Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չենք վերցրել, սահմանազատումն արդեն իրողություն է»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 22,2024 18:40

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե սահմանազատման գործընթացը շարունակվելո՞ւ է։

«Այն արձանագրությունը, որը ստորագրվել է,  արդեն իրողություն է, պայմանավորվածություն է եւ անկյունաքար։ Եվ այդ պայմանավորվածությունը չի կարող առաջ չգնալ։ Կարող է դանդաղ գնալ առաջ, կարող է մի քիչ արագ գնալ առաջ, տեմպերը տարբեր կարող են լինել, բայց այդ պրոցեսը պետք է գնա, որովհետեւ երկու պետություն արդեն ստորագրել են, որ պետք է գնա առաջ։

Եվ մենք չենք կարող անլրջացնել մեր ստորագրությունը։ Սա էլ է ինքնիշխանության հարց, որ ի հեճուկս բոլոր բարդությունների, մենք ճիշտ ձեւով, ճիշտ ժամանակին իրականացնենք այն, ինչ պարտավորվել ենք անել որպես պետություն։ Դա ինքնիշխանության շատ կարեւոր ատրիբուտ է, երբ դու այնքան քաղաքական կամք ունես, որ դնում ես քո ստորագրությունը, նաեւ ի հեճուկս բոլորն դժվարությունների գնում եւ իրագործում ես քո ստանձնած պարտավորությունը։ Եվ դիմացինն էլ իրագործում է իր ստանձնած պարտավորությունը, բայց այդ պարտավորությունը դու ուրիշի առաջ չէ, որ ստանձնել ես, այլ քո պետական շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունն ուժեղացնելու նպատակով։ Եվ մենք գնալու ենք այս ճանապարհով, ես գիտեմ, որն հոռետեսությունը շատ մեծ է, բայց այդ հոռետեսության հետ էլ մենք պետք է աշխատենք»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն իր հետ խորհրդարան էր բերել այն քարտեզը, որով, նրա խոսքով, իրականացվում են սահմանազատման աշխատանքները։ Նա ասաց, որ այսուհետ թափանցիկ են աշխատելու, բոլոր քարտեզները երեւալու են, որպեսզի գործընթացը քաղաքացիների համար պարզ լինի։ «Ապացուցված է այս քարտեզի իրավական հիմնավորվածությունը։ Այս քարտեզն ապացույցն է, որ ՀՀ ինքնիշխան տարածքից մեկ մմ չի զիջվում որեւէ մեկին։ Այդ էլ ասենք՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չենք էլ վերցրել, հենց այստեղ է բանավեճը։ Այդ խոսույթի մի մասն այն մասին է, որ մենք պետք է գնանք վերցնենք, մենք էլ ասում ենք՝ չէ։ Երբ մենք ճանապարհը բացում ենք մեր վերցնելու համար, նույն կերպ ճանապարհը բացում ենք ուրիշների վերցնելու համար։ Մենք մեր տարածքից ոչ մի մմ չենք զիջել, բայց ուրիշի տարածքից ոչ մի մմ չենք վերցրել եւ չենք էլ ուզում»,- ասաց Փաշինյանը։

Հարցին, թե արդյոք սահմանազատումն անվտանգության երաշխիք է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես ուզում եմ ուղիղ ասել՝ այո։ Ավելի լավ երաշխիք ուղղակի գոյություն չունի։ Այլ բան, որ մենք սահմանազատումը պետք է ամբողջացնենք։ Այո, սահմանազատումն անվտանգության երաշխիք է, անկախության, ինքնիշխանության, պետականության երաշխիք է, որովհետեւ չի կարող լինել պետություն առանց կոնկրետ տարածքի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031