Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգործներն այցելեցին «Օրրան»

Նոյեմբեր 02,2004 00:00

Բարեգործներն այցելեցին «Օրրան» «Ես երբեք փող չեմ խնդրում, մարդիկ սիրով են տալիս, իրենց սրտի կանչով, կարծես եկեղեցի են գնում»,- ասում է Արմինե Հովհաննիսյանը: Երեկ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն էին այցելել ամերիկահայեր Սյուզան Թրամփը՝ Սան Դիեգոյից եւ Վարսեն Սարգիսյանը՝ Նյու Յորքից: Նրանք թերթերում կարդալով «Օրրանի» մասին եւ ճանաչելով Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա տիկնոջը, որոշել էին նվերներով այցելել այնտեղ ապաստանած 55 երեխաներին: «Իրարու հետ շատ լավ էին եւ հիանալի էր նրանց համարձակությունը, որը գեշ չէր, այլ նուրբ ու ջերմ»,- ասաց Վարսեն Սարգիսյանը՝ «Օրրանի» ավագ խմբի երեխաների հետ ծանոթանալուց հետո: Սյուզան Թրամփը նշեց, որ ցանկանում են ճշտել իրենց դերը այս կազմակերպության համար եւ լուր տալ ուրիշներին, որպեսզի տեսնեն, թե նրանք ինչ կարող են անել այս երեխաների համար. «Մենք ԱՄՆ-ում գիտենք, որ ունենք մի Հայաստան, բայց թե ինչպես կկարողանանք օգտակար լինել՝ թերեւս չգիտենք»: «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նրանց պատմեց կազմակերպության խնդիրների, ծրագրերի մասին: «Օրրանը» բացվել է 4 տարի առաջ՝ 16 երեխաների համար, մի փոքրիկ սենյակում: Այսօր արդեն այնտեղ կա 5-17 տարեկան 55 երեխա: Գտնում ենք, որ երեխաներին չի կարելի ընտանիքից առանձնացնել եւ փորձում ենք օգնել նաեւ ծնողներին: Արդեն 4 ծնող բարձր աշխատավարձով աշխատում են մեր հովանավոր «Գաֆեսճյան» հիմնադրամի կողմից Կասկադում կառուցվող թանգարանում, մի քանիսը աշխատում է «Օրրանում»: Մեր նպատակն է երեխային կտրել փողոցից եւ հիմնականում կարեւորել ենք կանխարգելիչ աշխատանքը: Ավելի դժվար է փողոցին վարժված երեխային ետ պահելը, քան դա կանխարգելելը»: Տիկին Արմինեն կարեւորեց նաեւ նրանց դաստիարակության խնդիրը՝ ծանոթությունը իրենց մշակույթին եւ պատմությանը, ընդգրկումը տարբեր խմբակներում, արհեստներում: «Ուզում եմ, որ «Օրրանը» լինի տուն,- ասաց նա,- եւ այն ջերմությունը, որ այս երեխաները չեն ստանում իրենց տանը, ունենան այստեղ: Նրանք խոցելի արժանապատվությամբ փոքրիկ մարդիկ են, որոնք շատ զգայուն են եւ չեն ուզում կրել անապաստանի պիտակը»: Տիկին Արմինեն պատմեց նաեւ, որ փորձում է թեկուզ փողոցից գտնել երեխաներ եւ ներգրավել «Օրրանում», սակայն միշտ չէ, որ ստացվում է: Իրենց դիմում են անապահով ընտանիքները, բայց ոչ մուրացիկները, ոչ փողոցում հայտնվածները, որոնք հիմնականում ըմբոստ են կամ էլ ուղղորդվում են մեծահասակների կողմից: Նա տեղեկացրեց, որ շուտով կբացվի ատամնաբուժարան՝ արդիական սարքերով (ստացել են ԱՄՆ-ից), որը հնարավոր է ծառայի նաեւ կարիքավոր ընտանիքներին: Նախատեսվում է «Օրրանի» մասնաճյուղեր բացել նաեւ մարզերում, որտեղ այժմ հագուստ է բաժանվում դպրոցներում՝ «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության միջոցով: «Մենք բախտավոր ենք, որ մեր ընկերները, բարեկամները, հարյուրավոր մարդիկ օգնում են մեզ,- ասաց տիկին Արմինեն,- նրանք օգնում են այն երեխաներին, որոնք վերցվել են հենց աղբամանից, ոմանց նաեւ ծեծել են, ինչ-որ տեղ՝ նաեւ օգտագործել: Օգնում ենք ֆիզիկական թերություններով կամ մտավոր արատներով երեխաներին, որոնք մեզ մոտ մյուսներից չեն տարբերվում: Ընդհակառակը՝ հատուկ հոգածության են արժանանում: Ունենք շատ ցավալի, դառը օրեր ապրած երեխաներ, որոնց մայրերն են հոգեկան հիվանդությամբ տառապում եւ շնորհակալ եմ՝ մեզ օգնում են պայմաններ ստեղծել, որ այս պատերի մեջ նրանք մոռանան իրենց ցավն ու դժվարությունները»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել