Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՏԵԼ-ԽՄԵԼՈՎ ՋԱԶ ՉԵՆ ԼՍՈՒՄ

Մայիս 05,2005 00:00

ՈՒՏԵԼ-ԽՄԵԼՈՎ ՋԱԶ ՉԵՆ ԼՍՈՒՄ Ասում է ճանաչված ջազմենը Մայիսի 30-ին Տիկնիկային թատրոնում տեղի կունենա Վահագն Հայրապետյանի ջազ եռյակի համերգը: «Մեր սիրելի Չիկոն՝ Արմեն Թութունջյանը, որոշեց, որ պետք է ջազը վերջապես լսել, ոչ թե ե՛ւ լսել, ե՛ւ ուտել, ինչպես ընդունված է հիմա: Գուցե ջազը տարիների ընթացքում «պոպուլյարացվեց», բայց վերելքի առումով՝ մի քիչ կասկածում եմ: Այն մի տեսակ սրճարանային ձեւ ստացավ, էժանացավ: Հիմա ով սաքսոֆոն է վզից կախում ու ինչ-որ կաֆեում անհասկանալի իրադրություններում նվագում է, հայտարարում է՝ թե ջազմեն է: Այնինչ՝ ջազը այլ մակարդակի երաժշտություն է»,- վստահեցնում է Վահագն Հայրապետյանը: Նա դրական է գնահատում վերջին տարիներին Երեւանում կայացած համերգաշարերն ու փառատոները: Գտնում է, որ դրանք ունկնդիր կրթելու միջոց են. «Փառատոների գոյությունը արդարացվում է այնքանով, որ այն մարդիկ, ովքեր չեն կարող գնալ թանկարժեք սրճարաններ, ուտել-խմել ու հետն էլ ջազ լսել, հնարավորություն ունեցան ջազ ունկնդրել, քանի որ մուտքն ազատ էր»: Ի դեպ, վերջերս ստեղծվել է մի նոր խումբ՝ «Վահագն Հայրապետյան եւ կատուներ»: Խմբի տարօրինակ անունն այսպես «ստուգաբանեց» ջազմենը. «Ես մանկուց բոլոր մտերիմներիս կատու եմ ասել: Բոլորն էլ ինձ են այդպես անվանել: Հետագայում, երբ ոտք դրեցի Միացյալ Նահանգներ, տեսա, որ այնտեղ էլ երաժիշտներն իրար կատու են ասում»: Կազմը բաղկացած է 6 հոգուց՝ Արտյոմ Մանուկյան (թավջութակ եւ բասկիթառ), Դավիթ Նալչաջյան (ալտ-սաքսոֆոն), Տիգրան Սուչյան (շեփոր), Աշոտ Հարությունյան (տրոմբոն) եւ Տիգրան Սանոյան (հարվածային գործիքներ): Վահագնը երազում է, որ ջազի համար նորից գան երանելի ժամանակներ (նկատի ունի՝ 70-80-ական թվականների Երեւանի ջազը- Գ. Հ.), ու ջազմենները նվագեն պրոֆեսիոնալ բեմերում եւ ջազ-ակումբներում: Նա ցավով փաստեց, որ Հայաստանում ջազ-ակումբները հիմնականում տխուր վերջաբան են ունենում, նախ՝ բացվում են խանդավառված, հետո ինչ-ինչ պատճառներով փակվում. «Մի տենդենց էլ կա, ոմանք սկզբում ինչ-որ բան են սարքում՝ մարմարով, եվրոնորոգված: Հետո որոշում են ջազ-ակումբ դարձնել, որովհետեւ ջազը մոդա է, հետո էլ ասում են՝ եկեք սթրիփ-ակումբ բացենք նույն տեղում, ամենավերջում այն դառնում է ինտերնետ-ակումբ: «Ջազ-ակումբ» հասկացությունը իրականում աուրա է, տրամադրություն: Օրինակ, Նյու Յորքի լավագույն ջազ-ակումբները անշուք են, որովհետեւ մարդիկ չեն գալիս պատերին նայելու, գալիս են պարզապես երաժշտություն լսելու»: Հետաքրքրվեցինք՝ այսօր հայաստանցի ջազմենները որտե՞ղ են աշխատում: Վահագնը ասաց, որ այս պահին որեւէ տեղ չի աշխատում, իր խմբով նվագում են «Ավանգարդ» ֆոլկ-ակումբում՝ Արտո Թունջբոյաջյանի Armenian navy band-ի հետ: Անդրադարձ եղավ վարձատրության չափերին: «Ես գերադասում եմ չվարձատրվել կամ քիչ վարձատրվել, բայց մնալ այն դիրքում, որի մեջ կուզենայի լինել: Երեւի Երեւանում կան լավ վարձատրվող ջազմեններ, որոնք շատ գումարներ են աշխատում, լավ մեքենաներ վարում: Ինձ համար իմ հոգեվիճակն ավելի կարեւոր է, քան բարձր վարձատրությունը: Հետո ես ուզում եմ, որ այդ կոպեկը ե՛ս աշխատեմ, ոչ թե ինձ տան… Այսօրվա երաժիշտներից ոմանք 5 հազար դրամի կռիվ են անում, ամոթ է»,- նկատեց ջազմենը: Նրա համոզմամբ, հանրությանը լավ երաժշտությանը «վարժեցնելու» գործում մեծ ներդրում պիտի ունենա նաեւ հեռուստատեսությունը, մինչդեռ «մնացել ենք «Մեր բակի» մակարդակի»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել