Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ «27»-Ի ԳՈՐԾՈՒՄ

Հուլիս 31,2003 00:00

ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ «27»-Ի ԳՈՐԾՈՒՄ Հարցազրույց փաստաբան Աշոտ Սարգսյանի հետ «27»-ի գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է հատուկ սցենարով՝ 129 դատակոչված վկաների ցանկը կրճատվել է անհասկանալի (կամ գուցե շատ էլ հասկանալի) տրամաբանությամբ, ու դատարանում հարցաքննվում են այն 12 վկաները, որոնց մասին մեր թերթը գրել էր դեռեւս հուլիսի կեսերին։ Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանի հետ հարցազրույցում քննել ենք վկաներին եւ մի քանի միջնորդությունների վերաբերյալ հարցեր։ – Պրն Սարգսյան, վկաների ցուցակի կրճատմանը ինչպե՞ս եք վերաբերում եւ արդյո՞ք դուք նախապես տեղեկացված եք եղել այդ մասին։ – Ճիշտն ասած, առաջին օրերի խոսակցությունները՝ վկաների ցուցակը կրճատելու մասին, ինձ անհեթեթ թվացին։ Սակայն այսօր ակնհայտ է, որ, իրոք, դատարանի դահլիճում հարցաքննվում են հենց նույն 12-ը։ Ամենահետաքրքիրն ու վտանգավորն այն է, որ այսօր դատարանում վկաները հարցաքննվում են ոչ թե հատորով, ցուցակով, ոչ թե որոշմամբ, այլ՝ մի անհասկանալի եւ վտանգավոր տրամաբանությամբ։ Այսօր հարցաքննվող վկաների մասին տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչներն իմանում են դատարանում։ Պարզ չէ, թե ո՞վ է որոշումներ կայացնում, թե՝ թեկուզ, այդ 12-ից ով երբ է հարցաքննվելու, ի վերջո, փաստաբանները պետք է նախօրոք տեղեկացված լինեն, թե որ վկան է հարցաքննվելու, որպեսզի հարցերի շարքը պատրաստեն։ Վկաները դատարան են հրավիրվում ոչ թե ըստ այբբենական կարգի, ոչ թե ըստ իմաստի, ոչ թե ըստ հատորների։ Ի վերջո, ո՞վ է կազմել այդ ցուցակը եւ ո՞վ է որոշել, որ պիտի հենց սրանք հարցաքննվեն։ Այստեղ արդեն լուրջ մտահոգություն է առաջանում, որ այս ամենը ծրագրավորված է Գլխավոր դատախազության կողմից եւ, իրոք, այս 12 վկաների հարցաքննությունից հետո մեղադրողները պատրաստվում են միջնորդություն անել եւ դադարեցնել վկաների հարցաքննությունը։ Բայց ի՞նչ հիմքերով են մեղադրողները նման պնդում անելու, երբ հարցաքննված թեկուզ 12 անձանցից հետո անհրաժեշտություն է առաջանալու նոր մարդկանց հարցաքննել։ Օրինակ՝ հնարավոր չի Նաիրի Բադալյանի վերաբերյալ որոշում կայացնել առանց Վիկտորյա Աբրահամյանի հարցաքննության։ Հնարավոր չի Միշա Մանուչարյանի ցուցմունքներին գնահատական տալ՝ առանց Անդրանիկ Դարբինյանի առերեսման։ Հնարավոր չի այսօր հարցաքննվող Արկադի Զաքարյանի (Վազգեն Սարգսյանի թիկնապահն է.- Մ. Ե.) հարցաքննությունից հետո չհարցաքննել նրա հետ գտնված երկու թիկնապահներին եւս։ Քրեական գործը շաղկապված է, անջատելը կլինի արհեստական եւ ի վնաս այդ գործի։ – Սակայն դուք տուժողի շահերի ներկայացուցիչն եք, մտադիր չե՞ք պարզաբանում պահանջել ե՛ւ վկաների կրճատման մասով, ե՛ւ մի շարք այլ հարցերի հետ կապված։ – Իհարկե, դա լինելու է, մենք սպասում ենք այս փուլն ավարտվի, եւ անպայման իմ կողմից միջնորդություն կարվի հարցաքննել նաեւ չդատակոչված անձանց, օրինակ՝ Հրայր Թովմասյանին եւ Վարդան Պողոսյանին։ Առայժմ սահմանափակվենք այսքանով։ – Պրն Սարգսյան, ձեր կարծիքով, ի՞նչ նպատակով մեղադրողների թիվն ավելացավ եւս մեկով, ի՞նչ խնդիր է լուծելու Կորյուն Փիլոյանը։ – Չեմ կարողանում հասկանալ, թե ինչով չէին բավարարում չորս մեղադրողները, եւ անընդհատ կրկնել եմ, որ չորս մեղադրողներն էլ են շատ։ Իսկ դատավարության շարունակ ձգձգման պատճառ էր դառնում նաեւ այն, որ այդքան շատ մեղադրող է մասնակցում, հարցաքննությունները երկարում են։ Այստեղ պարադոքս եմ տեսնում՝ մեղադրող կողմն ավելացել է մեկով, որպեսզի կրճատվի դատավարությունը։ Եվ իրենք էլ ասում են, որ շահագրգռված են ողջամիտ ժամկետում ավարտել դատաքննությունը։ Այստեղ հինգերորդի առաքելությունը բոլորի համար էլ պարզ է։ – Պրն Սարգսյան, դուք Նաիրի Բադալյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն արեցիք։ Հիմնավորումը որքանո՞վ էր կոնկրետ։ – Հիմնավորումը հետեւյալն էր՝ Նաիրի Բադալյանի ցուցմունքները հակասում են քրեական գործին, Նաիրի Բադալյանն ունեցել է դերակատարություն, դա իմ կարծիքն է։ Ներկայացնեմ մի դրվագ. բոլոր ամբաստանյալները, այդ թվում նաեւ Նաիրի Հունանյանը, պնդում են, որ Նաիրի Բադալյանին հանդիպել են ԱԺ անցագրային բյուրոյից վերեւ։ Նաիրի Բադալյանը պնդում է, որ հանդիպել է անցագրային բյուրոյում։ Առաջին հայացքից սա աննշան թվացող երեւույթ է, բայց քրեական գործին ծանոթ մարդիկ, խորապես ուսումնասիրողները լավ գիտեն, թե դա ի՞նչ է նշանակում։ Այսինքն՝ եթե Նաիրի Բադալյանը Հունանյանին հանդիպել է անցագրային բյուրոյում, ինչպես ինքն է պնդում, ստացվում է, որ Հունանյանն արդեն մտել էր անցագրային բյուրո, անցաթուղթ վերցնելու, առանց Նաիրի Բադալյանին տեսնելու։ Սակայն, քրգործի տվյալներով՝ Նաիրի Բադալյանը հանդիպել է Նաիրի Հունանյանին մինչեւ անցագրային բյուրո մտնելը եւ նրա կողմից այս դրվագը ճիշտ չներկայացնելը բերում է մի եզրակացության՝ որ Նաիրի Հունանյանը հանդիպել է Ն. Բադալյանին անցագրային բյուրոյից դուրս, նրանից հրահանգ է ստացել՝ մտնել-վերցնել անցագրերը եւ բարձրանալ վերեւ։ Այ, սա է հիմնական տարբերությունը։ Հարցաքննության ընթացքում ինձ թվում էր Ն. Բադալյանը կարող էր որոշ պարզեցում մտցնել իր նախաքննական ցուցմունքների մեջ, բայց նա այնպիսի ցուցմունքներ տվեց, որ եթե ես Ն. Բադալյանի դերակատարության մասին որոշ կասկածներ ունեի, դրանք հաստատվեցին, եւ ես չէի կարող չմիջնորդել, որպեսզի հետագայում դատարանն անդրադառնա Նաիրի Բադալյանին քրեական պատասխանատվության ենթարկելուն, կամ՝ վերացնի Նաիրի Բադալյանի նկատմամբ գործը կարճելու մասին որոշումը։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել