Լրահոս
Օրվա լրահոսը

Որո՞նք են արարքի դրդապատճառները

Դեկտեմբեր 11,2002 00:00

Որո՞նք են արարքի դրդապատճառները Երեւանի գործնական հոգեբանության եւ սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ամբիոնը հրատարակության է երաշխավորել ճանաչված հոգեբան Էլդա Գրինի «Դատահոգեբանական փորձաքննություն» գրքույկը (500 օրինակ տպաքանակով)։ Ինչպես մասնագիտական խմբագիր Սեդրակ Սեդրակյանն է նախաբան- խոսքում ասում, հայալեզու առաջին այսպիսի աշխատություն ունենալը վաղուց արդեն հրամայական անհրաժեշտություն էր դարձել, քանի որ «այսօր մեր ուսանողների կողմից օգտագործվող հիմնական ուսումնական գրականությունը մնում են ռուս հեղինակների կազմած դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները (Ա. Վ. Դուլով, Մ. Ի. Ենիկեեւ, Մ. Մ. Կոչենով եւ այլն)»։ Գիրքը առանձնահատուկ է նաեւ այն իմաստով, որ դատահոգեբանական փորձաքննության առանձին վերլուծություն է, որի միջոցով հնարավոր կլինի տեղեկանալ հանցագործի անձի եւ նրա կատարած արարքի հիմքում ընկած «անձնային գիտակցված եւ չգիտակցված դրդապատճառների» մասին։ Տեսական մոտեցումները գրքույկում ուղեկցվում են որոշակի օրինակներով։ «12-ամյա Վ.-ն, որի հայրը արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստան, իսկ մայրը հանդիպում էր տարբեր տղամարդկանց հետ, բակի իր հասակակիցների կողմից այդ կապակցությամբ ծաղրուծանակի ենթարկվելով, ի վերջո իրեն ցած է նետել 16-րդ հարկի բնակարանի պատուհանից։ Նա նախապես գրել եւ սեղանին է թողել այսպիսի մի նամակ. «Մամ, ես տեսա, որ դու նստեցիր Աշոտի ավտոն ու գնացիր։ Դու ինձ խոսք տվեցիր, որ էլ տենց բան չես անի, բայց արեցիր…»։ Ըստ հոգեբան Է. Գրինի, «քրեական գործի նյութերի հոգեբանական վերլուծությունը թույլ է տվել եզրակացնել, որ տղայի ինքնասպանությունն ունեցել է տարիքային մոտիվացիոն առանձնահատկություններ…»: Վերլուծելով «հոգեկան խիստ հուզմունքի վիճակում» անձի գործողությունները, գրքի հեղինակը նկատում է, որ «հոգեկան խիստ հուզմունք» եւ «ֆիզիոլոգիական աֆեկտ» հասկացությունները օրենսդրությամբ նույնացվում են։ Սակայն Է. Գրինը նկատում է նաեւ, որ «այլ հանգամանքների հետ մեկտեղ հոգեկան խիստ հուզմունքը ներառում է տուժողի անօրինական գործողությունների գնահատականը, որը դատահոգեբանական փորձաքննության իրավասությունից դուրս է»։ Սակայն, մեր դիտարկմամբ, միշտ չէ, որ ուսումնասիրված են տուժողի գործողությունները եւ գնահատականն այս դեպքում խիստ վիճարկելի է։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել