Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնոցացավ

Հունվար 24,2003 00:00

Ակնոցացավ «Բիրիքով» հանրապետություն ներկրվող էժանագին ու անորակ ապակիներով ակնոցների հիմնական սպառողը երիտասարդներն են։ Մեր օրերում կյանքին չի կարելի նայել ինչպես «վարդագույն», այնպես էլ վառ կապույտ, դեղին, կարմիր կամ նարնջագույն ակնոցներով։ Խորհուրդ է տալիս ակնաբույժ Վերոնիկա Թորոսյանը։ Չնայած բժիշկ-մասնագետի այս պնդմանը, մայրաքաղաքի օպտիկայի խանութներում ու դրանց դրսի վաճառակետերում անցկացրած հարցումներից, կարելի է ասել, որ վերջին տարիներին հատկապես սպառվում են նշյալ գույների ապակիներով ակնոցները։ Ըստ Վ. Թորոսյանի, արեւային ակնոցի իմաստը արեւից պաշտպանելն է, իսկ դրա համար կարեւորը ապակու շերտերն են եւ գույնը։ Կան լավորակ՝ մոխրագույն, շագանակագույն, սեւ, մուգ կանաչ ապակիներով ակնոցներ, որոնք արեւի ճառագայթները ոչ թե կլանում, այլ անդրադարձնում են։ Արեւային ակնոցներն իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ արեւից պաշտպանող եւ դեկորատիվ։ Դեկորատիվ են համարվում պայծառ երանգներ ունեցողները։ Դրանք, ակնաբույժի խոսքերով, չի կարելի կրել արեւից պաշտպանվելու համար. «Ճիշտ է, գեղեցիկ են, մոդայիկ, սակայն վնասակար»։ Քիչ չեն դեպքերը. «Երբ ակնաբույժին այցելած մարդիկ բողոքում են իրենց կրած արեւային ակնոցից՝ ասելով, որ ամեն ինչ պղտոր են տեսնում կամ խոշորացնում է։ Համապատասխան ապարատով ստուգելուց պարզվում է, որ հաճախ արեւային ակնոցների ապակին օպտիկական է։ Իսկ իսկական, լավորակ ապակին պետք է զրոյական մակարդակի լինի»,- ասում է Վ. Թորոսյանը։ Այսպես. պայծառ դեղին ապակիներով ակնոցները համարվում են հակամառախուղային։ Կան երկրներ, որտեղ դրանք կրում են մառախուղից պաշտպանվելու նպատակով։ Մեզ մոտ, ակնաբույժի խոսքերով, նմանատիպ պայծառ գույներով ակնոցները թույլատրելի է կրել ժամանցի վայրերում, ասենք դիսկոտեկում, սակայն 1-2 ժամից ոչ ավելի։ Օպտիկայի խանութներում կամ տարբեր վաճառակետերում կան ակնոցներ էլ, որոնք նախատեսված են միայն սարերում կամ բարձրադիր գոտիներում կրելու համար։ Դրանց ապակիներն ունեն մի քանի պաշտպանական շերտ։ Հիմնականում կրում են լեռնագնացներն ու լեռնադահուկորդները։ Մասնագետի հավաստմամբ, առօրյայում օգտագործելու դեպքում անպայման գլխացավ ու տհաճ զգացողություն կառաջացնի։ Այդ պատճառով վերջինս կարեւոր նախապայման համարեց, որպեսզի, հատկապես օպտիկայի խանութներում (որտեղ նաեւ պատվիրվում են օպտիկական ակնոցներ), անպայման օպտիկներ կամ բժիշկ-մասնագետներ աշխատեն։ Իսկ դրսում ակնոց վաճառողներն էլ գոնե քաջատեղյակ լինեն օպտիկայի նրբություններին եւ անպայման սպառողին զգուշացնեն, թե որ ակնոցը որտեղ պետք է կրել։ Վ. Թորոսյանի խոսքերից պարզվում է, որ ակնաբույժն էլ իր հերթին պետք է ծանոթ լինի օպտիկայի յուրահատկություններին, քանի որ «երբեմն ակնաբույժը բարդ ակնոց է նշանակում եւ չի պատկերացնում, որ դա տեխնիկապես հնարավոր չէ պատրաստել»։ Մասնագետի՝ հասարակությանն ուղղված խորհուրդներից մեկն էլ հատկապես վերաբերում էր ԱՄՆ-ում կամ այլ երկրներում բարեկամներ ունեցողներին։ «Մեր բարեկամները սովորություն ունեն տարբեր իրերի հետ, որպես աքսեսուարներ, նաեւ օպտիկական ակնոցներ ուղակել, կարծելով, թե իրենց հարազատներին լավություն են անում։ Վերջիններս էլ մտածում են, որ արտասահմանից ուղարկված է՝ ուրեմն շատ լավն է։ Եվ առանց ստուգվելու դրանք կրում են»։ Ըստ ակնաբույժի, օպտիկայի խանութներից ու դրանց դրսի վաճառակետերից նույնպես չի կարելի գնել պատրաստի օպտիկական ակնոցներ։ Քանի որ գնորդը նախեւառաջ պետք է դիմի բժշկին՝ ճիշտ կողմնորոշվելու համար. «Հնարավոր է, որ աչքերի միջեւ տարբերություն լինի։ Իսկ պատրաստի ակնոցի ապակիները հավասար են լինում։ Բժշկի կամ օպտիկի կողմից նաեւ վերցվում է մի չափս՝ միջբբային տարածություն, որը մարդկանց մոտ տարբեր է լինում։ Պատրաստի ակնոցները ստանդարտ են լինում, ինչը կրկին անթույլատրելի է։ Եթե տարածության չափը սխալ է կամ չի համընկնում, մարդիկ ստիպված են լինում աչքերը շատ մոտեցնեն, որ ճիշտ կետը «բռնացնեն»։ Թեկուզ մեր հասարակության մեծ մասը նույնպես գիտակցում է ակնաբույժի խորհուրդների կարեւորությունը, այնուամենայնիվ շարունակում է էժանագին ու անորակ ակնոցներ գնել կամ նվեր ստացածը կրել, քանի որ դրանք մատչելի են։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել