Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՍՆԱԿԻ

Մայիս 26,2005 00:00

«ՄԱՍՆԱԿԻ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ» Սա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասնավոր կարծիքն է Երեկ լրացավ խորհրդարանի գործունեության երկու տարին եւ տեղի ունեցավ այս նստաշրջանի վերջին հերթական քառօրյան: Սակայն պատգամավորներն ու կառավարության անդամները այդպես էլ չսովորեցին միասին աշխատել, համենայնդեպս, երեկվա՝ կառավարությանը հարցեր տալու եւ կառավարությունից պատասխաններ ստանալու արարողությունը ինչ-որ պահի վերածվեց կռիվ-ղալմաղալի: Սակայն դա տեղի ունեցավ փակ դռների ետեւում, երբ վարչապետը դուրս եկավ ԱԺ նիստերի դահլիճից: Ներսից դուռը փակվեց, եւ լսվում էր տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի, պատգամավորներ Արամայիս Գրիգորյանի, Հրայր Կարապետյանի եւ էլի մի քանիսի ձայները: Կռվողները բավականին բարձր էին գոռգոռում, նույնիսկ հայհոյախառն արտահայտություններ էին հնչում, եւ այդ աղմուկը խանգարում էր լսել ԱԺ միջանցքում լրագրողների հարցերին պատասխանող վարչապետի ձայնը։ Իսկ կռվի առիթը Արամայիս Գրիգորյանի հարցն էր, որին ֆինանսների նախարարը նախ պատասխանեց չկամությամբ, հետո էլ ասաց, որ ինքն ուրիշ պատասխան չունի, եւ եթե դա չի բավարարում, թող դիմեն դատարան: Հենց սա էր, որ զայրացրել էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանին, որն էլ փորձում էր կառավարության պարոններին հասկացնել, որ դատարանի ճանապարհն իրենք լավ գիտեն, արդյո՞ք ամեն հարց պետք է հասցվի դատարան, երբ կա պարզապես հարցերը լուծելու ավելի արդյունավետ ճանապարհ. «Մի՞թե կառավարության հետ էլ պետք է դատարանի միջոցով հարցեր լուծենք»,- զայրացել էին պատգամավորները: Առայժմ կառավարության հետ դատարանի միջոցով ոչ մի պատգամավոր չի փորձելու հարցեր լուծել, իսկ վարչապետի կարծիքով՝ ամեն ինչ շատ ավելի լավ է, եւ անցած երկու տարում իրենք կարողացել են միասին աշխատել, եւ նույնիսկ շնորհակալություն հայտնեց ԱԺ-ին համատեղ աշխատանքի համար. «Խորհրդարանը երկու տարի նորմալ աշխատում է, եւ պատգամավորների ու կառավարության կողմից օրենքների նախագծերը կամ փոփոխությունները հիմնականում ընդունվել են, տնտեսական օրենսդրական դաշտում հսկայական աշխատանք է կատարված, եւ դա մեր խորհրդարանի շնորհքն է, ձեռքբերումն է: Չնայած դժվարություններ կային, վերջին մեկ տարին աշխատել ենք առանց ընդդիմության, այդ պատճառով խորհրդարանում պատգամավորների վրա եւ պատասխանատվություն կար, եւ ծանրաբեռնվածություն»: Վարչապետը կարծում է, որ վերջին շրջանում իր դեմ տպագրվում են պատվիրված նյութեր. «Ճիշտն ասած, մեկ բաժակ ջրում փոթորիկ են սարքում, առաջին հայացքից մի-երկու թերթի է վերաբերվում: Կա որոշակի քաղաքական պատվեր, բայց թող իրենք մտածեն, որովհետեւ տարիների ընթացքում միշտ էլ եղել են նմանատիպ պատվերներ, հետո անցել է։ Հույս ունեմ, որ նորից կանցնի, եւ պատվեր կատարողը, եւ պատվիրատուն իրենց նպատակին չեն հասնի»: Վարչապետի որդու թաղապետությունը, եթե հավատանք հորը, հատուկ շուքով չի նշվել: Մեր հարցին՝ ինչպե՞ս նշեցիք ձեր որդու թաղապետ դառնալը, վարչապետը պատասխանեց. «Ոչ մի ձեւով, առայժմ միայն շնորհավորել եմ»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք ժողովրդավարացման գործընթացները կհասնե՞ն նաեւ Հարավային Կովկաս, հետեւաբար՝ նաեւ Հայաստան: Աշխարհագրական որոշ հստակեցումներից հետո վարչապետն ասաց. «Եթե Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում, երեւի նկատի ունեն նաեւ Հայաստանը: Ուղղակի մենք պետք է աշխատենք, որ այդպիսի բան տեղի չունենա, որ այնպիսի քաղաքական եւ տնտեսական իրավիճակ չստեղծվի, որի հետեւանքով ինչ-որ մեկի մտքով անցնի մեզ մոտ էլ հեղափոխություն անել. եթե անհրաժեշտ լինի, եթե անելիք լինի՝ մենք կանենք, ուղղակի ես այդպիսի պահանջ առայժմ չեմ զգում, որ հեղափոխությամբ զբաղվենք»: Կարծում ենք հետաքրքիր ակնարկ արվեց վարչապետի կողմից, որը ընդդիմությունը պետք է ուշադրությամբ վերլուծի: Իսկ գլխավոր դատախազի կազմակերպած շուրջպարին եթե պաշտպանության նախարարը պատրաստվում է մասնակցել (երեկ նա մեր հարցին պատասխանելով՝ ասաց, որ մասնակցելու է, եւ որ դա ոչ այնքան պարելու գաղափարն է, որքան՝ միասնության), ապա վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առայժմ չի շտապում: Նա ասաց, որ հատուկ որոշում այս կապակցությամբ իրենք չունեն, եւ մայիսի 28-ին ինքը սովորաբար լինում է Սարդարապատում: ՀՀԿ-ն ի տարբերություն ՕԵԿ-ի՝ շուրջպարին մասնակցելու մասին քաղաքական որոշում չունի: «Առավոտը» հիշեցրեց, որ միջազգային կազմակերպություններից մեկը, գնահատելով անցած տարվա ապրիլյան դեպքերը, կարծիք էր հայտնել, որ դրանից հետո բոլորը սպասում էին կոալիցիայի պառակտմանը, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ մեծ էր իշխանության ղեկին մնալու գայթակղությունը: Վարչապետը այս գնահատականին համաձայն չէր. իր ասելով՝ միջազգայիններն էլ են սխալվում. «Մենք երկու տարի առաջ ընտրությունների հետեւանքով եկել ենք իշխանության, կազմել ենք կոալիցիա, եւ, բնականաբար, եթե կոալիցիան ինքը չի նախաձեռնում, մենք դեմ ենք լինելու իշխանափոխության ցանկացած նախաձեռնության: Եվ եթե ընդդիմությունն ասում է իշխանափոխություն, դա չի վերաբերում միայն ՀՀ նախագահին, դա վերաբերում է եւ ԱԺ նախագահին, եւ կառավարությանն ու վարչապետին: Մենք թիմով ենք եկել եւ թիմով էլ պետք է գնանք՝ մասնակի իշխանափոխություն չի լինելու»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել