Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՒԴ»-ը տարածվում է

Մարտ 12,2003 00:00

«ՍՈՒԴ»-ը տարածվում է Պարենի համաշխարհային ծրագրի երեւանյան գրասենյակը 2000 թվականից Հայաստանում իրականացնում է «Սնունդ՝ ուսուցման դիմաց» ծրագիրը։ Այժմ ՀՀ 603 գյուղական համայնքի 35 հազար բնակիչ ներգրավված է այս ծրագրում։ Ծրագրի տեւողությունը 90 օր է, մթերաբաժինը նույն ժամանակահատվածի համար՝ 180 կգ ալյուր, 25 կգ (27 լիտր) բուսական յուղ, 13 կգ ընդեղեն։ Ուսուցման հիմնական թեմաներն են՝ պտղաբուծություն, անասնապահություն, գյուղմթերքի մշակում, օրգանական գյուղատնտեսություն եւ այլն։ Երեկ ՊՀԾ հայաստանյան ներկայացուցիչ Մուզաֆար Չուդերը ծրագրի պատասխանատուների եւ լրագրողների ուղեկցությամբ այցելեց Արագածոտնի մարզի Կարբի եւ Ոսկեվազ գյուղեր, որոնց 2395 տնտեսությունից ծրագրում ներգրավված է 182-ը։ Ծրագրում ներգրավվում են առավելագույնը 4 կով կամ 3 հա այգի, խառը տնտեսության դեպքում՝ 3 կով կամ 2 հա այգի ունեցողները։ Տեղերի 40%-ը տրվում է կանանց, առավելություն ունեն 3 եւ ավելի երեխա ունեցողները, երիտասարդ ընտանիքները։ Երկու գյուղերում էլ մասնակիցները հավաստիացրին, որ ծրագիրն արդյունավետ է. «Շատ բան չգիտեինք՝ իմացանք, շատ բան էլ գիտեինք, բայց անում էինք ոչ ճիշտ կամ ոչ ժամանակին»։ Ի դեպ, ժամանակին Կարբին տարեկան մինչեւ 40 հազար տոննա խնձոր էր հանում շուկա, այժմ՝ 30 հազար։ Իսկ Ոսկեվազի 450 հա խաղողի այգիներից մնացել է հազիվ 150-ը. «Խաղողը դարձավ հաց ու ելակ»։ Գյուղացիները համոզված են, որ խաղողի այգիներն ու գյուղի երբեմնի փառքը կարելի է վերականգնել 5 տարում։ Իսկ տեսագործնական այս դասընթացներն էլ ավելի արդյունավետ կլինեն, եթե վարկային ծրագրերով շարունակվեն։ Վարկն էլ թող լինի ոչ թե փողի, այլ անասունի, բուժանյութերի կամ թունաքիմիկատների տեսքով. «Թե չէ բանկերը համ ահավոր գրավ են ուզում, համ էլ քիչ են փող տալիս»։ Վերջին տարիներին Հայաստանի գյուղացիների ցավ ու դարդին ավելացել է եւս մեկը՝ խնձորի նկատմամբ խիստ բացասաբար տրամադրված եվրոպացի դեղին վահանակիր միջատը, որի դեմ մերոնք պայքարում են համատեղ եւ հետեւողական։ Ըստ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի եւ ՊՀԾ մասնագետների, հայ գյուղացիները միշտ էլ վերապահումով են մոտենում նորարարությանը, բայց դրա արդյունավետությունը զգալուց հետո՝ ոգեւորվում են։ «Սնունդ՝ ուսուցման դիմաց» ծրագիրը գնալով ընդլայնվում է։ Գյուղացիների հետ զրուցեցինք նաեւ նախագահական ընտրությունների ակնկալիքներից։ «Երեւի լավ կլինի»՝ ասաց մեկը։ «Եթե ամեն ինչ խաբեությամբ է արվում, ի՞նչ լավի մասին է խոսքը»,- եզրակացրեց մեկ ուրիշը։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել