Լրահոս
Օրվա լրահոսը

Վարակը չի հեռանում

Սեպտեմբեր 09,2003 00:00

Վարակը չի հեռանում Գյումրիում չկա՞ պատվաստանյութ, բժիշկնե՞րն են վատ աշխատում, թե՞ ծնողներն են զլանում Չնայած պաշտոնական տվյալները հիվանդների քանակի նվազման մասին են խոսում (364 դեպք այս տարվա ընթացքում, 643՝ անցած տարի), այնուամենայնիվ, հիվանդությունները չեն վերանում: Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանի կարծիքով՝ միայն Եհովայի վկաների երեխաները բավական են վարակը տարածելու համար, քանի որ ոչ մի պատվաստում չեն ընդունում: Պատվաստում ընդունողներն էլ իրենց հերթին են դժգոհում. պատվաստանյութ, հատկապես մոնովակցինա ոչ բոլորին է հասնում: Կարմիր խաչի պոլիկլինիկայի մանկական բաժնի վարիչ Գրետա Ավետիսյանի հավաստմամբ էլ, 6 դպրոց ու 4 մանկապարտեզ ունեցող մեծ թաղամասին հատկացված 350 դոզան, պարզ է, որ բոլորին չի բավարարելու: «1993թ.-ից Գյումրիում երեխաների պատվաստում ընդհանրապես չի կատարվել, եւ եթե այսօր կարմրուկ, կարմրաթափ եւ խոզուկ եռավակցինան 1 եւ 6 տարեկանների խնդիրը լուծում է , ապա մոնովակցինան դեֆիցիտ է. այն նախատեսել ենք հատուկենտ դպրոցականների, հատկապես տղա երեխաների համար»,-հայտնեց գլխավոր մանկաբույժը: Իսկ Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնի հանրային առողջության բաժնի վարիչ Զեմֆիրա Աբգարյանը ճիշտ հակառակն է պնդում. «Քանակի պրոբլեմ չկա, բոլոր պոլիկլինիկաներն այս պահին ապահովված են մոնովակցինայով, ազգային ծրագրի շրջանակում ստացել ենք 2300 դոզա: Ի դեպ, ոչ մի պատվաստանյութ էլ չի ապահովում չհիվանդանալու երաշխիքը: Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ պատվաստված երեխաներն էլ են հիվանդացել, ճիշտ է՝ համեմատաբար թեթեւ»: Ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժշկուհի Կարինե Տոնոյանը վերջին շրջանում հատկապես տղաների մոտ բարդությունների՝ ենթաստամոքսային գեղձի բորբոքման, մենինգիտի եւ օրխիդի դեպքերի մասին վկայեց: «Ինֆեկցիոն հիվանդանոցը վերջին հանգրվանն է, այստեղ գալիս են ծայրահեղ վատ վիճակում գտնվողները, մեր քաղաքում գերադասում են խորհուրդ վերցնել ավտոբուսի մեջ նստած անծանոթ տատիկից, բայց բժշկի չդիմել»,- դժգոհեց բժշկուհին: Ներկա պահին տնային պայմաններում բուժվողների թիվն, իրոք, քիչ չէ: Այս փաստը հաստատեցին նաեւ բժիշկները: Բայց ծնողներն էլ դժգոհում են, որ բուժաշխատողները հիվանդությունը չեն հայտնաբերում. բակային այցեր չեն կազմակերպում: Վարդան Ուռուտյանը իմունիզացիայի ծրագիրը կատարյալ է համարում ու խնդիրը մանկաբույժ-ծնող փոխհարաբերության մեջ է տեսնում. «Պատվաստանյութի ստացումը, բաշխումը, հսկողությունը կատարվում է հարյուր տոկոսին մոտ, հասել ենք այդ մակարդակին, սակայն ծնող-մանկաբույժ-բուժքույր կոնտակտը կարծես լավ չի ստացվում»: Մանկական բուժքույրերն էլ իրենց հերթին 5000-6000 դրամ աշխատավարձից են դժգոհում: Նրանց խոսքերով, գումարը չի շահագրգռում ամեն օր տնետուն ընկնելու, հարցուփորձ անելու համար: Իսկ պրն Ուռուտյանն ակնարկում է. «Մենք բազմաթիվ շշուկներ ենք լսում, որ Ֆրանսիայից, Ամերիկայից հումանիտար ճանապարհներով հանրապետություն բերված ու մեր կողմից Գյումրի առաքված պատվաստանյութը հանկարծ որոշ տեղերում վճարովի է դառնում, սա մտահոգության լուրջ տեղիք է տալիս»: Մանկաբույժները դժգոհում են քանակից, տնօրենը՝ մանկաբույժների ոչ ակտիվ աշխատանքից, իսկ գյումրեցիներն էլ՝ սեփական քաղաքում վարակի գրանցվելու փաստից: Իսկ խոզուկն այս պայմաններում լավ է զգում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Գյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել