Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաթափանցիկ կառույցը երկրի ընդերքո՞ւմ է

Փետրվար 24,2005 00:00

Կամ՝
ինչպե՞ս է մեկին հաջողվում երկու անգամ բուժվել պետպատվերով, մյուսին՝ չի հաջողվում
ընդհանրապես: Բրոնխիալ ասթմայով հիվանդ Արմենուհի Մելքոնյանը 2004թ. հուլիսին
առողջապահության նախարարությունից պետպատվերով բուժվելու ուղեգիր է ստացել՝ Աղի հանքի
հանրապետական անձավաբուժարանում բուժվելու համար: Դա բուժում է մի քանի տասնյակ մետր
խորության վրա գտնվող անձավում: Բուժման արժեքը $310: Սակայն տիկնոջից պահանջել են
հավելյալ 13 հազար դրամ. 3000-ը՝ գրանցման համար, 10 հազարը՝ համավճար՝ անձավաբուժարանի
օդափոխությունն ապահովելու, վերելակից օգտվելու եւ այլ ծախսերի համար: Կինը պնդում
է, որ մուծման դիմաց ոչ մի կտրոն չի տրամադրվել իրեն: Ուշագրավ է, որ, ըստ պետական
առողջապահական գործակալության պարզաբանման, պետպատվերի մեջ ներառված են հիվանդի ընդունման
եւ դուրսգրման հետ կապված փաստաթղթային ձեւակերպումները, բուժական մանիպուլյացիաները,
լաբորատոր ստուգումները եւ այլն: Մինչդեռ, Ա. Մելքոնյանի դեպքը միակը չէ, որ պետպատվերի
առկայությամբ էլ, այսպես կոչված, ծառայության ծախսեր են գանձվում հիվանդներից: Ընդհանրապես,
պետպատվերի դեպքում սա գրեթե բոլոր բուժհիմնարկներում էլ ընդունված է: Առավել
հետաքրքիր է այն, որ մի քանի ամիս անց, պետպատվերով բուժում ստացած Արմենուհի Մելքոնյանը
կրկին պետպատվերը ձեռքին դիմել է Հանրապետական անձավաբուժական կենտրոնի տնօրեն Անդրանիկ
Ոսկանյանին՝ նույն բուժումը ստանալու համար։ Բժշկի պատմելով, նա հիվանդին բացատրել
է, որ ժամանակից շուտ բուժումը կրկնելը հակացուցված է: Սակայն երբ կինը համառել է,
բժիշկն ասել է՝ «Եթե ուզում ես բուժվել՝ վճարիր եւ բուժվիր: Յուրաքանչյուր մուտքն
անձավաբուժարան արժե 8 հազար դրամ»: Ուրեմն այն, ինչ հակացուցված է պետպատվերով,
թույլատրելի է վճարովիի՞ դեպքում: Մեր այս հարցին, բժիշկը խուսանավող պատասխան տվեց:
Մյուս ուշագրավ հանգամանքը՝ բժիշկների հավաստմամբ, կինն իրականում պետպատվերի
երկրորդ ուղեգիր չի ստացել: Ենթադրում են, որ հիվանդը նույն ուղեգրով է ներկայացել
բուժման, այն հանելով իր հիվանդության պատմության փաթեթից, որն, ի դեպ, գտնվում է
անձավաբուժարանում: Բժշկական օգնության կազմակերպման վարչությունից եւս հաստատեցին,
որ 2004-ի հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին Ա. Մելքոնյանին պետպատվեր
չի տրամադրվել: Ստացվում է, որ անձավաբուժարանն այս երկրի «ամենաթափանցիկ»
կառույցն է, եւ ով ուզի, երբ ուզի, ինչ փաստաթուղթ ուզի՝ կարող է վերցնել, անգամ
տեղյակ չպահելով բուժհիմնարկի աշխատակիցներին: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել