Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր

Մայիս 05,2005 00:00

Նոր էջ՝ Խաչատրյանով Ճապոնիայի նախկին վարչապետ Իիի ծոռնուհին երազում է վարել մինչ այժմ չլսված՝ մշակույթի միջազգային նախարարի կամ մշակույթի համաշխարհային դեսպանի պաշտոն: Ծանոթանալով Հիդեկո Ուդագավայի բեմական ստեղծագործական կյանքը ներկայացնող բուկլետին, առանց չափազանցության կարելի է ասել, որ, չնայած ջութակահարուհու երիտասարդ տարիքին, աշխարհում չի մնացել ոչ մի հեղինակավոր սրահ, փառատոն, նվագախումբ, հանրահայտ դիրիժոր ու դաշնակահար-կոնցերտմայստեր, որտեղ բեմ բարձրացած եւ որոնց հետ համագործակցած չլինի երաժիշտը: Մեր դիտարկմանը՝ թե երաժշտի վերը նշված հաջողությունները ինչ-որ չափով կարելի՞ է վերագրել նրա՝ վարչապետի ծոռնուհի լինելուն, ջութակահարուհին ընդամենը նշեց, որ ինքը տասը տարի ուսանել է Լոնդոնում եւ Նյու Յորքում՝ աշխարհահռչակ Նաթան Միլշտեյնի ղեկավարությամբ եւ 1989թ. Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, սըր Չարլզ Մակերասի ղեկավարությամբ կայացել է իր առաջին բեմելը, այսպիսով փարատելով մեր «կասկածամտությունը»: Նրա համերգային շրջագայությունների ցանկում թվով 31-րդ երկրում՝ Հայաստանում բեմ բարձրանալը, ջութակահարուհու խոսքերով, ամենանշանակալիցն ու պարտավորեցնողն է: «Անցյալ դարավերջին մտերիմներիցս մեկը ինձ նվիրեց մեծանուն Արամ Խաչատրյանի 1932թ. գրած, զարմանալի է, բայց՝ չկատարված Ջութակի եւ դաշնամուրի սոնատի նոտաները: Առանց երկարացնելու ասեմ, որ վերջնականապես սիրահարվեցի Խաչատրյանին ու աշխարհի որ մասում էլ լինեմ, պարտադիր պետք է հնչեցնեմ գոնե մեկ գործ մեծանուն կոմպոզիտորից,- ասաց ջութակահարուհին: Վաղը, «Ա. Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ջութակահարուհին հանդես կգա Կոնցերտ-ռապսոդիա ջութակի եւ նվագախմբի համար ստեղծագործության կատարմամբ: Իսկ Հայաստան գալը իմ պարտքն եմ համարում, քանի որ սա այն կոմպոզիտորի հայրենիքն է, ով իմ ստեղծագործական կյանքում նոր էջ բացեց»,- ասաց Հ. Ուդագավան: Շարունակելով խաչատրյանական թեման, ջութակահարուհին տեղեկացրեց, որ նախկինում ինքը հանդիպել է կոմպոզիտորի որդուն, որն իրեն տրամադրել է մեծանուն արվեստագետի երկերից. «Իհարկե, կային այնպիսի գործեր, որոնք փոխադրել եմ ջութակի եւ դաշնամուրի համար եւ 2003-ին՝ կոմպոզիտորի հոբելյանական տարում թողարկել CD, ուր ընդգրկված են միայն Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները»: Հետաքրքրվեցինք, թե ինչու է իր անվան դիմաց հայտագրում Մեծ Բրիտանիա: «Պարզ պատճառով՝ այնտեղ եմ ստացել բարձրակարգ կրթություն եւ այնտեղից են աշխարհի դռները բացվել իմ առջեւ»,- պատասխանեց ջութակահարուհին: Հետաքրքրվեցինք նաեւ աշխարհում այսօրվա երաժշտական անցուդարձով: «Տարօրինակ թող չհնչի, ուզում եմ մշակույթի միջազգային նախարարի կամ մշակույթի համաշխարհային դեսպանի պաշտոն վարել: Այս մտքին եմ եկել հետեւյալ պարզ պատճառով. աշխարհում ամեն ինչ ու ամեն գործ դանդաղ է կատարվում կամ ընթանում, իսկ մարդկային կյանքը շատ կարճ է: Երազում եմ, որ յուրաքանչյուր ազգի տաղանդ շատ արագ ճանաչվի աշխարհում, անկախ երկրների՝ միմյանց հետ ունեցած փոխհարաբերություններից: Ասածս արվեստում դժվար չէ իրականացնել, քանի որ մշակույթը համամարդկային ու անթարգման է»,- իր երազանքը ներկայացրեց Հ. Ուդագավան: Հանդիպման ավարտին ճապոնացի վարչապետի ծոռնուհուց չէինք կարող չհարցնել իր մեծ պապի 1853թ. սպանության մասին: Ջութակահարուհին ասաց, որ ինքը սպանության մասին լսել է ե՛ւ իր հարազատներից, ե՛ւ մինչ օրս մամուլում հրապարակվող վարկածներից. «Որ սպանությունը քաղաքական էր՝ անկասկած է: Իսկ պատճառը կոնկրետ դժվար է ասել, հատորներ են պետք այդ մասին գրելու համար»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել