Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏՐԵԼԿԱ»

Ապրիլ 09,2005 00:00

«ՍՏՐԵԼԿԱ» ԲԱՌԸ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Երեկ Մամուլի տանը դատաիրավական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, գնդապետ Հայկ Միլիտոնյանը: Նրա կարծիքով, որքան բաց լինեն ոստիկանները մամուլի առաջ, այնքան շահեկան վիճակում կհայտնվենք երկուստեք: Հ. Միլիտոնյանի գնահատմամբ, «քրեական հետախուզության գծով» անցյալ տարվա առաջին եռամսյակում 16 սպանությունների փոխարեն գրանցվել էր 9 սպանություն: Քանի որ, ըստ գնդապետի, մենք պատերազմող երկիր ենք, հետեւաբար զենք-զինամթերքի առումով կան լուրջ պրոբլեմներ: Այս տարվա առաջին եռամսյակում առգրավվել է 236 միավոր զենք, որից 162-ն է եղել կամավոր, 74-ը՝ առգրավված: Անցյալ տարի եղել է 122 միավոր զենք: Քրեական հետախուզության վարչության պետի գնահատմամբ, հրազենային սպանությունները քիչ չեն եղել: Տագնապալի է նաեւ անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների վիճակագրությունը. եթե անցյալ տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 2 դեպք, ապա այս տարի՝ 9: Պրն Միլիտոնյանի կարծիքով, անհրաժեշտ են լուրջ աշխատանքներ հատուկ դպրոցներում (մասնավորապես նշվեց «Վարդաշեն» հատուկ կրթահամալիրը), որոնք պետք է ոչ միայն դժվար դաստիարակվող երեխաների համար կացարանի դեր կատարեն, այլ նաեւ երաշխավորեն նրանց հսկողությունը: «Բավական շատ են այնպիսի փաստերը, երբ դպրոցներում ռազբորկաների մեջ ենք ներքաշված»,- ասաց նա: Վարչության պետը գտնում է, որ նման դպրոցների գոնե 1 աշխատակիցը (ռեժիմային գծով) պետք է լինի ոստիկան, ինչին, սակայն, միջազգային կազմակերպությունները հավանություն չէին տվել: Նա տեղեկացրեց նաեւ, որ օրեր առաջ Երեւանում բռնվել է ավտոտնակների եւ բնակարանային գողության հետ կապված մի հանցավոր խումբ, որի տվյալները, նախաքննության շահերից ելնելով, գերադասեց չհրապարակել: «Առավոտի» այն հարցին, թե արդյոք Հայաստանում կա՞ն կազմակերպված հանցավոր խմբեր եւ թաղային հեղինակությունները լուրջ վտանգ չե՞ն ներկայացնում հասարակության համար, պարոն Միլիտոնյանը պատասխանեց, որ ժամանակին «ստրելկա» բառը (ինչպես նաեւ՝ «թրաֆիքինգ») չէր օգտագործվում Հայաստանում, սակայն շատուշատ հանցագործություններ ԱՊՀ տարածքից արագ տեղափոխվել են Հայաստան: Մեր հաջորդ հարցին, թե ունե՞նք «նշանավոր» հետախուզվող, նա չպատասխանեց, իսկ «Հայոց աշխարհի» հիշեցմանը, թե ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը որտե՞ղ է գտնվում, ոստիկանության քրեական հետախուզության պետը եւ հանդիպման կազմակերպիչները ակնդետ նայեցին «Առավոտի» թղթակցին (հավանաբար կասկածելով, որ հենց նա8217 է Վանո Սիրադեղյանը՝ լրագրողի դիմակով): Ինչ վերաբերում է ՏԷՑ-ի «ճակատամարտին», պարոն Միլիտոնյանը տեղեկացրեց, որ վերջերս կալանավորվել է մասնակիցներից մեկը՝ Նորիկ Ղուշչյանը: Առհասարակ, խոսք գնաց լրատվամիջոցների եւ ոստիկանության աշխատակիցների համագործակցության, մասնավորապես՝ հանցագործությունից հետո ԶԼՄ-ներում վարկածների առաջքաշման արդյունավետության, քրեական գործի շահից ելնելու տեղեկատվության մասին: «Օպերատիվ աշխատանքները դեռ չծավալած, լրատվամիջոցները ի սկզբանե վերսիաներ են առաջ քաշում, կարծիքներ են փաթաթում հասարակության վրա, որոնք չեն նպաստում հանցագործության բացահայտմանը»,- ավարտելով հանդիպումը՝ դժգոհեց ոստիկանության հետախուզության պետը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել