Լրահոս
Օրվա լրահոսը

Զորավոր վիրավորներ

Հունվար 21,2003 00:00

Զորավոր վիրավորներ Սրբավայրերը սպասում են Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանի օրհնությամբ Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Կյուրեղ քահանա Տալյանը քանիցս ուխտագնացություններ է կազմակերպել տարբեր սրբավայրեր։ Հերթական ուխտագնացությունն էր Խոսրովի անտառ, Բայբուրդ, Աղջոց եւ Հավուց Թառ վանքերը, որոնք Հայրապետական թեմի տարածքում են։ Ուխտավորների առաջին կանգառն Ազատ գետի Միլլի վտակի հովտում գտնվող Բայբուրդ գյուղն է։ Այստեղ մինչեւ 17-րդ դարը ապրել են հայեր, որոնց Շահ Աբասը բռնի գաղթեցրել է Պարսկաստան։ Պահպանվել են հեթանոսական շրջանի հուշարձաններ եւ Բազիլիկ 5-րդ դ. եկեղեցում՝ եռամույթ թաղածածկ ինքնատիպ կառույցը յուրօրինակ խաչերով։ Ահա եւ հինավուրց հոգեւոր կենտրոնը՝ Աղջոց Ս. Ստեփանոս վանքը։ Այն գտնվում է Արարատի մարզում, Գեղարդավանքից 7 կմ հարավ-արեւելք, լեռան լանջին։ Հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին՝ որպես կուսանոց վանք, Տրդատ արքայի հալածանքներից փախած եւ այստեղ ապաստանած Ստեփանոս քահանայի նահատակման տեղում։ Ներկայիս կիսավեր համալիրը կառուցվել է 13-րդ դ., բաղկացած է 2 եկեղեցուց, գավիթից եւ այլ շինություններից։ Գլխավոր՝ Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցել է վանահայր Աբել վարդապետը 1212 -17թթ., իշխան Գրիգոր Խաղբակյանի օժանդակությամբ, գմբեթն ավերվել է։ Գավիթի արեւելյան մասի պատերն են պահպանվել։ Երեմիա վանահոր օրոք իշխան Վասակ Խաղբակյանը 1270թ. կառուցել է Ս. Պողոս -Պետրոս եկեղեցին, որի արեւմտյան մուտքի 2 կողմերում Պողոս եւ Պետրոս առաքյալների՝ բնական մեծությամբ հարթաքանդակներն են, որոնք իրենց կատարումով էապես տարբերվում են հայկական արվեստում մինչ այդ տիրապետող ոճից։ Աղջոց վանքում կան Հին ու Նոր կտակարանների թեմաներով կատարված արժեքավոր պատկերաքանդակներ։ Վանքում 15-րդ դարում գրվել են ձեռագրեր՝ Ավետարաններ, Ճաշոց Խազգիրք։ Այստեղ են պահվել Ս. Ստեփանոս քահանայի Աջը եւ Արիստակես Ա Պարթեւի Աջը (այժմ գտնվում է Ս. Էջմիածնում)։ 1679թ. երկրաշարժից շատ վանքերի հետ ավերվել է եւս Աղջոց վանքը, սակայն նորոգվել ու գործել է մինչեւ 18-րդ դարի կեսը՝ լեզգիների վերջին ասպատակությունից հետո լքվել ու ամայացել է։ Այդ օրը վանքում 300 տարի անց կրկին հնչեց քաղցրահունչ ժամասացությունը։ Ուխտավորները պատրաստակամ հոժարեցին օրն անցկացնել խիստ պահքով՝ հաց ու ջրով։ Այնուհետեւ հրաժեշտ տվեցին վիրավոր սրբավայրին։ Գեղամա լեռների արահետներով ձգվում է ուխտավորների շղթան դեպի միջնադարի հռչակավոր հոգեւոր կենտրոն Հավուց Թառ վանք։ Այն պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գավառում կառուցվել է վաղ միջնադարում։ Ըստ Մխիթար Այրիվանեցու, Քեղի բերդի իշխան Գեւորգ Մարզպետունին եկեղեցի է կառուցել։ 11-րդ դ. վանքում պահվել է հայ եկեղեցու հնագույն սրբություններից մեկը՝ Քրիստոսին խաչից իջեցնելու տեսարանը բովանդակող Սուրբ Ամենափրկիչ կոչվող խաչափայտը (որից էլ՝ վանքի երկրորդ անունը)։ 1755թ. վանքը լքվել է եւ Ամենափրկիչը տեղափոխվել Էջմիածին։ Ժամանակին վանքի ուսումնասիրությամբ զբաղվել է Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը (հետագայում՝ կաթողիկոս)։ Վանքում պահվել է հայ հնագույն ձեռագրերից մեկը՝ 7-րդ դարի «Վեհամոր Ավետարանը»։ Կարծում ենք, ազգի հոգեւոր ու ֆիզիկական զորացման անհրաժեշտ պայմաններից մեկը պիտի լինի հազարամյակներից մեզ ժառանգած հոգեւոր օջախներին եւ նրանց գրկում ամփոփված սուրբ հայրերի հանգրվաններին տեր կանգնելը։ ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել