Լրահոս
Օրվա լրահոսը

Բնությունը

Փետրվար 24,2005 00:00

Բնությունը չունի վատ եղանակ Ռոմանտիկ հարցազրույց ջութակահար Նիկոլայ Մադոյանի հետ Վերջերս Երեւանի Կամերային երաժշտության տանը կայացավ տաղանդավոր ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Նիկոլայ Մադոյանի մենահամերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Ա. Ղարաբեկյան): Հնչում էր Վիվալդիի «Տարվա եղանակները» կոնցերտային շարքը. երաժշտությունը սրտումս շատացնում էր լույսը, եւ ես մտածում էի միայն բարու մասին (թե՞ արդեն բարի եմ): Շրջում եմ տարվա եղանակներով. ահա եւ իմ սիրած ամառը. վերջապես հանդիպեցինք իրար՝ էն էլ էս սառցե ձմռանը: Ի՜նչ երջանկություն… Մադոյանին հարցնում եմ. – Երբ երջանկությունը թակում է ձեր դուռը կամ լուսամուտը, լսո՞ւմ եք այդ թակոցը… – Երջանկությունն իմ մեջ է, այն երբեք չի՛ թակում լուսամուտս եւ պատահական չի գալիս այցի. այն ես վաստակում եմ իմ աշխատանքով: Ես արժանի եմ լինում իմ երջանկությանը միայն սեփական աշխատանքով: Երջանիկ ես, երբ գոհ ես սեփական կատարումից, երբ ստեղծագործությունը տալիս է քեզ իր լույսը, եւ այդժամ դու հարստանում ես անբացատրելի զգացողություններով: – Քաղաքը գրեթե միշտ համապատասխան վարք է պարտադրում, եւ հաճախ այդ վարքը կաշկանդում է մեզ: Կարիք չե՞ք զգում ապրել քաղաքից դուրս՝ բնության գրկում: – Ես սուզվում եմ իմ աշխարհի մեջ եւ այնտեղ ի զորու եմ տեսնել եւ գտնել ամեն ինչ: Բնության ամենամեծ արտահայտությունը երաժշտությունն է: Ես իմ նվագով արձագանքում, պատասխան եմ տալիս աշխարհում գոյություն ունեցող թե՛ լավին եւ թե՛ վատին… – Կա՞ մի եղանակ, որն ուժեղ ազդեցություն է թողնում ձեր ստեղծագործական ռիթմի վրա: – Փորձում եմ իմ ռիթմը հարմարեցնել տարվա եղանակներին: Արվեստում ամենադժվարը սեփական ռիթմը երկրի, տիեզերքի ռիթմերի հետ ներդաշնակելն է, հավասարակշռություն պահպանելը: Խենթություններ լինում են, հաճախ են պատահում, բայց երբ ներքին աշխարհդ առողջ է, այդժամ դու կարողանում ես տիրապետել քեզ, հասնել հավասարակշռության: – Իսկական երաժիշտը գերզգայուն է. ցավում է յուրաքանչյուր հնչյունի համար: Արդյոք այս հատկանիշը կյանքում օգնո՞ւմ է, թե՞ հակառակը: – Եթե նոտան շատ զգայուն ես նվագում, ապա այն բնական չի հնչում: Նույնն էլ կյանքում է, եթե շատ զգայուն ես, թվում ես անբնական, սենտիմենտալ: Գերզգայնությունը կարող է խանգարել կյանքի բնական ընթացքին: Յուրաքանչյուր զգացմունք սահման պիտի ունենա: Պիտի կարողանաս զգացմունքներդ ուղղորդել, տանել բնական հունով: Կարեւորը բնական լինելն է, որը շատ է դժվար: Կան անհատներ, որոնք կարող են ձեւավորել բնականության չափանիշը: Ստեղծագործության մեկնաբանությունը բարդ է նրանով, որ դու պետք է արտահայտես կոմպոզիտորի անհատականությունը, հասկանաս նրան եւ միաժամանակ չկորցնես սեփական եսդ, նաեւ բնականությունդ: – Ո՞րն է ընդհանրապես երաժշտության ակունքը: – Երաժշտությունը գոյություն չունի առանց կատարողի: Արդեն գրված երաժշտությունը գտնվում է եթերում եւ այլեւս չի պատկանում որեւէ մեկին: Բարձրագույն երաժշտությունը՝ գթասրտություն է առ մարդը: Այնպիսի մեծ անհատականություն պետք է լինես, որ չառաջնորդվես եսասիրական սկզբունքներով եւ մարդկային մեծ նպատակի համար կարողանաս զոհել եսդ: Հանճարեղ կոմպոզիտորների երաժշտության մեջ հորդում է մարդու հանդեպ ունեցած սերն ու գթասրտությունը: Եվ, ընդհանրապես, կյանքում ամեն ինչ հիմնված է գթասրտության վրա: ԱՐՓԻՆԵ ԿԱԼԻՆԻՆԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել