Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյուն վրացական «ճակատում»

Սեպտեմբեր 09,2003 00:00

Պայթյուն վրացական «ճակատում» Անցած ուրբաթ Ջավախքում տեղի ունեցավ վերջին տարիներին այս տարածաշրջանում գրանցված թերեւս ամենախոշոր սադրանքը. պայթեցվեց Սամցխե-Ջավախքի երկրամասային վարչակազմի շենքը։ Պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել են շենքի պահակը եւ անվտանգության ծառայության երկու աշխատակից։ Քիչ ավելի ուշ բժիշկները ստիպված են եղել կտրել պահակի ոտքը։ Ինքը՝ տարածաշրջանում Վրաստանի նախագահի նոր ներկայացուցիչ Գելա Կվարցխելիանին չի տուժել։ Ժամային մեխանիզմով սարքավորված ռումբը պայթել է՝ շենքից նրա հեռանալուց տառացիորեն երեք րոպե հետո։ Դեպքից անմիջապես հետո շենքի անվտանգության պատասխանատուն հայտարարել է, թե կատարվածը նահանգապետի դեմ ուղղված ահաբեկչական գործողություն էր։ Բարեբախտաբար, առնվազն երեկվա դրությամբ Վրաստանի պաշտոնական շրջանակներից ստացված արձագանքներում այսպես կոչված, «հայկական հետքի» մասին հիշատակումներ չեն եղել։ Գելա Կվարցխելիանին, որն, ի դեպ, բոլորովին վերջերս է նշանակվել հիշյալ տարածաշրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ, այդ պաշտոնում փոխարինելով Թեյմուրազ Մոսիաշվիլուն, դեպքից մեկ ժամ անց, հանդես գալով տեղական հեռուստատեսությամբ, կատարվածի համար մեղադրել է «կլանային տարրերին եւ այն պաշտոնյաներին, ովքեր կարճ ժամանակ առաջ ղեկավարել են շրջան»։ Ձեռնպահ մնալով անուններ տալուց, վերջինս ավելացրել է նաեւ, թե իրեն հայտնի են ահաբեկչության կազմակերպիչները։ Քիչ ավելի ուշ Կվարցխելիանին հայտարարել է, թե պայթյունի ետեւում կանգնած են մի քանի քաղաքական ուժեր։ Ինչպես եւ կարելի էր սպասել, դեպքին ավելի նրբանկատ կերպով է արձագանքել նախագահ Շեւարդնաձեն։ Նա նշել է, թե այդ գործողության մեջ քաղաքական շարժառիթներ չի տեսնում եւ «առայժմ» հակված է մտածել քրեական հետքի մասին։ Շեւարդնաձեն երկրի ուժային կառույցներին խստորեն հրահանգել է գտնել եւ պատժել այն ուժերին, որոնք «հանդգնել են ահաբեկչություն իրականացնել Վրաստանում»։ Մանրամասնելով իր գնահատականները, վերջինս նշել է նաեւ, թե կատարվածը, հավանաբար, տարածաշրջանում նոր նահանգապետի կողմից կոռուպցիայի դեմ մղվող «անհաշտ պայքարի» հետեւանք է։ Եվ, այնուամենայնիվ, շրջանառվում են նաեւ այլ՝ ոչ այնքան «անմեղ» գնահատականներ։ Որոշ դիտորդներ հակված են այս ահաբեկչությունը դիտել իբրեւ՝ Վրաստանում ծավալված խորհրդարանական ընտրարշավի «կոպիտ» դրսեւորումներից մեկը։ Հայտնի է, որ Գելա Կվարցխելիանին հանդիսանում է իշխանամետ նախընտրական դաշինքի ամենաակտիվ առաջնորդներից մեկը։ Փորձագետները չեն բացառում, որ վերջինս դաշինքի քաղաքական հակառակորդների կողմից կարող է ընտրված լինել իբրեւ թիրախ։ Ինչեւէ, ակնհայտ է, որ անկախ այս գործողությունը մտահղացողների եւ իրագործողների նպատակներից, Սամցխե-Ջավախքի վարչակազմի շենքի պայթեցումը ցանկացած պարագայում անդրադառնալու է հայ-վրացական հարաբերությունների վրա, հաշվի առնելով, որ այդ հարաբերություններում Ջավախքը եղել եւ մնում է «ամենափափուկ» բաղադրիչներից մեկը։ Ընդ որում, չի բացառվում, որ դեռեւս անհայտ ահաբեկիչները հրաշալիորեն հաշվարկել եւ օգտագործել են հատկապես այդ հանգամանքը։ Հանաք բան չէ, երբ Հայաստանի փորձառու համարվող քաղաքական գործիչներից մեկը (որն այսօր նաեւ բարձրաստիճան պետական այր է- խմբ.) հետեւողականորեն զարգացնում է Վրաստանի հետ «ճակատ» ունենալու թեզը։ Մի՞թե դա գտածո չէ վերոհիշյալ ահաբեկչության հեղինակների համար։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել