Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՎՇԱՐԸ» ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑԵՂԻ ԱՆՈՒՆ Է

Դեկտեմբեր 10,2003 00:00

«ԱՎՇԱՐԸ» ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑԵՂԻ ԱՆՈՒՆ Է Գործարարներին հիշեցնում է պատմաբան Աշոտ Մելքոնյանը: Մտավորականները բողոքեցին հայոց լեզվի վիճակից: Երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի կիրառման եւ հայոց լեզվի անաղարտության պահպանման հարցերի վերաբերյալ: Հանձնաժողովը (ոչ այնքան հարթ հայերենով) փաստում է, որ «Ամենուր աղավաղված հրապարակային խոսքն անդառնալի վնաս է հասցնում մեր մատաղ սերնդի լեզվաիմացությանը, սխալն ընկալվում է որպես կատարյալ հայերեն, մանավանդ որ դպրոցում ակնհայտորեն անկում է ապրել մայրենի լեզվի դասավանդման որակը: Մաշտոցյան գիրը կամ բացակայում, կամ հազիվ է նշմարվում ցուցանակների եւ գովազդային վահանակների վրա: Սահմանված վարչական տուգանքներն այնքան չնչին են, որ չեն նպաստում խախտումների կանխարգելմանը»: Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ եթե քննարկումների ընթացքում առաջարկ լինի օտարալեզու ցուցանակների համար տուգանքը հասցնել կես միլիոն դրամի, ապա հանձնաժողովը կընդունի առաջարկը: Իսկ մինչ այդ, հանձնաժողովը դիմելու է ԱԺ՝ լեզվախախտումների համար սահմանված պատժաչափերը 5 հազարից 300 հազարի հասցնելու առաջարկով: Հանձնաժողովն անդրադառնում է նաեւ մամուլի լեզվին. «Մամուլի եւ հեռուստատեսության որոշ խոսնակներ, ձգտելով արտահայտչական բազմազանության ու ինքնատիպության, նախընտրում են հայերենին անհարիր առոգանությունն ու շեշտադրությունը»: Ավելի ուշ Լեզվի պետական տեսչության պետ Լեւոն Գալստյանը եւ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը անդրադարձան «լրագրողական համայնքին», որտեղ, ըստ նրանց, անգրագետ, մասնագիտական կրթություն չունեցող մեծամիտներ են, որոնց կարծիքով խոսակցական ցածր ոճով գրելը մատչելի է դարձնում լեզուն, եւ այդ լրագրողները անգլահաչ արագախոսության մեջ են միայն մրցակցում: Իսկ Լեւոն Անանյանի կարծիքով, հիմա փողով անգամ թերթի խմբագիր են դառնում: Այսօրվա պաշտոնյաների լեզվամտածողական մակարդակից զարմացած՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանը նկատեց, որ այսօր ամեն մեկը կարծում է, թե լեզուն իրենն է, եւ նրա հետ վարվում է այնպես, ինչպես ուզում է. «Եթե այդպես լինի, լեզուն կդառնա, ասենք, կուսակցական: Բայց եթե լեզուն կորցնում է ժողովրդականությունը, ապա կորցնում է իր նշանակությունը»: Հ. Բարսեղյանը ցավով նշում է, որ հայոց լեզուն վտանգված է, եւ հիշում, որ վերջերս իր ընկերուհու հուղարկավորության ժամանակ փողոցից փողոց անցնելով՝ մայրաքաղաքում գրեթե ոչ մի հայատառ ցուցանակ չտեսավ: Իսկ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը հռետորական հարց հնչեցրեց. «Ի՞նչ կանեին Շիրազն ու Սեւակը, եթե տեսնեին Երեւանի այսքան օտարալեզու ցուցանակները»: Նա հիշեց, որ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանին է դիմել առաջարկով՝ մասնագետներ տրամադրել՝ պատգամավորների խոսակցական լեզուն շտկելու նպատակով: Իսկ ԱԺ նախկին խոսնակը պատասխանել է՝ «Բանի հետեւից ես ընկել»: Սոս Սարգսյանը նաեւ հիշեց, որ Ստեփանավանում, մի ժանգոտ ցուցանակի վրա գրված էր «Supermarket», եւ հարց է տալիս օտարալեզու ցուցանակներով խանութների տերերին. «Արտասահմանցիները ձեր խանութների առաջ հերթ ե՞ն կանգնում, նրանց համա՞ր են այդ ցուցանակները»: Ս. Սարգսյանը դեմ է նաեւ անհաջող թարգմանություններին, օրինակ՝ ինչպես «փոշեծծիչ»-ը: Եվ միաժամանակ կոչ է անում չմոռանալ ռուսաց լեզուն, քանզի մենք շատ մեծ թվով գրականություն ունենք միայն ռուսաց լեզվով, իսկ բանակում հրահանգների մեծ մասը հնչեցվում են ռուսերենով: Գրողների միության նախագահ Անանյանը իր խոսքում նշեց, որ վերջերս եղել է Հալեպում ու Գլենդելում, եւ ավելի շատ հայատառ ցուցանակ է տեսել, քան Մաշտոցի կամ Խանջյան պողոտաներում: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանն իր խոսքում ցավով նշեց, որ փոխվում է մեր ազգի դիմագիծը: Նա հիշեց Ստամբուլ գնացող հայ կանանց, որոնք զբաղվում են մարմնավաճառությամբ եւ մի երիտասարդ բանաստեղծուհու, որը գրում է. «Ես այս երեկո ամենագեղեցիկ պոռնկուհին եմ»: Խորհրդարանական լսումների ժամանակ չանտեսվեց նաեւ ժողովրդի ոգեզրկության հաշվին գերշահույթ ստացող լոտոների եւ անգլիացի դրամատուրգ Բեռնարդ Շոուի հետ բոլորովին կապ չունեցող «Բեռնարդ շոու» հաղորդաշարի թեման: Վերջինս, չնայած իր խոսակցական ցածր ոճին կամ զազրախոսություններին, բազմաթիվ հովանավորներ ունի եւ մեծ փողեր է բերում հեռուստատեսություն: «Խրախուսողները շատ են»,- ասաց Արտեմ Սարգսյանը՝ նշելով, որ շատ հաղորդաշարեր անգամ մեկ հովանավոր չունեն: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը դիմելու է նաեւ կառավարությանը, ԿԳ նախարարությանը եւ Ազգային ժողովին՝ համապատասխան առաջարկներով, որոնք կնպաստեն հայոց լեզվի անաղարտության պահպանմանը եւ հայեցի լեզվամտածողության ամրապնդմանը: Մինչեւ անգամ՝ աջակցելու համակարգչային համացանցում հայերենի լիարժեք ներկայացման աշխատանքներին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել