Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտ 29,2003 00:00

ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 27-ին Հ1-ով հեռարձակվեցին Տիգրան Նաղդալյանի սպանության գործով կալանված Հովհաննես Հարությունյանի՝ «Ապեր», Լյովա Հարությունյանի, Գեղամ Շահբազյանի եւ սպանության պատվեր տալու մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանի ցուցմունքները: Այդ ակցիան սույն գործով մարտի 5-ից ի վեր սկսված «օճառային օպերայի» սերիաներից հերթականն էր, եւ հիմնական նպատակ ուներ՝ ուղղորդել հասարակական կարծիքը, ինչպես արվում էր «27»-ի գործի նախաքննության ընթացքում նույն հեռուստաընկերությամբ՝ «Հ1»-ում երկու հայտնի դեմքերի դեմ Հունանյանի ուղղակի ցուցմունքները «ջրելու» համար: Թե որքանով այսօր իշխանությունները հասան իրենց «սուրբ» նպատակին՝ դժվար է ասել: Բայց, որ նախաքննության հենց սկզբում ձեռքբերված ցուցմունքների մոնտաժված տարբերակի հեռարձակմանն անդրադառնալու էին կա՛մ ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ քաղաքական հարթության տեսանկյունից, կա՛մ փաստաբանները՝ իրավական դաշտի տեսանկյունից, գրեթե կասկած չկար: Ահավասիկ երեկ հիշյալ գործով կալանված Արմեն Սարգսյանի պաշտպանները ասուլիս էին հրավիրել՝ ասելու, որ տեղի ունեցածը ոչ միայն Ա.Սարգսյանի, պաշտպանական կողմի, Սարգսյանների ընտանիքի, այլեւ ողջ հասարակության նկատմամբ «հոգեբանական բռնության դրսեւորում էր»: Փաստաբաններից մեկը՝ Հովիկ Արսենյանը, հանրությանը հրամցված ցուցմունքների առնչությամբ հայտարարեց. «փաստերն այնպես են խեղաթյուրվել, նկարահանումներն այնպես են մոնտաժվել, որ նույնիսկ իրավաբան մասնագետներն էին եկել այն համոզման, թե Ա.Սարգսյանն իսկապես Տ.Նաղդալյանի սպանությանն ուղղակի առնչություն ունի, որ Ա.Սարգսյանն, ըստ էության, ինքն է հաստատում սպանության պատվիրատուն լինելու հանգամանքը, եւ մնում է միայն ճշտել՝ նա կազմակերպի՞չ է, դրդի՞չ, օժանդակո՞ղ, թե՞ մասնակից: Իրականում նման ցուցմունք չի եղել»: Այո, հեռուստատեսությունն այդպիսի էֆեկտներ ստեղծելու հնարավորություն եւ դա անելու համար նուրբ մասնագետներ եւս ունի: Բայց տեսաերիզներ մոնտաժելու սովոր արհեստավարժների տիտանական գործը գեղարվեստական տեսանկյունից գնահատելու փոխարեն՝ փաստաբան Հ.Արսենյանն արձանագրեց, որ կատարվածը «արդարադատության դեմ հանցագործություն է՝ իրենց պետաիշխանական լիազորությունները չարաշահելու, իշխանազանցության միջոցով»: Խոսքը նախաքննության կողմից հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու, նրան միտումնավոր ուղղորդելու մասին էր: «Ես չեմ անդրադառնա քրեադատավարական հիմնական սկզբունքներին, Սահմանադրությամբ երաշխավորված նորմերի, անմեղության կանխավարկածի ոտնահարման փաստին: Խնդիրն այն է, որ այսպիսի խեղաթյուրված տեղեկատվությունն այլ նպատակ է հետապնդում եւ դուրս է օրենսդրական դաշտից»,- հայտարարեց փաստաբանը: Նա մատնանշեց մարտի 5-ից անմիջապես հետո հեռուստատեսությամբ ու մամուլով տարածված տեղեկատվությունը՝ հանցագործության մասնակիցների ու Ա.Սարգսյանի միջեւ բարեկամական կապերի մասին. «Կարծես նստվածք էին առաջացնում, որ գալու է օրը, երբ Սարգսյանների ընտանիքից որեւէ մեկն անպայմանորեն ներգրավվելու է այս գործում»: Ա.Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանն էլ եւս մեկ անգամ ստիպված եղավ հայտարարել, որ Ա.Սարգսյանի՝ սպանությունը պատվիրած լինելու մասին նախաքննական մարմինը փաստեր չունի. «Որպես սպանության պատվիրատու՝ Ա.Սարգսյան, անձնավորություն, մեղադրյալի համար բավարար ապացույցներ մենք չունենք: Մենք ունենք մի մարդ, որը կասկածվում է դրա մեջ, բայց որի վերաբերյալ այսպիսի հետեւություն անելու եւ դա որպես հաստատված փաստ ներկայացնելու համար նախաքննական մարմինը բավարար փաստեր չունի»: «Այս մոտեցումը վկայում է, որ այսօրինակ վերաբերմունք դրսեւորող նախաքննական մարմինը չի կարող օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանիորեն քննել հանցագործության դեպքն իր ամբողջ ծավալով»,- հայտարարեց պաշտպանը: Փաստաբանները պնդեցին, թե դատելով այս փուլում քրգործում առկա նյութերից, նաեւ իրենց պաշտպանյալի ցուցմունքներից, ստացվում է, որ իրականում «Ա.Սարգսյանը միայն 2002-ի դեկտեմբերի 30-ին է իր տանը հյուրընկալել «Ապերին», ընդ որում՝ միայնակ»: Նա միայն գումար էր ուզել իր գործի համար: Հունվարի կեսերին է, որ առաջին անգամ «Ապերն» Ա.Սարգսյանին ասել է, որ «այդ անձինք մասնակցություն կամ առնչություն ունեն հանցագործության կատարմանը՝ ասելով, թե ղալաթ է արել, սակայն սպառնալիքներ գոյություն ունեն եւ դրանք իրական են թե՛ իմ պաշտպանյալի կյանքի, առողջության, թե՛ Սարգսյանների ընտանիքի համար, գումար է ուզել: Միայն դրանից հետո է, որ Ա.Սարգսյանը գումարը տվել է «Ապերին»: Մինչ այդ նրանց միջեւ Տ.Նաղդալյանի սպանության հետ կապված, հանդիպում, խոսակցություն, զրույց չի եղել»: Փաստաբանները հաստատեցին լրագրողների նետած վարկածը՝ շանտաժ եւ շորթում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել