Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՉՈԳԵՎՈՐՎԵՆՔ

Մայիս 26,2003 00:00

ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՉՈԳԵՎՈՐՎԵՆՔ Մինչ երեկ Հայաստանում անց էին կացվում Ազգային ժողովի ընտրություններ, երաժշտական աշխարհն ապրում էր ավելի կարեւոր «ընտրություններով»՝ «Eurovision» մրցույթով, որին հետեւում էր 160 մլն մարդ ամբողջ աշխարհում: «Արմենիա» հեռուստաընկերությունը մեզ էլ հնարավորություն տվեց մասնակցելու Ռիգայում տեղի ունեցած այդ տոնին՝ չնայած հակառակ դեպքում մենք նույնը կանեինք OPT-ի միջոցով: Այդուհանդերձ, փառք ու պատիվ «Արմենիային»՝ համաձայնեք, ավելի պատվաբեր է, երբ դու համաշխարհային իրադարձությանը հետեւում ես քո, ոչ թե արտասահմանյան ալիքով: Դրվատանքի է արժանի նաեւ պաշտպանության նախարարը, որն, ըստ երեւույթին, հովանավորում էր այդ հեռարձակումը /ինչպես նաեւ մեր մի շարք էստրադային կոլեկտիվների եւ երգիչների/: Միայն թե հեռարձակմանը նախորդող խոսակցությունը «Արմենիայի» տաղավարում չափից դուրս լավատեսական էր: Բանն այն է, որ «Eurovision»-ի հաջորդ մրցույթին մասնակցելու է նաեւ Հայաստանի ներկայացուցիչը: Ինքնին այդ փաստն, անշուշտ, ուրախալի է: Բայց, մեղմ ասած, վաղաժամ է վստահաբար ասել, որ հայաստանցի երգչուհին կամ երգիչը անպայման կհաղթի այդ մրցույթում եւ երազների մեջ ընկնել, թե, ուրեմն, 2005-ի «Eurovision»-ը անց է կացվելու Հայաստանում եւ մեր երկրին կհատկացվի 7 միլիոն դոլար, կգան հազարավոր զբոսաշրջիկներ եւ այլն: «Eurovision»-ը զուտ ստեղծագործական մրցույթ չէ՝ այստեղ կարեւորը ոչ այնքան կատարողի կամ երգի որակն է, որքան դրանց կոմերցիոն հաջողությունը՝ վաճառված ձայնասկավառակների քանակը: Հիշեցնենք, հայաստանցի երգիչ-երգչուհիները ձայնասկավառակների միլիոնավոր «տպաքանակներ» չունեն՝ ոչ թե այն պատճառով, որ տաղանդավոր չեն, այլ՝ որովհետեւ առայժմ չեն կարողացել նվաճել այդ շուկան: «Eurovision»-ի առանձնահատկությունները պարզորոշ երեւում են ռուսաստանյան մասնակիցների օրինակով: Ի՞նչ է, Ռիգայում Ռուսաստանը ներկայացրած եւ, ի դեպ, 2-րդ տեղը գրաված «Տատուն» զուտ երաժշտական տեսակետից այդ երկրի ամենանշանավոր խո՞ւմբն է: Կամ, 1995-ին 17-րդ տեղը զբաղեցրած Ֆիլիպ Կիրկորովը եւ 1997-ին 15-րդը դարձած Ալլա Պուգաչովան պակա՞ս տաղանդավոր են, քան 2000-ին երկրորդ հորիզոնականը նվաճած Ալսուն: Պարզապես կոմերցիոն հաջողությունն՝ ընդհանրապես եւ «Eurovision» մրցույթը՝ մասնավորապես, պահանջում են ստանդարտ, անհատականությունը «սվաղող» մի ընդհանուր ոճ՝ 1-ին, 4-րդ, 5-րդից առանձնապես չշեղվող հարմոնիաներով, անդեմ գործիքավորմամբ, «տուն-կրկներգ» պարզունակ կառուցվածքով: Իսկ Ռիգայում հաղթող ճանաչվեց թուրք երգչուհի Սեթրաբ Էրները, որը նույնիսկ մնացած մասնակիցների ֆոնի վրա աչքի չէր ընկնում ոչ ձայնային, ոչ էլ երաժշտական բարձր ունակություններով: /Գրում եմ դա զուտ մասնագիտական, ոչ թե ազգային-ազատագրական զգացմունքներից ելնելով/: Փոխարենը Սեթրաբի վերջին ձայնասկավառակը թողարկվել է 4 միլիոն «տպաքանակով»: Պարզ է, որ բուն Թուրքիայում այդպիսի շուկա չկա, եւ նրա երգը հավանում են եվրոպական կամ գուցե ասիական երկրներում: Ռիգայում Սեթրաբը երգում էր անգլերեն, բայց արեւելյան թեթեւակի ելեւէջներով: Մի խոսքով, այստեղ էլ են գործում եվրոպական բավականին կարծր կաղապարներ, որոնք տվյալ դեպքում չի կարելի միանշանակ դրական երեւույթ համարել: Բայց մրցել այդ դաշտում մենք՝ հայաստանցիներս, պարտավոր ենք: Մրցել համառորեն, տարեցտարի, առանց նախօրոք հրճվելու, բայց նաեւ՝ առանց հուսահատվելու: Մանավանդ որ, հաջորդ «Eurovision»-ը տեղի է ունենալու այս տարի հաղթած երկրում՝ Թուրքիայում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել