Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՆՔ ՑՈՒՑԱՆԵԼՈՒ ՄԵՐ ԴԵՄՔԸ»

Օգոստոս 04,2004 00:00

«ՉԵՆՔ ՑՈՒՑԱՆԵԼՈՒ ՄԵՐ ԴԵՄՔԸ» Մշակութային քաղաքականություն՝ ըստ Հովիկ Հովեյանի Երեկ մշակույթի նախարարի առաջին պաշտոնական ասուլիսն էր: Պրն Հովեյանը խոստումնապահ գտնվեց. իսկապես փորձեց ներկայացնել իր բառաֆոնդը ողջ ճոխությամբ՝ 1,5 ժամ շարունակ խոսելով մշակութային քաղաքականության հիմնադրույթներից: Այս ֆոնի վրա նա փաստեց, որ մեր մշակույթը «բոբիկ է օրենքներից», երիտասարդության ու մարզերի մշակութային խնդիրները մղված են հետին պլան, հեղինակային իրավունքը Հայաստանում ոտնահարվում է Բոմարշեի ժամանակներից, որոշ թատրոններ ու կոլեկտիվներ տարածքի խնդիր ունեն եւ այլն: Պրն Հովեյանն ասաց, որ իր նշանակումից հետո որեւէ մեկը աշխատանքից չի ազատվել: Զուր է «տեխնիկական ու ռուսական կրթությամբ» նախկին մամլո քարտուղարը փորձում վարկաբեկել իրեն, իսկ պետկրկեսի նախկին տնօրեն Իոսիֆ (Սոս) Պետրոսյանը խուսափում հանդիպել՝ ինչ-ինչ հարցեր պարզաբանելու: «Աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածով արգելվում է մերձավոր ազգականներին նույն հիմնարկում պաշտոններ զբաղեցնել, մինչդեռ Սոս Պետրոսյանը կրկեսի տնօրենն էր, նրա աղջիկը՝ գլխավոր ռեժիսորը: Սոս Պետրոսյանը այդ ամենը ձեւակերպել էր փաստաթուղթ կեղծելով… Նա ինքնագլուխ իր աշխատավարձն է ավելացրել, մեքենաների աճուրդ է կայացրել, մի շարք խախտումներ թույլ տվել: Բարեբախտաբար, գլխավոր դատախազությունը նրա դեմ գործ չի հարուցել, բայց մենք մեր գերատեսչության աուդիտն ենք ստեղծել»,- «Առավոտի» հրապարակումների առնչությամբ ասաց նախարարը: Նա տեղեկացրեց, որ իր շնորհիվ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն է վերադարձել Խորեն Աբրահամյանը, այստեղ կաշխատի նաեւ Ազատ Գասպարյանը. «Իմ չխանգարելու շնորհիվ նրանք տեղավորվեցին աշխատանքի»: Մեր՝ «Ինչո՞ւ, ձեր նախորդները խանգարո՞ւմ էին դերասաններին» հարցին ի պատասխան էլ ասաց. «Չէ, իմ նախորդները չէին խանգարում, նրանք չէին կարող Խորեն Աբրահամյանի հետ խոսել այնպես, ինչպես ես խոսեցի: Նա իմ լավ բարեկամն է, ինչքան էլ վատ հոդվածներ տպի ձեր թերթերում»,-ասաց նախարարը: «Առավոտին» հետաքրքրում էր նաեւ ՀԳՄ պոլիկլինիկայի չարչրկված խնդրի վերաբերյալ նախարար դարձած ՀԳՄ երբեմնի քարտուղարի կարծիքը: «Ի՞նչ է, ուզում էիք իմ դիրքորոշումը ճչոցներո՞վ արտահայտեի, ի՞նչ է՝ պիտի գնայի հացադու՞լ անեի: Ես խուսափում եմ ամեն տեսակ պոպուլիստական արտահայտություններից: Կարծում եմ՝ որեւէ մեկը իրավունք չունի 350-400 գրողից վերցնել բուժական վերջին հույսը: Ափսոսում եմ, որ մեր դատական համակարգը էնքան էլ ձեւավորված չէ, եւ երբեմնակի սուբյեկտիվ որոշումներ են լինում»: Հարցրինք նաեւ ՀԳՄ դահլիճում ծվարած Փոսի թատրոնի մասին, որը թեեւ պետական ֆինանսավորում է ստանում, սակայն ոչ արած գործն է երեւում, ոչ ամսվա մեծ մասը Երեւանից բացակայող մարզաբնակ տնօրենը: «Այն շատ լավ, հեռանկարային թատրոն է, միայն պիտի աշխատենք նրա համար տարածք գնել: Ինչ է թե Փոսի թատրոնը չի ուզում միանալ «Մետրոյին», մեր դեմ այս թեմայով էլ են հոդվածներ գրվում թերթերում»,- բողոքեց Հ. Հովեյանը: Նա խոստացավ այսուհետեւ ցանկացած պահի հարցազրույցներ տալ բոլոր լրատվամիջոցներին. «Էլ ոչ փակ դուռ է լինելու, ոչ փակ թեմա…Ընդհանրապես ուզում եմ մշակույթի նախարարության վրայից սրբել այն երգիծախառն քողը, որ եղել է մինչ այսօր … մեր նախարարությունը լուրջ գերատեսչություն է եւ այնտեղ հիմնախնդիրներ կան, որոնք արժանի չեն սարկազմի: Մեր նպատակը չէ անընդհատ հետուստաէկրանների վրա ցուցանել մեր դեմքն ու դիմագիծը, որովհետեւ միայն նախարարին ու վարչության պետերին ներկայացնելով՝ մենք մշակույթը չենք ներկայացնում»,-ասուլիսն այս խոսքերով ամփոփեց Հովիկ Հովեյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել