Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը բոլորովին էլ աչքից հեռու տեղ չէ

Օգոստոս 01,2003 00:00

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը բոլորովին էլ աչքից հեռու տեղ չէ «Առավոտ» թերթի հուլիսի 30-ի «Աչքից հեռու, թաքուն տեղ» հաղորդագրության մեջ ասված էր, թե իբր նախապես հայտնի են համալսարանի անվճար համակարգ ընդունվող դիմորդների անունները. տպագրված էր 11 անձից բաղկացած մի ցուցակ։ Սկզբում հանդիպեցի դիմորդների ծնողներին, որոնց զայրույթը դժվար թե կարողանամ թղթին հանձնել։ Նրանցից մեկը նույնիսկ հեգնեց, ասելով, որ այդ «ահազանգի» հեղինակը երեւի այնքան թաքուն տեղից է հաղորդել, որ չի կարողացել դիմորդների անունները ներկայացնել առանց աղավաղումների։ Հետագայում պարզեցի, որ, բացի աղավաղումները, կա նաեւ տպագրված ազգանուն (Եդիգարյան), որը չի կրում ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի որեւէ դիմորդ։ Իսկ եթե ենթադրենք, որ նկատի են ունեցել Եղիազարյան ազգանունով դիմորդին, ապա նա դիմել է վճարովի համակարգ ընդունվելու համար, բայց այլեւս դա էլ է անհնար, քանի որ մաթեմատիկա առարկայից անբավարար է ստացել։ Խուդոյան Արշակ դիմորդ նույնպես չկա, կա Խոջոյան Արշակ, որը միակողմանի ծնողազուրկ է։ Նրա մայրը հայոց լեզվի ուսուցչուհի է, անձամբ է պարապել տղայի հետ եւ շատ դժգոհ է հայոց լեզվի գրավոր քննությունից ստացած 18 միավորից, առավել եւս՝ մաթեմատիկա առարկայից ստացած 14 միավորից։ Միակողմանի ծնողազուրկ է նաեւ Բեգլարյան Արթուրը։ Հայոց լեզվից ստացել է 17 միավոր եւ չի գոհացրել հորաքրոջը, որի խնամքի տակ էլ հիմնականում գտնվում է։ Ղասաբօղլյան ազգանունով դիմորդը ոչ Կարեն է, ոչ էլ՝ Կառլեն։ Նրա անունը Զավեն է եւ Երեւանից հատուկ չի բերվել, թեեւ այդ դեպքում էլ դատապարտելի ոչինչ չեմ տեսնում։ Արդեն 3-4 տարի է նրանց ընտանիքը ոչ թե Երեւանից, այլ Սեւանից տեղափոխվել է ու բնակվում է Իջեւանում։ Զավենը հայոց լեզվից ստացել է 16 միավոր, իսկ մաթեմատիկայից՝ 15։ Չեմ կարծում, որ նման միավորներն անվճար ընդունվելու շատ ապահով երաշխիք են։ Իսկ Պառավաքար սահմանամերձ գյուղի բնակիչ Ղարաբաղցյան Կարենը, որ նույնպես ցանկի մեջ է, ստացել է ընդամենը 10 միավոր։ Հիշատակված ցանկում միայն երկու դիմորդ է, որ ստացել է 19 միավոր։ Հայոց լեզվից 19 միավոր ստացած Խաչատրյան Արմինեի հայրը վրդովված էր իր երեխայի գիտելիքները կասկածի տակ դնելու համար։ Նա պնդում էր, որ դրանք ստուգելու համար կարող են դիմել նաեւ դպրոցի ուսուցիչներին։ Այն, որ Արմինեի քույրը գերազանց սովորում է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի երկրորդ կուրսում, նույնպես շատ բան է ասում։ Ընդհանրապես, ծնողները, որ ավելի լավ են ծանոթ միմյանց երեխաներին, հայտնեցին, որ գրեթե բոլոր այդ դիմորդներն առնվազն մեկ տարի կրկնուսույցների մոտ դասընթացներ են անցել եւ կարող էին քննություն բռնել երեւանյան ցանկացած բուհում, գուցեեւ ստանալ ավելի բարձր միավորներ։ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողովն ինձ տրամադրել է տվյալներ վերոհիշյալ ցանկում նշված բոլոր դիմորդների վերաբերյալ։ Եվ ես կարող եմ դրանք մեկ առ մեկ ներկայացնել։ Բայց կարծում եմ, որ այսքան փաստարկներն էլ բավական են եզրակացություններ անելու համար։ Միայն ուզում եմ «Աչքից հեռու, թաքուն տեղ» հաղորդագրության հեղինակին ասել, որ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը բոլորովին էլ աչքից հեռու տեղ չէ։ Այդ հաստատությունն այնպիսի կարեւորություն ունի Տավուշի մարզի համար, որ կրթօջախի հետ կապված ցանկացած իրադարձություն, հատկապես ընդունելության քննությունները, բոլորի ուշադրության կենտրոնում են։ Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ եթե նման զավեշտական արարքներ նկատեի, առաջինը ես ինքս կգրեի դրա մասին։ Եվ ի տարբերություն իրեն, առանց վարանելու, կհայտնեի նաեւ անունս, ինչպես այդ անում եմ հիմա։ ԱՆԻ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ Տավուշի մարզպետարանի լրատվության բաժնի վարիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել