Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգված է Հայաստանի անդամակցությունը ԵԽ-ին

Մարտ 29,2005 00:00

Քաղաքական բանավեճի ակումբը երեկ կազմակերպել էր քննարկում Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած արտավորությունների շուրջ:

Կազմակերպիչները շուրջ 2 շաբաթ ապարդյուն փորձեր էին արել կոալիցիայի ներկայացուցիչներին եւս հրավիրելու քննարկմանը, որ ծավալվի բանավեճ, սակայն նրանք հրաժարվել էին տարբեր պատճառաբանություններով: Իսկ երկու զեկուցողների տեսակետներն առանձնապես չէին տարբերվում իրարից:

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի գնահատականով՝ Հայաստանը հիմնարար պարտավորությունների կատարման հարցում «դոփում է տեղում» եւ եվրաինտեգրման հռչակված գիծն ընդամենն իմիտացիա է: Ըստ նրա՝ ԵԽ անդամ երկրներից Հայաստանն ու Ադրբեջանն են, որ այդ կազմակերպության խաղի կանոններից դուրս են. «Մնացած երկրները կատարում են քայլեր, որոնք վերջ ի վերջո բերելու են այդ երկրների ինտեգրացմանը»: Ըստ Շավարշ Քոչարյանի՝ չկատարվող պարտավորություններից են Սահմանադրության, «Ընտրական օրենսգրքի», «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու մասին» օրենքի բարեփոխումները եւ խոսքի ազատության վիճակը: Հիշեցրեց, որ կոալիցիայի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի՝ ետընթաց է 2001-ի տարբերակի համեմատ, որեւէ զիջում չեն ցանկանում անել «ԸՕ» հիմնարար հարցի՝ ընտրական հանձնաժողովների ձեւավորման առումով, քրեականացվել է չարտոնված ցույցերին մասնակցելու համար պատասխանատվությունը: Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը՝ պրն Քոչարյանը պնդեց, թե Հանրային եւ մասնավոր հեռուստաընկերություններն ամեն օր «կոպտորեն» խախտում են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը: Նաեւ հիշեցրեց, որ 2005-ին ավարտվել էին Հայաստանի պարտավորությունների կատարման բոլոր ժամկետները եւ հունվարին պետք է լսվեր այդ հարցով զեկույցը, սակայն հետաձգվեց աշնանը. «Տպավորությունն այն է, որ այս ամենը կուտակվում է, եւ մենք հոկտեմբերին՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կարող ենք կանգնել մի այնպիսի իրավիճակի առջեւ, երբ վտանգված կլինի ՀՀ անդամակցությունը ԵԽ-ին»: Կանխատեսեց, թե ԵԽ համբերության բաժակը կարող է լցվել՝ Հայաստանի համար իր բոլոր վտանգավոր հետեւանքներով:

Մյուս զեկուցողը՝ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն առավել հանգամանալից անդրադարձավ մարդու իրավունքների վերաբերյալ պարտավորությունների կատարմանը: Եվ դրական առաջընթացի հետ միասին՝ որ վերացվել է մահապատիժը, ազատազրկման վայրերը փոխանցվել են արդարադատության նախարարությանը, գրանցել են «Եհովայի վկաներ»-ին, նա նույնպես նշեց, թե պարտավորությունների կատարումը կրում է «խիստ իմիտացիոն» բնույթ եւ չի համապատասխանում ԵԽ «ոգուն եւ պահանջներին»: Ասենք, Հայաստանը միացել է «Խոշտանգումների կանխարգելման» եվրոպական կոնվենցիային, սակայն այն չի կատարվում, եւ որեւէ պատասխանատվություն չեն կրում խոշտանգումներ իրականացրած մարդիկ:

Ավետիք Իշխանյանն ավելի կտրուկ գնահատական տվեց, թե Եվրախորհրդին միանալուց հետո որոշ հարցերում նահանջ ենք ապրել. «Ես համարում եմ, որ մինչեւ 2002-ը, չեմ ասում, թե լիակատար, բայց մեծ նվաճումների էինք հասել խոսքի ազատության բնագավառում: Իսկ 2002-ին կամային ձեւով փակվեցին «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները, եւ սկսվեց այդ դաշտի սահմանափակումը»: Նա պնդեց, թե որոշ պարտավորություններ Հայաստանի իշխանությունն ընդհանրապե՛ս պատրաստ չէ կատարել՝ անգամ ԵԽ-ից դուրս մնալու պայմանով. խոսքը դատական անկախ իշխանության ստեղծման, իշխանությունների հստակ տարանջատման եւ ազատ-արդար ընտրությունների անցկացման մասին էր. «Բացարձակապե՛ս չի երեւում այդ կամքը, թե կարող է պատահի՝ իրենք իշխանությունից հեռանան ընտրությունների միջոցով: Այսինքն՝ իսկապես կատարվում է եվրոպացի լինելու սովորական իմիտացիա»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել