Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստն

Մարտ 16,2005 00:00

«Արվեստն ու գեղեցկությունը չի կարելի կաղապարել» Ճանաչված ալտահար Հարթմուտ Ռոդենը հիացած է հայուհու գեղեցկությամբ Եվրոպայում հեղինակություն վայելող ալտահար, Բեռլինի արվեստի համալսարանի պրոֆեսոր Հարթմուտ Ռոդեն «Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 18-ին հանդես կգա «Սերենադ» կամերային նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Հարցազրույցի սկզբում Եվրոպայի տարբեր երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Ավստրալիայում եւ այլուր, աշխարհի մի շարք հեղինակավոր փառատոներում հանդես եկած երաժիշտը խոստովանեց, որ գերծանրաբեռնվածության պատճառով չի կարողանում տեղեկանալ աշխարհում տեղի ունեցող այնպիսի մշակութային միջոցառումներին, ինչպիսին են, օրինակ, «Օսկարը», «Գրեմմին»: Նա Royal Academy of Music-ի հրավիրյալ պրոֆեսոր է, համագործակցում է միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ Բրունո Կանինոյի, Հայնրիխ Շիֆի, Դավիդ Գերինգասի, Թոմաս Բրանդիսի, Բորիս Պերամենշիկովի եւ այլոց հետ: Նրա ելույթները հեռարձակվում են Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հեղինակավոր ռադիոկայաններով, իսկ ձայնագրությունները թողարկում են Decca, Arte Nova and Darbinghaus Grimm ճանաչված ֆիրմաները: Շահել է գերմանական երաժշտական մրցույթի առաջին մրցանակը, Զալցբուրգի Mozarteum միջազգային ակադեմիայի մրցանակը եւ Ժամանակակից երաժշտության լավագույն մեկնաբանման մրցանակը ալտահարների միջազգային մրցույթում: Հարթմուտ Ռոդեն ափսոսանքով նշեց, որ զբաղվածության պատճառով նույնիսկ չի կարողացել լսել Տիգրան Մանսուրյանի Ալտի եւ նվագախմբի կոնցերտի ձայնագրությունը՝ իր մտերիմ բարեկամի, աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանի մեկնաբանմամբ, որը ներկայացված էր «Գրեմմիի» այս տարվա մրցանակաբաշխությանը: Այդուհանդերձ, երաժիշտը իրեն չի զրկել «Միսս Եվրոպա-2005» մրցույթը վայելելու հաճույքից: «Ուրախ եմ եւ շնորհավորում եմ հայերիդ՝ հաղթանակի առիթով: Ոչինչ, այս տարի Գերմանիան էր առաջին տեղը գեղեցկության մրցույթում, դուք՝ երկրորդը, մյուս տարի, հնարավոր է, տեղերը փոխվեն: Իրոք գեղեցկուհի է ձեր Լուսինեն»,- իր կարծիքը հայտնեց ալտահարը: Ի դեպ, երեկ, ֆիլհարմոնիկ համերգասրահի ճանապարհին, Արամ Խաչատրյանի արձանի մոտ նա ակնդիր է դարձել հայ գեղեցկուհու նկարահանումներին: «Սիրով Լուսինեին կհրավիրեի ընթրիքի, բայց, լինելով բեմի մարդ, հասկանում եմ նրա հոգնածության աստիճանը»,- ասաց Հ. Ռոդեն: Մեր հարցին՝ հետաքրքիր է, գերմանացիներդ ինչպե՞ս վերաբերվեցիք այն փաստին, որ Եվրոպայի գեղեցկության թագը շնորհվեց ձեր երկիրը ներկայացնող պարսկուհուն, արվեստագետը պատասխանեց. «Բոլոր երկրների մշակույթի տարբեր ճյուղեր այս կամ այն կերպ կրում են այլ երկրների ազդեցությունը, ինչը ընդունում ենք, այնպես էլ գեղեցկությունը, այս դեպքում՝ գեղեցիկ կինը կարող է արդյունք լինել խառը ամուսնությունների: Գեղեցիկը գեղեցիկ է՝ անկախ ամեն ինչից: Մի խոսքով, արվեստն ու գեղեցկությունը չի կարելի կաղապարել»: Երեկ Երեւանի պետկոնսերվատորիայում երաժիշտն անցկացրեց վարպետության դասընթաց, որի ընթացքում լսեց 5 ալտահարի: Գոհ լինելով հայ ալտահարների կատարումներից, Հ. Ռոդեն խոստացավ օգնել նրանց երաժշտական գրականությամբ: Մեր հարցին՝ հնարավո՞ր է հայ ալտահարներից գոնե մեկին աջակցել Եվրոպայում կատարելագործվելու նպատակով, երաժիշտն ասաց. «Իմ առաջին խնդիրն էր հայ ուսանողների համար անցկացնել դասընթաց, ինչը ես սիրով կատարեցի: Ինչ վերաբերում է նրանց կատարելագործմանը, կարծում եմ, կկարողանամ օգնել: Սա, իհարկե, ժամանակի խնդիր է»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել