Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԻՄԻ ԴՈՒ ՏԵՍ

Սեպտեմբեր 09,2003 00:00

ԴԵ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԻՄԻ ԴՈՒ ՏԵՍ Ընդդիմադիր պատգամավորը հանդես եկավ պոպուլիստական առաջարկություններով, որոնք բխում էին կառավարության ծրագրից եւ իշխող կոալիցիայի նախընտրական խոստումներից Ընդդիմություն-կոալիցիա «համագործակցությունը» ԱԺ տանիքի տակ երեկ առաջին ծիլերը տվեց։ Թեպետ այն ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը որակեց որպես «առաջին թյուրըմբռնում» եւ առաջարկեց՝ դրանից ելնելով «լուրջ հետեւություն չանել համագործակցության հետ կապված»։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական երկու նախաձեռնություններ՝ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ սոցիալական ոլորտում որոշ պետական ծախսերի վերաբերյալ, բացասական եզրակացությամբ մերժվել էին։ Վիկտոր Դալլաքյանը երեկ առաջարկեց վերջնական որոշման իրավունքը թողնել խորհրդարանին։ Քվեարկության արդյունքում հարցերը կրկին մերժում ստացան, սակայն հետաքրքիրն այն էր, որ կրթությանը վերաբերող հարցին կողմ քվեարկեց 39 պատգամավոր, սոցիալականի մասով՝ 36 պատգամավոր։ Այս քվեարկության արդյունքը պետք է որ կոալիցիոն խորհրդարանին մտորելու տեղիք տա, քանի որ պարզ թվաբանական հաշվարկով ընդդիմությունը 25 ձայնից ավելին, կարծես թե, չունի։ «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հրապարակավ պաշտպանեց Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնությունները եւ դիտողություն արեց կոալիցիային, ասելով, թե խոչընդոտվում է անգամ հարցի քննարկման հնարավորությունը. «Եթե այսպիսի մթնոլորտ այսուհետ եւս տիրի, ապա «ԱՄ» խմբակցությունն ավելորդ կհամարի նման ԱԺ-ի նիստերին մասնակցելը»։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը փորձեց դրությունը մեղմացնել՝ «աշխատանքները նոր են սկսվում եւ կարծում եմ, որ առաջիկայում համաձայնություններ ավելի շատ կլինեն»։ Ավելի ուշ մենք փորձեցինք Ա. Գեղամյանից պարզել, թե իր ելույթը կարելի է դիտարկել որպես «Արդարություն» խմբակցության հետ համագործակցության առաջին քա՞յլ։ Ի պատասխան պրն Գեղամյանը «ոչ քրիստոնեաբար» կոպտեց «Առավոտի» լրագրողին։ Վիկտոր Դալլաքյանը Գեղամյանի քայլը որակեց այսպես. «Ես կարծում եմ, որ «Արդարություն»-ը եւ «ԱՄ»-ն համագործակցելու լուրջ եզրեր ունեն, այստեղ ուղղակի զգայական մոտեցումներից պետք է զերծ մնալ եւ կոնկրետ օրինագծերի, կոնկրետ հարցերի շուրջ համագործակցել։ Ես դրական եմ գնահատում Արտաշես Գեղամյանի ռեակցիան»։ Փաստորեն երեկ խորհրդարանում տեղի ունեցավ առաջին «փուչիկի» պայթյունը՝ նախընտրական շրջանում պոպուլիստական ելույթներով եւ խոստումներով աչքի ընկնող կոալիցիայի անդամները դեմ քվեարկեցին մեծ օրակարգ մտցնել հարցեր, որոնք տեղ են գտել իրենց իսկ կոալիցիոն կառավարության ծրագրում։ Ի դեպ, կառավարության 2000 թ. գործունեության ծրագրում, որը հաստատված է ԱԺ-ի կողմից, խոստում կա կենսաթոշակների եւ նպաստների կրկնապատկման մասին, ինչը տեղի չի ունեցել. «Ես լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ 2003-2007 թթ. կառավարության տված հերթական խոստումը նպաստների եւ կենսաթոշակների բարձրացման մասին, դարձյալ խաբկանք է»,- գտնում է Վիկտոր Դալլաքյանը, որն իր օրենսդրական նախաձեռնության մեջ նշել էր, թե կոնկրետ որ թվին որքան բարձրացում է սպասվում։ Ու քանի որ կոալիցիան «դեմ» քվեարկեց այս առաջարկին, ուրեմն ընդունեց, որ իրենք խաբելու են ժողովրդին, ճիշտ այնպես, ինչպես խաբել են 2000-ին»։ Խորհրդարանական ամենամեծ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ իր գլխավորած խմբակցությունը «դեմ» քվեարկեց օրակարգ մտցնել հարցեր, որոնք առկա են նաեւ կոալիցիոն կառավարության ծրագրում. «Ինձ համար անհասկանալի է ընդդիմության պահվածքը, եթե ընդդիմությունն այդքան շահագրգիռ է կառավարության ծրագիրն իրագործելու, պիտի ընդամենը հայտարարի, որ ընդդիմություն չէ»։ Եթե Սահմանադրությունն արձանագրում է, որ կրթությունը ձրի է, ուրեմն, ըստ Վ. Դալլաքյանի առաջարկի, պետք է օրենքով հաստատվի, որ դասագրքերի բաշխումը գոնե որոշակի դասարանների համար պարտադիր պետք է լինի անվճար, որպեսզի սովորելու հնարավորություն տրվի նաեւ անվճարունակներին։ Այս նախաձեռնությունը յուրովի շարունակելով, Գալուստ Սահակյանը երեւի փորձեց հումոր անել. «Ես էլ ասում եմ՝ պտի ձրի կոշիկ էլ ստանա, կոստյում էլ ստանա, այսինքն՝ խնդիրը ոչ թե դրված է, այլ՝ պարզապես քաղաքական տրյուկ է»։ Արդյո՞ք կոալիցիայի տված խոստումները եւս «քաղաքական տրյուկ» չեն։ Չէ, «տրյուկ» որպես այդպիսին չկա, ըստ Գալուստ Սահակյանի, կառավարության ծրագրում չկա նաեւ այն, թե «գրենական պիտույքները, դասագրքերը պետությունը պետք է այսպես ձրի տա։ Իհարկե, ցանկությունը շատ լավ բան է, ասեմ, որ նախորդ նստաշրջանում մենք 1-3-րդ դասարանների գրքերը ձրի ենք դարձրել, եւ Վիկտոր Դալլաքյանը պետք է որ դա իմանար»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել