Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պետք է գնան ավելի շատ կանայք

Մայիս 21,2003 00:00

ԱԺ պետք է գնան ավելի շատ կանայք Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան շարունակել է սոցիոլոգիական հետազոտությունը Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում։ Հարցմանը մասնակցել են բարձրագույն կրթությամբ կանայք եւ տղամարդիկ։ Եզրակացություն- արդյունքն այս է. Ներկայումս Հայաստանը ոչ միայն չի կարող հավակնել, այլեւ՝ հույս փայփայել, որ կարող է ընդգրկվել ընտրական ժողովրդավարությամբ երկրների շարքը։ Վնաս է հասցվել ոչ միայն երկրի կերպարին ու հեղինակությանը, այլեւ կասկածի տակ են դրվում ժողովրդավարացման դժվարին ճանապարհին ունեցած այն իրական ժողովրդավարական նվաճումները եւ որոշակի հաջողությունները, որոնց համար հայ հասարակությունն արդեն չափազանց բարձր գին է վճարել։ Այսպիսով, մեր բարձրագույնավարտների ընդամենը 17,6%-ն է համարում, որ Հայաստանում նախագահական ընտրություններն անցել են ազատ եւ արդար։ Ուստի փորձագետները եզրակացնում են, որ «այդ ընտրություններում հաղթողներ չեն եղել եւ պարտության է մատնվել ամբողջ հասարակությունը»։ Հարցման ենթարկվածների կեսից շատը բավարարված չէ ընտրությունների ընթացքով, իսկ 72,6%-ը կարծում է, որ անցած ընտրություններն անարդար էին։ Այս եւ այլ հարցումների արդյունքում փորձագետ Վլադիմիր Օսիպովը հստակեցնում է մի եզրահանգում. «Հասարակությունում կուտակվում է բողոքական ընտրախավ, մեծանում է դժգոհությունը ոչ միայն տարվող քաղաքականությունից եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ստեղծված իրավիճակից, այլեւ իշխանության փոխանցման ու վերարտադրության ձեւերից»։ Իսկ խորհրդարանական ընտրությունները կարեւոր են համարում հարցման ենթարկված կանանց 74 եւ տղամարդկանց 81%-ը։ Մնացածի համար նույնն են թե՛ հին, թե՛ նոր խորհրդարաններն իրենց «պարունակությամբ»։ Եվս մեկ ցուցանիշ. տղամարդկանց ընդամենը 56,5%-ն է ճիշտ գտնում այն, որ կինը պետք է կամ կարող է զբաղվել քաղաքականությամբ։ Ավելին, հայ ընտրազանգվածի գերակշիռ մասը գերադասում է պաշտպանել տղամարդ պատգամավորի թեկնածությունը եւ պատճառաբանություններից մեկն էլ այն է, որ կանայք թույլ եւ անհասկանալի են նախընտրական քարոզչության շրջանում։ Թեպետ հարցման ենթարկվածները՝ կին թե տղամարդ, համաձայն են, որ պետք է ընդլայնել կանանց ներկայացուցչությունը Ազգային ժողովում։ Դա հարկավոր է անել ժողովրդավարական վարչակարգի կայացման եւ սոցիալական ու քաղաքական կայունացման համար։ Կրկին միացյալ կարծիքով իշխանությունը կնոջը պետք է ոչ որպես կառավարման կամ գերիշխանության միջոց, այլ դրանով դրական փոփոխությունների հասնելու հնարավորություն։ Համալսարանավարտ կանայք հուսադրված են, որ հայ հասարակությունը եթե քայլեր էլ չի անում տղամարդկանց ու կանանց միջեւ ճիշտ համամասնությամբ իշխանությունը բաշխելու ուղղությամբ, ապա գոնե մտորում է այդ խնդրի շուրջ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել