Լրահոս
Օրվա լրահոսը

100 դոլար՝ դպրոցի «ֆոնդին»

Մայիս 25,2004 00:00

Այսօր հանրապետության դպրոցների հիմնական մասը նշում է Վերջին զանգը: Վերջին տարիներին այս միջոցառումը դպրոցներն անցկացնում են առանձնակի շուքով, եւ մի տեսակ հետին պլան է մղվել բովանդակային կողմը:

Օրինակ՝ կենտրոնի դպրոցներին այլեւս չեն բավարարում սեփական դահլիճները, եւ միջոցառումը տեղափոխվում է մշակութային այլ օջախ: Ուսուցիչներին ու տնօրեններին տրվող նվերների ու հավաքվող գումարների չափի մասին հարցում անցկացրինք մայրաքաղաքի մի քանի դպրոցներում: Արդյունքում պարզվեց, որ կենտրոնի դպրոցներում հավաքվող գումարը 100 դոլարի սահմաններում է, իսկ որքան դպրոցը ծայրամասային է, այնքան գումարի չափը փոքրանում է՝ թերեւս կախված աշակերտների ու ծնողների պահանջներից ու համեստության աստիճանից, ինչպես նաեւ ավարտական երեկոյի համար ընտրած ռեստորանի «պրիստիժնիությունից»:

Վ. Թոթովենցի անվան թիվ 57 դպրոց. Սեդա Թարջումանյան, 10-րդ դասարան.- «Ընդհանուր ծախսերի համար տարվա ընթացքում հավաքած գումարը կազմել է 25000 դրամ, 20 դոլար էլ հավաքել ենք խնջույքի համար, որը հավանաբար կանցկացնենք «Շանթ» ռեստորանում»։

Ա. Մռավյանի անվան թիվ 25 դպրոց. դասղեկ Ռ. Ա.- «Մենք ոչ մեկին վճարել չենք պարտադրում, սակայն մասնակցելը պարտադիր է։ Վճարում են՝ ով ինչքան կարող է։ Տարվա ընթացքում հավաքված գումարից անպայման հատկացվելու է ռեստորանին, իսկ թե դրա մեջ ում գումարն է շատ, թե քիչ կամ արդյոք կա, չկա՝ երեխաներին չեն տեղեկացնում։ Այդ հարցերով զբաղվում են ծնողները: Հավաքված գումարից 3000 դրամ հատկացվել է «վինետկային», 1300 դրամ՝ զանգերին»։

Ագնեսա Տեր-Պողոսյան, շրջանավարտ.- «Ընդհանուր առմամբ հավաքվել է 100 դոլար, խնջույքը կանցկացվի «Կռունկ» ռեստորանում։ Միայն ռեստորանի համար յուրաքանչյուրը հատկացրել է 20 դոլար»։

Ն. Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի Վերջին զանգը կանցկացվի Կինոյի տանը: Այստեղ դահլիճը վարձակալել են 2 ավարտական դասարանները՝ 100 դոլարով: 10ա դասարանի ծնող Նունե Մարգարյան.-«Ամբողջ տարվա ընթացքում հավաքել ենք 80 դոլար, խնջույքը անցկացնելու ենք «Մուսալեռ» ռեստորանում, որտեղ յուրաքանչյուր աթոռի համար պետք է վճարենք 12 դոլար։ Ի դեպ, ալկոհոլային խմիչք չի լինի։ Ուսուցիչներին եւ տնօրենին կնվիրեն ծաղկեփնջեր եւ փոքրիկ նվերներ»։

10բ դասարանի դասղեկ Լարիսա Սահակյան.- «Բոլոր ուսուցիչներին պետք է ծաղիկներ նվիրենք, նույնիսկ որոշել ենք փոքրիկ ուշադրության արժանացնել պահակին եւ հավաքարարին։ Հուշանվերները կլինեն 3000 դրամի սահմաններում։ Տնօրենին նվեր չենք անելու, սակայն դպրոցն ունի ֆոնդ եւ որոշել ենք այդ ֆոնդին գումար ներդնել»։ Ի դեպ, մեր տեղեկություններով, «ֆոնդին» հատկացվող գումարը կկազմի 100 դոլար՝ յուրաքանչյուր դասարանից:

Տնօրեն Գայանե Դեմիրյան.- «Ես դեռ սեպտեմբերին հանդիպեցի ծնողներին, խնդրեցի, որ շքեղություններ չանեն եւ սահմանափակ գումար հավաքեն, քանի որ միշտ էլ կան ունեւոր եւ չունեւոր երեխաներ։ Սակայն ծնողներն ըմբոստացան, ասելով, որ իրենց երեխաները մեկ անգամ են ավարտում եւ կփորձեն այդ գումարը քիչ-քիչ հավաքել, որպեսզի դժվարություններ չլինեն։ Մենք էլ չենք կարող արգելել»։

Թիվ 131 դպրոցում հավաքվող գումարի ընդհանուր թիվը չի գերազանցում 36 հազար դրամը: Ի դեպ, այստեղ տնօրենն արգելել է բեմի վրա գտնվող շրջանավարտներին ծաղկեփնջեր նվիրել, որովհետեւ դրանից հաճախ անհարմար վիճակի մեջ են ընկնում ուսուցիչները: Նույն կարգի գումար են հավաքել նաեւ Քանաքեռի թիվ 37 դպրոցի շրջանավարտները: 45 հազար դրամ կհավաքեն թիվ 148-ի տասներորդցիները եւ ավարտական երեկոն կանցկացնեն «Շանթում»:

Լ. ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել