Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փետրվար 18,2005 00:00

«ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ» ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե չի կիսում այն մարդկանց «մեծ լավատեսությունը», ովքեր ասում են, թե «ընդունված բանաձեւերի առումով մենք խնդիրներ չունենք»: Արդյոք ասվածի հասցեատերը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը չէ՞: – «Երկիր-online»-ին տրված հարցազրույցում Սերժ Սարգսյանը Դեյվիդ Աթկինսոնի զեկույցի առնչությամբ նշել է. «Եթե որեւէ մեկը համարում է, որ այդ զեկույցը հայանպաստ է, ապա ես դրա հետ համաձայն չեմ: Իրականում մեզ համար դա աննպաստ զեկույց էր»: Մի՞թե անգամ ՀՀԿ համամասնական ցուցակում Ձեզ նախորդող գործչին չեք կարողացել համոզել, թե Աթկինսոնի զեկույցը պարունակում է մեզ համար նպաստավոր դրույթներ: – Չեմ կարծում, թե պրն Սարգսյանի այդ խոսքերը վերաբերում են ինձ հետ համաձայնություն կամ անհամաձայնություն ունենալուն, քանի որ՝ նախ, ես երբեք չեմ օգտագործել «հայանպաստ» բառը Աթկինսոնի բանաձեւը բնութագրելիս: Երկրորդ՝ պետք է իսկապես հստակ տարբերակվեն զեկույց եւ բանաձեւ ձեւակերպումները: Եթե զեկույց ասելիս նկատի է առնվում ոչ միայն բանաձեւը, այլ նաեւ զեկուցողի նկատառումները, որոնք ԵԽԽՎ փաստաթուղթ չեն, ապա սա այլ բան է: Իսկ եթե խոսքը զուտ բանաձեւի մասին է, սա այլ խոսակցության թեմա է: Ես շատ հստակ ասել եմ իմ գնահատականները բանաձեւին՝ որ այն չի պարունակում Հայաստանի համար որեւէ աննպաստ, վտանգավոր դրույթ: Ավելի՛ն՝ կան մի քանի դրույթներ, որոնք ստեղծում են լուրջ աշխատանքի եւ Ղարաբաղի խնդրի համար մեզ համար իսկապես շատ լավ ձեւակերպումներ ապագայում ունենալու հնարավորություն: Ի դեպ, ասեմ, որ պրն Սարգսյանի հարցազրույցում նույնպես հնչում են նման գնահատականներ: Կուզենայի երկուսն առանձնացնել: Նա նշում է. «Իրոք անթույլատրելի են էթնիկական զտումները, իրոք անթույլատրելի է ագրեսիան, իրոք տարածքային ամբողջականությունն ընդունելի գաղափար է» (ՊՆ նախարարը, սակայն, հավելել էր, որ պետք է հարցնել, թե ո՞վ է սկսել էթնիկական զտումները.- Ա. Ի.): Եվ շարունակությունը. «Ուզում եմ ասել, որ հայտնի զեկույցի սկզբունքներն իրոք ճիշտ գաղափարներ են, եւ մեր խնդիրը պետք է լինի եվրոպական կառույցներին համոզել, ապացուցել, որ, այո՛, այդ գաղափարները մեզ համար ընդունելի են եւ դրանք խոսում են հօգուտ ԼՂՀ իրավունքի ու դատապարտելի են Ադրբեջանի համար, որ չի կարելի փաստերը գլխիվայր շուռ տալ»: Այս ամբողջ ձեւակերպման հետ ես լիովին համաձայն եմ, քանի որ ինքս էլ եմ բազմիցս ասել, որ, այո՛, իհարկե, անթույլատրելի են էթնիկ զտումները, ագրեսիան եւ այլն: Եվ մեր խնդիրն է հետագայում լինելու, ինչպես պրն Սարգսյանն է ասում, ցույց տալ, թե մեզ համար ընդունելի այդ սկզբունքներն ի՛նչ կիրառում են ունեցել այս ամբողջ ընթացքում, ովքե՛ր են իրականացրել էթնիկ զտումներ, ագրեսիա եւ այլն: Այնպես որ՝ այստեղ ես չեմ տեսնում որեւէ տարբերություն իմ եւ պրն Սարգսյանի տեսակետների միջեւ: – Սակայն ՊՆ նախարարը նաեւ նշել է, թե այս ամենը եւս մեկ անգամ վկայում է, որ «ունենք բացթողումներ, մենք չենք կարողացել մինչեւ այսօր համոզել եվրոպական կառույցներին, որ ընդհանուր չափանիշները, այո, ճիշտ են, ճշմարտացի են, բայց մեր պարագայում ներկայացրածի մեջ իրականությունը ոտքից-գլուխ շուռ է տրված»: Նա նաեւ անհրաժեշտ է համարել, որ ընդունենք, թե «իրազեկման բնագավառում մենք մի տեսակ պասիվ ենք եղել»: Արդյոք այս քննադատությունը որոշ չափով հասցեագրվա՞ծ չէ նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը: – Կարծում եմ՝ ո՛չ: Բոլոր ձեւակերպումները, որ կան այս հարցազրույցում՝ շատ ճշգրիտ են բանաձեւի առումով եւ լիովին համապատասխանում են այն գնահատականներին, որ տվել եմ ես բանաձեւն ընդունելուց հետո: Եվ իսկապես անկեղծորեն շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը նույն տեսակետներն ունի, ինչ ես: Իհարկե, լուրջ անելիքներ ունենք (ընդ որում, ոչ միայն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը)՝ ցույց տալու, որ մեզ համար ընդունելի այդ գաղափարների շրջանակում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը իսկապես հենց այն լուծումն է, որ միակ ընդունելին է այս իրավիճակում: Ավելի՛ն՝ այս բանաձեւը դուռ է բացում հենց այդ իրավունքը հետագայում հաստատելու համար, քանի որ այնտեղ մեկ այլ սկզբունք էլ է նշվում՝ թե ինչպես կարող է անկախանալ որեւէ երկրից տարածք: Լիովին կիսում եմ այն տեսակետները, որոնք պրն Սարգսյանն արտահայտել է նաեւ իրազեկման առնչությամբ, բայց միաժամանակ պիտի ասեմ, որ պատվիրակությունը շատ սահմանափակ հնարավորություններ ունի այս առնչությամբ: Կարծում եմ նաեւ, որ պրն Սարգսյանի խոսքը վերաբերում էր այս ամբողջ ընթացքին, իսկ պատվիրակությունը, ցավոք, ամբողջ ընթացքում չէ, որ գործել է, այլապես կարող էինք լուրջ առաջընթաց արձանագրել նաեւ իրազեկման հետ կապված: Իրազեկումն իսկապես ամենակարեւոր գործոններից մեկն է, եւ երկրի բոլոր հնարավորություններն ու կարողությունները պիտի օգտագործվեն այս ուղղությամբ: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել