Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԻՆՆ ԵՄ

Դեկտեմբեր 21,2002 00:00

ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԻՆՆ ԵՄ Հայաստանի նորօրյա պատմության մեջ նախագահական ու նաեւ խորհրդարանական ընտրություններում թերեւս ամենաթրծված քաղաքական գործիչը Վազգեն Մանուկյանն է: Համաձայնեք, որ այդ ողջ ժամանակահատվածում հասարակական ակտիվությամբ իր ամուսնուն չի զիջել նաեւ Վարդուհի Իշխանյան-Մանուկյանը: Ես տասը տարեկանից մոմ էի վառում Հայաստանի անկախության համար Տիկին Վարդուհու հետ զրույցի ընթացքում պարզեցի, որ շրջապատին, հասարակությանը եւ հայրենիքին առնչվող հարցերի նկատմամբ իր ակտիվությունը գալիս է դեռեւս դպրոցական տարիներից: Ու բոլորովին էլ անսպասելի չէր Վարդուհի Իշխանյան-Մանուկյանի այսպիսի դրսեւորումը, չէ՞ որ նա հայտնի լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի դուստրն է: «Դեռ փոքրուց հայրս մեր մեջ ներարկել է այն գաղափարները, որ հայ երեխան պետք է հայկական կրթություն ստանա, որ հայերս այս տարածաշրջանի բնիկներն ենք, որ սիրենք մեր պատմությունն ու պահպանենք մեր հուշարձանները: Ես 10-12 տարեկանից հորս ուղեկցությամբ շրջել եմ Հայաստանի բոլոր շրջաններում: Ինձ համար Հայաստանի բոլոր հուշարձանները հարազատ են եղել դեռ փոքր հասակից: Ես արդեն գիտեի, թե որ հուշարձանը որ դարում է կառուցվել եւ ում կողմից: Մինչեւ Ախալքալաք, այն ժամանակ, երբ շատերը դեռ չգիտեին Ղարաբաղի տեղը, մենք Ղարաբաղ էլ ենք գնացել: Ամենահետաքրքիրն այն էր, որ ամեն տեղ հայրս հանդիպում էր իր նախկին ուսանողներին, որոնք մեզ հնավորություններ էին ստեղծում այդ վայրերը ուսումնասիրելու: Դրանք իմ կյանքի ամենալավ հիշողություններն են»: Հայրենիքի նկատմամբ հորից ժառանգած սերն էլ Վարդուհի Իշխանյանին միավորում է Վազգեն Մանուկյանի հետ: Իր ապագա ամուսնուն Վարդուհին հանդիպել է, երբ Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող է եղել: Այդ հանդիպումը տիկին Վարդուհին ճակատագրի թելադրանք է համարում, քանի որ լեզվաբան հայրը փորձել է դստերը համոզել բանասեր կամ բժիշկ դառնալ: Վարդուհին այնուամենայնիվ ընտրել է մաթեմատիկոսի ուղին: «Երբ ես արդեն համալսարանի ուսանող էի, ու Վազգենը եկավ մեզ դաս տալու (իմիջիայլոց ուսանողների շրջանում անցկացվող սոցհարցումների ժամանակ նա լավագույն դասախոսներից էր), մեր մեջ սեր ու հետաքրքրություն էր ներարկում մեր ազգային արժեքների նկատմամբ: Նրանք ուսանող ժամանակ հիմնադրել էին «Հայ մշակույթի ակումբը», որը գործել է բացահայտ, բայց որոշ ժամանակ անց փակվել, Վազգենը դեմ էր ընդհատակյա գործունեությանը, նրա կարծիքով ազգային նպատակներին կարելի էր հասնել նաեւ օրենքի սահմաններում ու նաեւ չձերբակալվել: «Ակումբը» բարձրացնում էր երիտասարդության հայրենասիրական դաստիարակության հարցը, նշում էր ապրիլի 24-ը, երբ այն արտոնված չէր, ներարկում էր անկախության ու Արցախի վերամիավորման գաղափարը, քննարկում էր լեզվի ու մշակույթի խնդիրները, որպես հայ ժողովրդին միավորող առանցք: Հետագայում այդ խնդիրները Վազգենի շնորհիվ մեր համակուրսեցիների համար դարձան հարազատ եւ մենք ստեղծեցինք «Շիրակացու ակումբը», հավաքույթներ էինք կազմակերպում, արշավների էինք գնում: Այդ ամենը ինձ շատ հարազատ էր, ես իմ ընկերների մոտ հպարտանում էի, որ այդ բոլոր հուշարձանները տեսել եմ: Ինձ թվում էր, թե հորիցս բացի ուրիշ մարդ չկա, որ այդքան նվիրված լինի մեր ազգային արժեքներին: Ես զարմանքով հայտնաբերեցի Վազգենին եւ այդ արժեքների նկատմամբ ունեցած մեր մտածողությունն էլ միավորեց մեզ»: Հայրական ընտանիքի` հասարակությանը ոչ անհայտ եղբայրների մասին խոսելիս էլ տիկին Վարդուհին թեման շեղում է դեպի ազգային արժեքներ: «Հայրս մեր արյան մեջ միշտ ներարկել է Հայաստանի անկախության գաղափարը: Տասը տարեկանից, երբ ես գնում էի եկեղեցի, Հայաստանի անկախության համար մոմ էի վառում: Հետո երբ դա կատարվեց, թեպետ ես սնահավատ չեմ, մտածում էի, թե տարիների իմ մոմ վառելը նպաստեց այդ անկախությանը, նույն դաստիարակությունը ստացել են եղբայրներս, նրանք իսկական քաղաքացիներ են: Քաղաքացի լինելը պայքարելն է համամարդկային եւ ազգային արժեքների համար»: Հայրական ընտանիքում ծագած վեճերն էլ եղել են կրոնական, ազգային եւ այլ թեմաներով: Տարիներ հետո իրեն, հորը եւ երկու եղբայրներին միացել է նաեւ Վազգենը: «Հորս հետ շատ թեժ վեճեր էին ունենում, թեպետ լավ ընկերներ էին: Հայրս սիրում էր վիճաբանել: Միշտ մի թեմա էր գտնում, որի շուրջ վեճ էր ծավալվում: Այդ երեկոները շատ հետաքրքիր էին անցնում»: Տիկին Վարդուհին կարծում է, որ հասարակությունը շատ դժվար է հասկանում այն մարդկանց, ովքեր անշահախնդիր սիրում են իրենց երկիրը եւ ցանկացած պարագայում կաշառք չեն վերցնի: Իր համոզմամբ, նրա հայրը, եղբայրներն ու ամուսինը այդպիսի անկաշառ մարդկանց շարքում են, քանի որ բարձր արժեքներին են դավանում ու հավատում: «Առածը ճիշտ է ասում. «Ամեն մարդ իր արշինով է չափում», քանի որ հասարակությունը փչացած է, չի պատկերացնում, որ կարող է այդպիսի մարդ լինել: Չեն պատկերացնում, որ կարող են մարդիկ լինել, որոնք բարձր արժեքների են հավատում: Շատ երկրներում դա նորմալ երեւույթ կընկալվեր»: Այսպիսի փչացած հասարակություն երբեւիցե չենք ունեցել Հասարակությանը «ճշմարիտ ուղու» բերելու հարցում էլ տիկին Վարդուհին իր պատկերացումներն ունի: Նրա համոզմամբ, եթե մեր բախտը բերի ու իր նշած արժեքները կրող որեւէ մեկը նախագահ ընտրվի, իր օրինակով հասարակության մեջ կարմատավորի ազնիվ քաղաքացու կերպարը: «Անկեղծ ասած, անձնական տեսակետից ես բացարձակապես շահագրգռված չեմ, որ Վազգենը նախագահ դառնա: Նա ղեկավարել է Շարժումը, քանդվող կայսրությունում եղել է վարչապետ, պատերազմի ժամանակ եղել է պաշտպանության նախարար ու մեր բանակը հաղթանակներ է տարել այդ ժամանակ: Դրանք մեր ընտանիքի ամենածանր օրերից են եղել: Մենք հանգիստ ապրում ենք, ես շատ երջանիկ եմ իմ կյանքով: Բայց ես կուզենայի` այս ժողովուրդը տեսներ, որ լավ նախագահն էլ է հնարավոր: Ժողովուրդը օրինակը տեսներ ու ինքը իրենից չհիասթափվեր, թե մենք վատն ենք եւ միայն վատ նախագահներ կարող ենք ունենալ: Վերեւի մարդուց շատ բան է կախված, միգուցե նա չի կարող լրիվ վերացնել կաշառակերությունը, այլ բացասական երեւույթներ, բայց իր կերպարով կարող է դրանք նվազագույնի հասցնել: Ինձ թվում է, եթե մեր բախտը բերեր եւ իսկապես լավ նախագահ ունենայինք, այս հասարակությունը կամաց-կամաց կբուժվեր: Ի վերջո, 1988 թվականին մեր հասարակությունն արդեն բուժվում էր, քանի որ բարձր արժեքների ետեւից էր գնում: Հետո իշխանությունները հենվեցին հիվանդությունների վրա, որովհետեւ դրանց վրա հենվելով, դրանք խորացնելով` ավելի հեշտ է իշխել: Հիմա սարսափում ես, այսպիսի փչացած հասարակություն, ինձ թվում է, այս ժողովուրդը երբեւիցե չի ունեցել»: Տիկին Վարդուհու խոստովանությամբ, իր ամուսինը ոչ բոլոր վճռական քայլերը կատարելիս է խորհրդակցում իր հետ: «Օրինակ, Քելբաջարի գրավման մասին ես իմացա թերթերից»: Իսկ իմ խոստովանությամբ, բավականին դժվար է տիկին Վարդուհուն «ներքաշել» անձնական զրույցների մեջ: Որքան էլ թեման շրջես, հարցերիդ բնույթը փոխես, միեւնույն է, նա դիտարկումներ է անում քաղաքական իրավիճակի վերաբերյալ, Վազգեն Մանուկյանին ներկայացնում ոչ այնքան որպես ամուսին, որքան քաղաքական գործիչ: Առաջ ընկնելով էլ ասեմ, որ մեր զրույցի ընթացքում տիկին Վարդուհին խոստովանեց, որ երբեմն իրեն զգում է Վազգեն Մանուկյանի քարտուղարուհու դերում, քանի որ կատարում է ամուսնու բազմաթիվ հանձնարարությունները: Իմ տպավորությամբ նա ավելի շուտ համապատասխանում է մամուլի քարտուղարի դերին: «Դա խորհրդակցելու հարց չէր, դա ինքնըստինքյան պարզ էր: Վազգենը պարտավորված էր դնել իր թեկնածությունը: Նախ կուսակցություն կա իր ետեւում, որը պարտադրում էր, ինքը պատասխանատվություն է զգում: Եվ հետո, եթե նրա թեկնածությունը չառաջադրվի, ապա ո՞վ առաջադրվի: Հիմա որ ասում են իբր այլընտրանք չկա ներկայիս նախագահին, իսկ ինձ թվում է Վազգեն Մանուկյանը այլընտրանք չունի: Բոլոր չափանիշներով, որ անհրաժեշտ են Հայաստանի նախագահի համար, ցանկացած թեկնածու զիջում է Վազգենին»: Անդրադառնալով 1996թ. մինչեւ վերջ չգնալու մեղադրանքներին` տիկին Վարդուհին ասաց. «1996թ. Վազգեն Մանուկյանի հաղթանակը բացահայտ էր բոլորի համար, նա վճռականորեն ոտքի հանեց ժողովրդին, որպեսզի ճնշման միջոցով իր ձայների տերը դառնա, պարտադրի իշխանություններին ընդունել ընտրությունների իրական արդյունքները: Բայց, երբ իշխանությունները զինված ջոկատներ ու բանակ հանեցին, որը, ի դեպ, պատերազմի ժամանակ ինքն էր ղեկավարում, բնական է, որ Վազգենը ժողովրդին չէր կարող տանել արյունահեղության: Դա շատ վատ հետեւանքներ կարող էր ունենալ մեր ազգի եւ պետականության համար: Եթե մի հոգի էլ զոհվեր, այն նույն մարդիկ, ովքեր իրեն մեղադրում էին մինչեւ վերջ չգնալու մեջ, կսկսեին մեղադրել աթոռի համար զոհեր տալու մեջ: Երբ զուգահեռներ ես տանում՝ զարմանալիորեն նույն բաների համար Վազգենին մեղադրում են, մյուսին՝ ոչ: Նույնը կրկնվեց մեկ ու կես տարի հետո, բայց վճռականություն չեղավ արդարություն պահանջելու, երբ ակնհայտ էր, որ այլեւս բանակ չեն հանի: Մի անգամ Վազգենը ծիծաղելով ԱԺՄ-ում ասաց՝ այս տասը տարին կարելի է անվանել պայքար Վազգեն Մանուկյանի նախագահ դառնալու դեմ: Չգիտես ինչու՝ վախենում են իրենից: Միգուցե որոշ մարդիկ վախենում են իրավական պետությունից: Հիմա էլ ընտրապայքարի ժամանակ աշխատում են անտեսել: Մենք էլ ենք հարցումներ անում, բայց չենք հրապարակում՝ նրա ռեյտինգը ամենաբարձրն է: Միակ բանը, որ մարդիկ առարկում են, այն է, որ չեն թողնի Վազգենը նախագահ դառնա: Մյուս կողմից էլ Ռոբերտ Քոչարյանը իրենից բացի ու՞մ կթողնի: Բայց այն մի խոսքը, որ Վազգեն Սարգսյանը ժամանակին ասել էր, թե 100 տոկոս էլ հավաքեր՝ չէր անցնի, մեխվել է մարդկանց ուղեղում»: Իմ խնդիրները չեմ փաթաթել ուրիշների վզին Մանուկյանների ընտանիքում էլ եղանակը թելադրում է ընտանիքի կինը. «Ամբողջ ընտանիքը ինձ վրա է, եթե չանեմ՝ քաղցած կմնան»: Տիկին Վարդուհու համոզմամբ, երեխաներին հատուկ չեն դաստիարակում, նրանք պարկեշտությունը տեսնում են ընտանիքում: «Քանի որ նույն գաղափարներն ենք կիսում ու ես մեծ վստահությամբ եմ վերաբերում նրան ու նրա որոշումներին, անընդհատ ներկա եմ գտնվում քաղաքական գործընթացներում, երբեմն որպես քարտուղարուհի, երբեմն որպես օգնական՝ կատարում եմ Վազգենի հանձնարարությունները»: Նախընտրական արշավների էլ տիկին Վարդուհին մասնակցում է իր նախընտրածի եւ կարողացածի չափով: Թեպետ իր իսկ խոստովանությամբ՝ միշտ էլ հասարակական ակտիվություն է դրսեւորել, դեռեւս դպրոցական տարիներին, որը չի պասիվացել ուսանողության տարիներին, հետո արդեն Շարժման ժամանակ, այնուհետեւ կուսակցությունում: «Եթե մարդու ներսում այդ ցանկությունները կան՝ չես կարող զսպել: Կանանց հիմնականում հետաքրքրում է միայն իրենց ընտանիքը, իսկ ինձ հուզում է ավելի շատ Հայաստանի ապագան»: Տիկին Վարդուհին շատերի նման չի ընդունում «առաջին տիկնոջ» ինստիտուտը: «Ես չեմ հավակնում առաջին տիկին լինել, Աստված տա, Վազգենը դառնա նախագահ, ես երբեք չեմ ուզենա, որ ինձ ասեն՝ առաջին տիկին: Բայց ես կուզենամ մարդկանց օգնել ինչքան կարող եմ: Ես իմ անելիքները միշտ համաձայնեցնում եմ ամուսնուս հետ: Իմ նախաձեռնությամբ հրատարակել եմ միայն Վազգենի հոդվածների, ելույթների ժողովածուն: Մեծ ջանքերով հավաքել էի ու նպատակ դրել, ավելի շատ վիրավորվածության պատճառով, որովհետեւ մեր աչքի առաջ տասը տարվա պատմությունը կեղծվում է: Ես առանց մեկնաբանությունների տպագրեցի այդ նյութերը, որպեսզի ժամանակագրական առումով երեւա, թե ինչ է կատարվել Հայաստանում վերջին 10-14 տարիների ընթացքում»: Իմ այն դիտարկման առիթով, թե իր խառնվածքից ելնելով՝ ինքը չի կարող պասիվ դիրք բռնել, նա նշեց, թե կփորձի այլ գործով զբաղվել, ասենք՝ մշակութային, կրթական հարցերով, կփորձի հասարակական գործունեություն ծավալել եւ «քիթը չի խոթի քաղաքականության մեջ»: Իսկ երբ նկատեցի, թե նախորդ եւ ներկայիս առաջին տիկիններն էլ նույն գործունեությունն են ծավալել, ասաց. «Բայց ինչ են անում, միայն երեւում են բարեգործություն անելիս, այն էլ՝ քանի որ այդպես է ընդունված, սրանից փող են վերցնում՝ տալիս են մյուսին: Ի՞նչ մի օգտակար գործ են արել: Բարեգործություն անողը ինքը պետք է հարուստ լինի եւ իր գրպանի փողը դարձնի հիմնադրամ»: Տիկին Վարդուհին միանշանակ չի վերաբերում այն տեսակետին, թե հայ կանայք հասարակական ակտիվություն չեն դրսեւորում, այլ ցանկանում են մնալ ամուսնու ստվերում: Ես ձեզ հավատացնում եմ, որ այն տիկինները, որոնք չեն երեւում, շատ ավելի ազդեցություն ունեն իրենց ամուսինների վրա, քան նրանք, ովքեր երեւում են: Տղամարդիկ խոսում են տղամարդկությունից, բայց հիմնականում իրենց կնոջ ազդեցության տակ են: Ուժեղ տղամարդիկ են, որ չեն վախենում իրենց կնոջ ակտիվությունից եւ գիտեն, որ, միեւնույն է, ազդեցության տակ չեն: Վազգենը այդ օրինակներից է եւ երբեք չի վախենում, որ ինչ-որ մեկի ազդեցության տակ կընկնի: Եթե ինքը թույլ չտա, ես ուրախությամբ ուրիշ գործով կզբաղվեմ: Տիկին Վարդուհին իր հաջողությունները կապում է իր երջանիկ ընտանիքի հետ ու վարչապետի կամ պաշտպանության նախարարի կին լինելը հաջողություն չի համարում. «Ես իբրեւ կին հաջողությունների հասել եմ այնքանով, որքանով իմ ամուսինը ճանաչված անձնավորություն է: Իմ դասընկերները գիտեն, թե ես ինչ ընդունակություններ եմ ունեցել, բայց ի վերջո ոչ մի բանի չեմ հասել: Ես ընդամենը Վազգեն Մանուկյանի կինն եմ: Մարդիկ սիրում են ուրիշին տեսնել տխուր, ջախջախված վիճակում: Ես շատ ծանր օրեր եմ ապրել, բայց երբեք իմ խնդիրները չեմ փաթաթել ուրիշների վզին: Ամեն ծանրն ու վատը անցել է, քանի որ ես երջանիկ եմ իմ ընտանիքով»: Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել