Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռուստաթատրոնը վերադառնում է»

Հունվար 16,2004 00:00

«Հեռուստաթատրոնը վերադառնում է» Վստահեցնում է դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը – 1991-ից դուք թատերական ասպարեզում չեք երեւում։ Շարունակ խոսվում է, որ ամուսնացել եք ու ընդմիշտ հեռացել Հայաստանից, բնակություն հաստատելով Ավստրալիայում։ – Տարածված խոսակցությունների մեղավորը խորհրդային օրենքներն էին։ Այո, 1991-ին ամուսնացել եմ եւ երկրիցս անպայման՝ ըստ օրենքի, պետք է դուրս գայի, որը եւ արել եմ ստիպված։ Բայց հիմա հայրենիքում ենք, եւ ամուսինս Հայաստանում բնակության իրավունք ստացավ (առայժմ 10 տարի ժամանակով)։ Ամուսինս՝ Քեն Չեյթըրը սփյուռքահայ է՝ կանացի հագուստի արտադրության ողջ պրոցեսի ղեկավար։ Հետաքրքիր է, որ նա երիտասարդ տարիներից երազել է դառնալ դերասան, նույնիսկ մասնակցել կինոպրոբաների։ Արդյունքում, որպես հուշ, մնացել են միայն լուսանկարներ։ Իսկ այստեղ Քենը նկարահանվեց սկզբում սկեչներում, իսկ անցյալ տարեվերջին՝ Անահիտ Աղասարյանի սցենարով «Սիրո աստղ» ֆիլմում։ Ես այս տարիներին անընդհատ գնացել եմ ու եկել։ Իմ դեպքում, հայրենիքից ժամանակ առ ժամանակ կտրվելը ճակատագիր էր՝ պատասխանատվություն մի սուրբ բանի հանդեպ, որի անունն է ընտանիք։ Իսկ 90-ականների սկզբին այստեղ ընդհանրապես ի՞նչ կարելի էր անել։ Իհարկե՝ ոչինչ։ Միայն 94-96թթ. ստացա հրավեր ու նկարահանվեցի Վիգեն Չալդրանյանի «Տեր ողորմյա» ֆիլմում։ – Չե՞ք ափսոսում կորցրած տարիների համար։ – Եթե լինեի եսասեր, շատերի նման վայ-վույ կանեի։ Ինչ որ եղավ, դա պետք է լիներ։ 70 տարի սպանված էր մեր մեջ ամենա-ամենան՝ ազատությունը։ Հիշո՞ւմ եք, թե մեր մտավորականներից ոմանք ինչպես էին տառապում 90-ականների սկզբներին, ամենուր հնչեցնելով՝ «վայ մեր քաղաքը», «էս սեղանիկները», «չարչիություն» եւ նման սրտաճմլիկ բառեր։ Ժամանակահատված էր, ոչինչ անել չես կարող։ Հուսով եմ, ամեն ինչ, թեկուզ դանդաղորեն, բայց առաջ կգնա։ – Ինչո՞վ էիք զբաղված արտասահմանում։ – Ավստրալիայում, հավակնություն չունենալով ռեժիսոր ճանաչվելու, սիրողական թատերախմբով բեմադրել եմ Արտաշես Քալանթարյանի «Բումերանգը», Անրի Թրուայայի «Լավագույն գնորդը» եւ ֆրանսիացի մի հեղինակի «Վիճակախաղի տոմս» վոդեւիլը։ Տեղի հայկական ռադիոյով վարել եմ հաղորդաշարեր «Երկուհազարամյա հայ թատրոնը», «Հայ դերասանուհիները» խորագրերով։ – Այնուամենայնիվ, անցած տարիների ընթացքում կա՞ մի բան, որը կորցրել եք, որի համար ափսոսում եք։ – Կորցրել էի, ավելի ճիշտ, կորցրել էինք ու «գտնվեց»։ Դա 40-ամյա մեր հեռուստաթատրոնն էր։ Եթե ոչ այդտեղ, այսօրվա սերունդը որտե՞ղ տեսնի մեր մեծերին, նրանց խաղը։ Այս նպատակով տարիներ առաջ հանդիպեցի ինձ համախոհ ռեժիսոր Գոգա Խաչատրյանին ու սկսեցինք փորձ անել հեռուստաներկայացման, որը կհիշեցներ «երանելի երկուշաբթիները»։ (70-80-ականներին հայկական հեռուստատեսությունն ամեն երկուշաբթի հեռուստաթատրոն էր ցուցադրում- Ս. Դ.)։ Հանրային հեռուստատեսությամբ արդեն ցուցադրվել են Տիգրան Բալայանի «Սովորական պատմություն», Դավիթ Մուրադյանի «Մեր հին դաշնամուրը»։ Պատրաստում ենք Փարաջանովին նվիրված, Արա Երնջակյանի սցենարով նոր հեռուստաբեմադրություն։ Կարծում եմ, շատ շուտով, ինչպես այն տարիներին, հեռուստաթատրոնը կունենա հատուկ օր, ժամ ու կայուն կընթանան աշխատանքները։ Չգիտես ինչու, համոզված եմ, որ կգտնվեն հովանավորներ, որոնք կֆինանսավորեն մորս՝ թատերագետ Վարսիկ Գրիգորյանի ծավալուն գիրքը՝ նվիրված հեռուստաթատրոնի 40-ամյա պատմությանը։ – Ձեզ կտեսնե՞նք բեմում, արդեն պարբերաբար։ – Առայժմ՝ ոչ։ Այսօր Հայաստանում ունեմ մանկական թատերական խմբեր։ Նպատակս է նախքան թատրոնի այբուբենը, կրթել առաջին հերթին «մարդկային ազնիվ մոդել»։ Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել