորեն Չալդրանյանի ղեկավարած ջութակի դասարան, որտեղ սովորելու տարիներին գամաներն ու էտյուդները տանը քամանչայով պարապելու արդյունքում, ջութակի վրա նվագելով, անգամ ժողովրդական մեղեդայնություն էր ստանում եւ զարմանքի տեղիք տալիս բոլորին։ Հետո Ռ. Մելիքյանի երաժշտական ուսումնարանի ժողգործիքների բաժին, ուր աշակերտելով քամանչայի մեծ վարպետ Արմեն Մանդակունյանին, 60- 65թթ. աշխատում է Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլում, միաժամանակ քամանչա դասավանդում ինքնագործ ժողխմբերում, որոնցից մեկը՝ «թԸԼ»-ն ոսկե մեդալի է արժանանում ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ համամիութենական օլիմպիադաներում։ Մանկավարժական գործունեությունից զատ աշխատում է նաեւ ֆիլհարմոնիայում, այնուհետեւ նախընտրում անհատական գործունեությունը։ Տասնյակ տարիներ համերգ-հյուրախաղերով աշխարհի տարբեր երկրներում քամանչան արժանիորեն ներկայացնող երաժիշտը, որքան էլ զարմանալի է, մինչ օրս չունի եւ ոչ մի ձայնագրություն. «Ցավալի է, սակայն փաստ, որ մինչ օրս չունեմ եւ ոչ մի ձայնագրություն, էլ չեմ խոսում սկավառակի մասին, որն ահռելի գումարների հետ է կապված։ Ունեմ միայն համերգային ձայնագրություններ եւ մի քանի համագործակցության ձայնագրություններ տարբեր արտիստների հետ։ Ցավալիորեն մինչ օրս ոչ մի հովանավոր չի ցանկացել աջակցել ու ժողովրդին ի պահ տալ մեր ազգային գործիք քամանչայի երաժշտությունը իմ մատուցմամբ»։ Չնայած այդ ամենին, վարպետն այսօր էլ շարունակում է ապրել եւ ստեղծագործել իր անբաժան քամանչայի ընկերակցությամբ, իր երաժշտացանկում ներառելով ոչ միայն Սայաթ-Նովայի ժողովրդա-գուսանական երաժշտական նմուշներ, այլ նաեւ տարբեր ազգերի մեղեդիներ, այդ թվում ե՛ւ ռոմանսներ, ե՛ւ գործիքային ստեղծագործություններ։ «Այսօր ես պատրաստ եմ ավելի քան 5-6 ժամանոց բազմաոճ ծրագրով քամանչայի մենահամերգով ներկայանալ հայ հանդիսատեսին։ Կազմակերպչական աշխատանքներն հոգալու դեպքում միայն հնարավորություն կունենամ ներկայանալ ժողովրդին։ Առանց որեւէ ֆինանսական հատուցման ես մեծագույն սիրով պատրաստ եմ նվագել ժողովրդի համար»,- ասում է վարպետը։ Ու թեեւ նա ուրախանում է, որ այսօր երիտասարդների մեջ դեռ կան այնպիսիք, որոնք շարունակում են քամանչայի բարի ավանդույթների պահպանումը, բայցեւայնպես չի թաքցնում մտահոգությունը, որ այսօր քամանչան մի տեսակ ստվերում է. «Ցավում եմ, որ ներկայումս քամանչան այնքան էլ մեծ սեր եւ տարածում չունի երիտասարդության շրջանում, թեեւ դրանում քիչ չէ եւ մասնագիտական ուսումնական հաստատությունների դերը։ Ի դեպ, քամանչայի դասարաններ կամ չկան, կամ էլ տեղերն են սահմանափակ՝ 1-2, այն էլ վճարովի, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում գործիքի ընտրության վրա, մանավանդ որ չկա նաեւ աշխատատեղի ապահովման երաշխիք,- այնուհետեւ նույն մտատանջությամբ հավելեց,- մեծ ցանկություն ունեմ իմ տարիների փորձն ու գիտելիքները փոխանցել հայ երիտասարդներին, նույնիսկ անվճար, միայն թե այդ նպատակով տարածք տրամադրվի եւ երեխաները գան քամանչա նվագել սովորեն»։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել