Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶՈՒՆԱԿ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սեպտեմբեր 02,2003 00:00

ՊԱՐԶՈՒՆԱԿ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ Ե՛վ «Արդարություն» դաշինքը, ե՛ւ «Ազգային միաբանությունը» պատրաստակամ են համագործակցել միմյանց հետ՝ Սահմանադրական դատարանի որոշման մեջ պարունակվող՝ վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկն իրականացնելու համար: Սակայն նրանք տարբեր կերպ են պատկերացնում այդ նպատակին հասնելու ուղիները. «Արդարության» ընտրած գործելակերպը բխում է ՍԴ առաջարկից, ըստ այդմ՝ պիտի փոփոխություններ արվեն «Հանրաքվեի մասին» օրենքում: Իսկ «Ազգային միաբանությունը» նախընտրում է հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքը: Ըստ «ԱՄ» խմբակցության անդամ Աղասի Արշակյանի՝ օրենսդրական փոփոխություններով խնդրի լուծմանը հետամուտ լինելը «պարզունակ մոտեցում է: Քանի որ եթե որեւէ մեկը մտածում է, թե ընդդիմությունն այս խորհրդարանում որեւէ փոփոխություն կկարողանա անցկացնել՝ իրոք միամիտ է: Մենք գնալու ենք ա՛յլ ճանապարհով: Մենք 1,5 մլն ընտրողներից 1 մլն ստորագրություն ենք հավաքելու՝ նրանց անձնական բոլոր տվյալները նշելով մի փաստաթղթի տակ, որով կպահանջվի անցկացնել հանրաքվե»: Մեր համոզմամբ՝ նման ստորագրահավաքն էլ է ոչ պակաս դատապարտված նախաձեռնություն: Թե ինչ նշանակություն կարող է ունենալ այն՝ լավագույնս գիտի ինքը՝ Աղասի Արշակյանը, որ Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցության պահանջով ստորագրահավաքի նախաձեռնողներից մեկն էր: Սակայն հավաքված ստորագրությունները չունեցան իրավական որեւէ հետեւանք: Այժմ էլ նույն «գետը» երկրորդ անգամ փորձում են մտնել վստահության հանրաքվեի՞ համար: Այն դիտարկմանը, թե նման ստորագրահավաքը իրավական որեւէ արժեք չունի՝ Աղասի Արշակյանն այսպես արձագանքեց. «Իրավական արժեքներով այս խնդիրը հնարավոր չէ լուծել, քանի որ 1995-ին կեղծիքով ընդունված Սահմանադրությամբ՝ ժողովրդից խլված է հանրաքվե նախաձեռնելու նրա բնական իրավունքը: Բայց եթե մենք ստեղծենք համատարած համաժողովրդական ալիք եւ ընտրական իրավունք ունեցող ամեն 3 մարդուց 2-ն իրենց ստորագրությունները դնեն այդ փաստաթղթի տակ՝ աշխարհը կտեսնի, որ կա՛ այդ փաստաթուղթը, որ ժողովուրդը պահանջո՛ւմ է եւ իշխանությունը զավթված է մի խումբ մարդկանց կողմից: Հետո ժողովուրդն իրեն կվերապահի սահմանադրական եւ ոչ սահմանադրական ցանկացած միջոցներով իրեն ազատագրելու իրավունքը: Ամբողջ խնդիրն այս է, թե չէ՝ ի՜նչ օրենք, ի՜նչ իրավունք»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել