Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԼԱՆԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ

Մարտ 29,2005 00:00

Ընտրակեղծիքների
նոր տեխնոլոգիաներ Իջեւանում Մարտի 27-ին Իջեւանում կայացան քաղաքապետի ընտրություններ:
Այս պաշտոնի համար պայքարում էր երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ, անկուսակցական
Վարուժան Ներսիսյանը եւ փայտամշակման «ՄՈԵՍ» ՍՊԸ-ի տնօրեն, նույնպես անկուսակցական
Գրիշա Սարգսյանը: Վերընտրվեց գործող քաղաքապետը: Իջեւանի ներկայիս քաղաքապետին
աջակցում էին Հանրապետականը, «Օրինաց երկիրը», ՄԱԿ-ը, իսկ մյուս թեկնածուին՝ ՀՀԿ-ի
հետ կոալիցիա կազմող ՀՅԴ-ն, «Ժողպատգամավորը», «Արդարություն» դաշինքը: Մինչեւ ընտրությունները
վարչապետը ներկայիս քաղաքապետին սատարող հայտարարություն արեց: Դրանով հանդերձ՝ Տավուշի
մարզպետ Արմեն Ղուլարյանը, ընտրական գործընթացում ընդգրկված երկու կողմերի ներկայացուցիչների
տվյալներով էլ, գրեթե անթաքույց աշխատում էր վարչապետի սատարած թեկնածուի դեմ: Որոշակի
տվյալներով, մարզպետի ՀՀԿ անդամ տեղակալը եւս աշխատել է մյուս թեկնածուի՝ Իջեւանում
հարգված գործարար Գրիշա Սարգսյանի օգտին: Սակայն այս թեկնածուին առաջադրող, սատարող
հիմնական ուժը տարածաշրջանից ընտրված ԱԺ պատգամավոր Արծրունի Ղալումյանն է: Հետաքրքիր
է, որ մարզպետի դիրքորոշումը պայմանավորված է խնամիական հեռանկարներով. պրն Ղուլարյանի
որդին, մեր հավաստի տեղեկություններով, Արծրունի Ղալումյանի դստեր փեսացուն է, ինչը
չհերքեց նաեւ ինքը՝ մարզպետը: Գ. Սարգսյանի օգտին աշխատել են նաեւ Իջեւանի էլցանցի,
ջրմուղի, գազի գրասենյակի, կապի փոստային բաժանմունքի պետերը՝ բոլորն էլ Հանրապետական:
Ընտրություններում Գրիշա Սարգսյանին ամենատեսանելի աջակցությունը ԱԺ «Ժողպատգամավոր»
խմբի կողմից էր, ինչը դրսեւորվեց հենց ընտրությունների օրը, հենց ընտրատեղամասերում:
Առավոտից Գ. Սարգսյանի նախընտրական շտաբը շրջապատել էին պատգամավորները, պետական
պաշտոնյաներին պատկանող ամենավերջին մակնիշների շքեղ մեքենաները, դրանց մեջ կային
նաեւ պաշտպանության նախարարության պետհամարանիշներով մեքենաներ: Մյուս կողմից էլ՝
շաբաթ օրը Իջեւան էր եկել տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, որը,
ըստ ամենայնի, սատարում էր գործող քաղաքապետին։ Իջեւանցիների հետ զրույցներից
պարզեցինք, որ քարոզարշավի ժամանակ ընտրակաշառքներ են բաժանվել՝ մեկ ձայնի դիմաց՝
3000-5000 դրամ կամ սննդամթերք՝ ալյուր, յուղ: Ի դեպ, Իջեւանում ընտրակեղծիքի նոր
տեխնոլոգիա էր մշակվել. կաշառված ընտրողին ընտրատարածք մտնելուց առաջ ֆոտոխցիկով
բջջային ապարատ են տրամադրել, որպեսզի ընտրությունը կատարելուց հետո վերջինս լուսանկարի,
թե ում է ընտրել: Այսուհանդերձ, Իջեւանում ընտրություններն ընթանում էին առանց
միջադեպերի ու ակնհայտ ընտրակեղծիքների: Եվ քանի որ ընտրությունների օրը համընկել
էր Սուրբ Զատկի տոնին, երկու թեկնածուներն էլ իրենց հոգու պարտքը կատարել էին՝ առավոտյան
քաղաքի եկեղեցի էին գնացել։ Մարզպետի տվյալներով, Իջեւանն ունի 14 հազար ընտրող,
որից ակնկալվում էր 8 հազարի մասնակցությունը: Մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից
ճշտեցինք, որ ընտրությանը մասնակցել է 8596 մարդ, որից բոլորին դեմ է քվեարկել 51-ը:
Անվավեր է ճանաչվել 388 քվեաթերթիկ: Վ. Ներսիսյանի օգտին քվեարկել է 4260, Գ. Սարգսյանի՝
3856 մարդ։ Ոչ մի տեղամասում վստահված անձանց կողմից ոչ մի արձանագրություն չէր կազմվել,
եւ երկու թեկնածուների վստահված անձինք հավաստիացնում էին, որ ընտրակեղծիքի ոչ մի
դեպք չեն արձանագրել: Գ. Սարգսյանը պնդում էր, որ քարոզարշավի ընթացքում խախտվել
է ընտրական օրենսգիրքը, եւ որ տեղական «Իջեւան» հեռուստաընկերությունը միակողմանի
քարոզչություն է իրականացրել՝ հօգուտ գործող քաղաքապետի, իսկ իրեն հնարավորություն
չի տրվել օգտվելու նույնիսկ վճարովի եթերից: «Իջեւան» հեռուստաընկերության խմբագիր
Օլյա Օհանյանը միանշանակորեն հերքեց այս պնդումը. «Իջեւանը» մասնավոր հեռուստաընկերություն
է, եւ քարոզարշավի հենց առաջին օրվանից երկու թեկնածուներին դեմառդեմ հաղորդաշարին
հրավիրելու համար գրություն ենք ուղարկել թիվ 55 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի
նախագահին եւ երկու թեկնածուներին: Եկան մասնակցեցին, պատասխանեցին հեռուստադիտողի
հարցերին: Երբ պարոն Սարգսյանին խնդրեցինք ներկայացնել իր նախընտրական ծրագիրը, ասաց,
որ իր բուկլետը դեռեւս պատրաստ չէ, եւ երբ պատրաստ լինի՝ կներկայացնի: Մեր հաջորդ
հրավերն էլ մերժեցին եւ գրավոր պատասխանեցին, որ իրենց (Գ. Սարգսյանի.- Լ. Բ.) նախընտրական
շտաբը նպատակահարմար է գտնում ուղիղ եթերով բանավեճն անցկացնել թեկնածուների թիմակիցների,
սատարող քաղաքական ուժերի եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ՝ առանց թեկնածուների: Սակայն
մեր նպատակն այն էր, որ թեկնածուն ներկայանա իր ընտրողին, այլ ոչ թե թիմակիցը, սատարող
կուսակցությունը կամ ԶԼՄ-ն»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել