Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը». Փաշինյան

Մայիս 22,2024 18:30

«Բելառուսի նախագահն ասել է այն, ինչ ես 4 տարի փորձում եմ ասել ՀՀ-ին, բայց հասկանալիորեն ուղիղ չեմ կարողանում ասել»,- հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ նրան ՔՊ պատգամավոր Լիլիթ Մինասյանը հորդորեց մեկնաբանել օրերս տեղի ունեցած Ալիեւ-Լուկաշենկո հանդիպման ժամանակ Լուկաշենկոյի խոսքը, թե՝ «պատերազմից հետո կսկսվի ամենածանր շրջանը, երբ հարկ կլինի վերակենդանացնել ձեր ազատագրած հողերը, հիմա եկել է այդ դժվարին ժամանակը, երբ անհրաժեշտ է վերակենդանացնել այդ հողերը, վերադարձնել մարդկանց, հաղթեցինք, հաղթանակը պահեցինք, հիմա պետք է վերակենդանացնել»:

Փաշինյանը որոշեց արդեն ուղիղ ասել այն, ինչ իր ասելով՝ 4 տարի այլաբանորեն փորձում է հասկացնել. «2020-ի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները: Ես ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը: Այդ երկրները հնարավոր է փորձել են իմիտացիա ստեղծել, թե մեզ ուզում են օգնել, կամ իբր մեզ օգնել են: Բայց այդ պատերազմը նույնիսկ ԼՂ-ի մասին չի եղել: ԼՂ հարցը իրենք իրենց մեջ վաղուց փակել են, դա եղել է ՀՀ-ի չակնկալիքների մասին:

Այդ պատերազմի նպատակը եղել է ՀՀ անկախ պետության չգոյությունը: Ընդ որում, պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ու դրանից հետո այդ չակնկալիքը չի արդարացել, հետո փորձել են 2021-ի մայիսին, երբ որ լուծարված էր ԱԺ-ն եւ կառավարությունը հրաժարական էր տվել, էլի չի ստացվել: Հետո փորձել են 2022-ի սեպտեմբերին, հետո փորձել են 2023-ի սեպտեմբերին, մարդկանց սոցցանցերում կոչ էին անում, որ ընտրված կառավարության դեմ գնան եւ այլն, էլի չի ստացվել: Մի հատ էլ փորձեցին 2024-ի մայիսի 9-ին, էլի չստացվեց ու էլի չի ստացվելու: Այդ թվում այդքան քննադատված սահմանազատման այս պրոցեսի շնորհիվ որովհետեւ սահմանազատման այդ գործընթացով մենք շատերին զրկել ենք հնարավորությունից 2024-ի մայիսի 9-ին զուգահեռ սահմանային բախումներ հրահրելուց, հասկանո՞ւմ եք: Տեղի ունեցողը համարում եմ անկյունաքարային, շրջադարձային ՀՀ պատմության համար: 1-2 տարի կարողացանք այս պետությունը պահենք, առաջիկա 50-100 տարվա համար պետության գոյությունը երաշխավորում ենք: Մենք այսօր այս սահմանազատման գործընթացով այդ խնդրի 60%-ը լուծել ենք: Այս աղմուկը դրա համար է»:

Նա հայտարարեց, որ այսօր Ոսկեպարում, Կիրանցում, Բերքաբերում մեր պետության անկյունաքարերն են շարում, որի վրա պետք է կառուցվի պետություն, անվտանգություն, ազատություն, երջանկություն. «Այո, Լուկաշենկոն ճիշտ է ասել, ստեղս հասավ, մինչեւ կարողացա հասնել նրան, որ ինքը դա ասի հրապարակային»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Լսիր, կարո՞ղ է քեզ թվում է, թե դեռ թերթի խմբագիր ես աշխատում կամ էլ լրագրող և քո գործը ժողովրդին ինֆորմացիա տալն է ու սենսացիոն հայտարարություններ անելը: Դու նշանակվել ես վարչապետի պաշտոնին Լուկաշենկոյի նմանների դավադրությունը մեր նկատմամբ թույլ չտալու համար, ոչ թե վերջում նրանցից բամբասելու կամ դժգոհելու համար: Չես կարողացել ճիշտ հարաբերվել քո դաշնակցի հետ, նա էլ իր շահերից ելնելով անցել է թշնամուդ կողմը՝ սկզբում կիսագաղտնի ձևով, իսկ հիմա էլ բացահայտ կերպով է այդ մասին արտահայտվում: Իսկ քո այս մանկամիտ հայտարարությունից հետո Լուկաշենկոն Հայաստանի նկատմամբ իրեն պարզապես ավելի լկտի կպահի: Կամ դու դիվանագիտությունից և արտաքին հարաբերություններից զրոյական գիտելիքներ ունես, կամ էլ դիտավորյալ ես մեր հարաբերությունները հերթով փչացնում բոլոր պետությունների հետ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031