Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականները

Ապրիլ 05,2005 00:00

Մտավորականները գնացին մտածելու Երեկ Մտավորականների ֆորումի ավագանու անդամները հանդիպեցին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ: Ինչպես հայտնի է, դեռ անցած տարվանից Մտավորականների ֆորումի ավագանին հանդիպումների շարք էր սկսել քաղաքական, հասարակական գործիչների եւ ուժերի հետ: Նպատակը՝ համախմբվելով դուրս բերել Հայաստանն այս իրավիճակից: Հանդիպումներն էական արդյունքների չբերելով՝ ընդհատվել էին աշնանը: Հիմա շարքը վերսկսվել է: Երեկ մտավորականները հանդիպեցին Արամ Կարապետյանին: Նախ պարոն Կարապետյանը ներկայացրեց ազգային հեղափոխության իր ծրագիրը, ապա պարզաբանեց այդ առիթով մտավորականների մտահոգությունները: «Խոստումներ տալ, որ շատ արագ երկրում ամեն ինչ իր տեղը կընկնի՝ պոպուլիզմ կլինի, բայց մենք կանենք ամեն հնարավորը»,- ասաց «ՆԺ» ղեկավարը: ՕԵԿ-ի հետ համագործակցության առիթով ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը հետաքրքրվեց, թե մտավախություն չունի՞ Արամ Կարապետյանը, որ դա կվնասի իր հեղինակությանը: «Ես ամենաքիչը մտածում եմ իմ եւ կուսակցության մասին: Եթե դա օգուտ կտա գործին՝ մենք պատրաստ ենք վնասվելու: Ես մշեցի եմ եւ ասածներիցս ետ չեմ կանգնում ու չեմ ուզում, որ Հայաստանում գործընթացները պատգարակների վրա գնան. դա վատ է ապագայի համար: Եթե այդ մարդիկ՝ հասկանալով, որ իրավիճակը վատ է՝ պատրաստ են կոալիցիայից դուրս գալ եւ նոր քաղաքական իրավիճակ ստեղծել, ինչո՞ւ չհամագործակցենք»,- եղավ նրա պատասխանը: Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ վաղը «ՆԺ» գրասենյակում ընդունելու են ՕԵ-ի պատվիրակությանը: Պրն Կարապետյանը նաեւ կանխատեսեց, որ շուտով եւս մի կուսակցություն կբռնի կոալիցիան լքելու ճանապարհը: ԼՂ հարցի ներկայիս վիճակի եւ այդ հարցի շուրջ խորհրդարանական լսումների արդյունքների մասին թիվ մեկ հեղափոխականի կարծիքն այսպիսին է. «Այդ լսումներին ես տեսա ներկայացված ծրագրեր, բայց ոչ լուծումներ: Բոլորս միասին հիմա պետք է ամեն ինչ անենք, որ հայկական կողմն ավանտյուրաների մեջ չմտնի: Իշխանությանը չպիտի թույլ տանք իշխանությունը պահելու համար գնալ քայլերի, որոնց արդյունքում Հայաստանը կկորցնի՝ անգամ առանց հասկանալու, թե ինչ կորցրեցինք»: Պրն Կարապետյանը չի բացառում նույնիսկ ներկայիս իշխանությունների թողտվությամբ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը՝ վկայակոչելով Արկադի Ղուկասյանի այն հայտարարությունը, որ՝ «մարդիկ, ովքեր խոսում են պատերազմի վերսկսման մասին, ոչինչ չգիտեն եւ ավանտյուրա են անում»: «ՆԺ» ղեկավարի խորին համոզմամբ, այդ խնդիրն այսօր լուծում չունի, քանզի որեւէ մեկն այսօր շահագրգիռ չէ ԼՂՀ-ի կարգավիճակի հարցի լուծմամբ: Ազատագրված տարածքների մասով նա կողմ է դրանց տալ «ԼՂՀ ներքին հողերի կարգավիճակ, որպեսզի մեկը լինի, որ դրանց շուրջ բանակցի»: Համամիտ լինելով, որ հարցը փոխզիջմամբ պետք է լուծվի, նա մի վերապահում ունի. «Դիվանագիտական կոմպրոմիս՝ ռազմական հաղթանակից հետո, որը պարտություն է՝ ես այդպիսի բան չգիտեմ: Այսինքն՝ տեղն ի՞նչ ենք ստանում, Ադրբեջանը բան չի ասում: Էդ հանրաքվեն երեք տարի հետո որ ասում են՝ ի՞նչ է տալու. ղարաբաղցիք պիտի ասեն՝ այո, ադրբեջանցիք՝ ոչ: Էդ որ ասում են Ադրբեջանի ճանապարհները բացենք՝ ես չեմ հասկանում՝ ի՞նչ ֆինանսական միջոցներ պետք է ներդրվեն այդ ճանապարհները նորմալացնելու համար: Որեւէ մեկը գիտի՞, թե՞ ոչ: Կամ՝ ի՞նչ ունենք արտադրած, որ էդ ճանապարհով պիտի տանենք՝ ծախենք, ու չենք կարողանում, որ մնում՝ փչանում է: Որեւէ մեկը Թուրքիայի սահմանը բացելու տնտեսական հաշվարկ չբերեց»: Փոխարենը նա վստահ է, որ այս տարվա վերջում կաշխատեն Սուխումի երկաթգիծը եւ լաստանավային ուղին: Իսկ ապագայի համար «ՆԺ» ղեկավարը կարծում է, որ գեոքաղաքական դաշտի վերաձեւումները կբերեն նրան, որ «ԼՂՀ-ն, եւ ոչ միայն, կհայտնվի Հայաստանի կազմում»: «Նախիջեւանը»,- արտաբերեցին որոշ մտավորականներ: «Ոչինչ չեմ վստահեցնում, բացի նրանից, որ եթե Հայաստանը նորմալ համակարգ ունենա՝ ավելի մեծ է դուրս գալու»,- հավելեց բանախոսը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել