Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻՆ

Մարտ 26,2005 00:00

ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻՆ «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքի թերություններն է մատնանշում մշակույթի նախկին փոխնախարար, ՄԱԿ խմբակցության փորձագետ Կարեն Արիստակեսյանը: ԱԺ վերջին քառօրյայում քննարկվեց Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությունը «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին: Ըստ այդ լրացումներից մեկի՝ կառավարության լիազորած պետական մարմինը կազմում է «վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները ՀՀ-ից կարող են արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա»: ՄԱԿ խմբակցության առաջարկով՝ այդ դրույթը խմբագրվեց՝ «ավելի քան՝ 50 տարում»: Արտառոց կարող է թվալ, սակայն 2004-ի դեկտեմբերի 29-ին նախագահի վավերացրած այդ օրենքի տեքստում տեղ էր գտել այն արտահայտությունը, ըստ որի՝ կառավարությունը «հաստատում է մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները ՀՀ-ից կարող են արտահանվել…»: Օրենքում բազմաթիվ նման արտառոց դրույթներ կան: Օրինակ՝ նշել են, թե մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման այս oրենքով uահմանված կարգը «տարածվում է նաեւ դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձանց վրա»: Մինչդեռ նման բան չի կարող սահմանվել ՀՀ օրենքով, քանի որ նախատեսված չէ միջազգային պայմանագրերով «եւ հակասում է Վիեննայի կոնվենցիային»: Ըստ նախկին փոխնախարարի՝ այս օրենքը գրելիս պետք էր հիմնվել 1970-ին Փարիզում ստորագրված «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքն արգելելու եւ կանխելու միջոցների մասին» կոնվենցիայի վրա, որին ՀՀ-ն միացել է 1993-ին: «Բոլոր երկրների նման օրենքները գրված են այս կոնվենցիայի դրույթներին համապատասխան,- ասաց պրն Արիստակեսյանը:- Իսկ մեր օրենքը բացարձակապե՛ս չի համապատասխանում ոչ միայն այդ (որոշ «իմաստուններ» քննարկումների ժամանակ ասացին, թե այդ կոնվենցիան հնացել է), այլ նաեւ ՅՈՒՆԻԴՐՈՒԱ-ի 1995-ի կոնվենցիային: Մինչդեռ ՀՀ խորհրդարանը չի՛ կարող ընդունել միջազգային իրավունքի նորմերին հակասող օրենք»: Այս օրենքում առկա է հասկացությունների հսկայական ցանկ, որոնք «առնվազն սխալ են սահմանված, եթե դրանք դիտարկում ենք կոնվենցիաների համատեքստում»: Հայաստանը հեծանիվ է հնարել. օրինակ՝ «մշակութային ժառանգությունը» սահմանված է. «մարդկային հասարակության կենսագործունեության արգասիք համարվող մշակութային արժեքներ եւ մշակութային նշանակության առարկաներ»: Այնինչ Փարիզի կոնվենցիայով տրված է հետեւյալ ընդհանրական սահմանումը՝ «անցյալում ստեղծված հոգեւոր եւ նյութական մշակույթի առարկաների ամբողջությունը, որը գեղագիտական, սոցիալ-մշակութային, պատմական, հնագիտական, ճարտարապետական կամ այլ տեսակետից արժեքավոր է»: Ըստ Կարեն Արիստակեսյանի՝ հատկապես շեշտվում է «անցյալում ստեղծված» արտահայտությունը, քանի որ «հեղինակային իրավունքի գործողության ժամկետում՝ հեղինակի կենդանության օրոք, նրա մահվանից հետո 50 կամ ԵՄ անդամ որոշ պետություններում՝ անգամ 70 տարվա ընթացքում տվյալ հեղինակի ստեղծագործությունը չի՛ կարող մտնել պետական ցուցակ»: Նշված օրենքը պարունակում է նաեւ բազմաթիվ հակասություններ: Ասենք, հոդված 5-ում, որ վերաբերում է մշակութային արժեքների արտահանման արգելմանը եւ սահմանափակմանը, առաջին հերթին նշվում է. «ՀՀ տարածքից արգելվում? է արտահանել մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքները՝ անկախ դրանց uտեղծման ժամանակից կամ պատկանելությունից»: Սակայն ինչպես նշում է Կարեն Արիստակեսյանը՝ «Ըստ այս օրենքի, ՀՀ բոլոր թանգարաններում ու գրադարաններում պահվող արժեքներն առանձնակի արժեքավոր են, այսինքն՝ դրանք չեն կարող արտահանվել: Ճիշտ է, հետո նշվում է, թե այդ արժեքները կարող են արտահանվել՝ ժամանակավոր եւ այլն»: Կամ՝ հոդված 11-ով, որով սահմանվում է պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների արտահանման կարգը, ըստ պրն Արիստակեսյանի՝ «սուբյեկտիվ մոտեցման հնարավորություն է տրված պաշտոնյաներին»: Նշվում է, թե փորձագիտական եզրակացության հիման վրա լիազորված պետական մարմինը արտահանման համար ներկայացված առարկաների վերաբերյալ կայացնում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝ «առարկան համարվում է մշակութային արժեք, որը կարող է արտահանվել արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա», կամ՝ «առարկան համարվում է մշակութային արժեք, որը կարող է արտահանվել? առանց արտահանման իրավունքի վկայագրի» եւ վերջապես՝ «առարկան? չի համարվում? մշակութային արժեք, որը կարող է արտահանվել»: Նախկին փոխնախարարը պնդում է, թե պետք է սահմանել հստակ շեմ. «Օրենքի գործողությունը պետք է տարածել ավելի քան 50 տարվա վաղեմություն ունեցող մշակութային արժեքների վրա»: Ի դեպ, մշակութային արժեքների փորձաքննություն, ըստ գործող օրենքի՝ կարող են իրականացնել համապատասխան արտոնագիր ունեցող «իրավաբանական կամ ֆիզիկական անձինք»: Մինչդեռ ՄԱԿ-ի փորձագետը պնդում է, թե պետական ցուցակում ընդգրկված մշակութային արժեքների փորձաքննությունը եւս պետք է լինի միայն պետական. «Իսկ ֆիզիկական անձինք կամ մասնավոր իրավաբանական անձինք չեն կարող փորձաքննել պետական ցուցակում ընդգրկված մշակութային արժեքները, քանի որ դրա համար բավարար չէ միայն դիպլոմը»: Նշենք, որ այս օրենքի նպատակը հռչակվել էր ազատականացումը: «Ազատականացում կոչվածը չի նշանակում քանդել գործող համակարգը, ուղղակի կացնահարել այն,- ասաց Կարեն Արիստակեսյանը ու նաեւ հավելեց:- Ես միանգամայն համոզված եմ, որ այս օրենքը դեռեւս չի ազատականացրել մշակութային արժեքների արտահանումը եւ ներմուծումն այն չափանիշների համապատասխան, որոնք կան Եվրոպայում: Եվ այն ավելի վատն է, քան նախկին օրենքը»: Նշենք, որ ժամանակին ՄԱԿ-ը դեմ էր քվեարկել դրան: Այժմ Կարեն Արիստակեսյանը հայտնեց. «ՄԱԿ խմբակցության առաջարկով ես նախապատրաստել եմ օրենսդրական փաթեթ, որը համապատասխանում է միջազգային իրավունքի չափանիշներին եւ կարգավորում է դաշտը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել