Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ

Հունիս 09,2005 00:00

ՄԻ ԴՈՒՐՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է, ՄՅՈՒՍ ԴՈՒՐՅԱՆԸ՝ «ԳՐՈՀՈՒՄ» Նարեկ Դուրյանի հաջողությունները Ֆրանսիայում Մինչ Օհան Դուրյանը հրաժեշտ է տալիս բեմին, որդին՝ փարիզաբնակ բեմադրիչ Նարեկ Դուրյանը թատերարվեստում ընդլայնում է իր գործունեության շրջանակները, արվեստների քաղաքում, խստապահանջ ֆրանսիացիների առջեւ հանդես գալով որպես դրամատուրգ եւ դերասան: Բեմադրիչ Ն. Դուրյանին հայ թատերասերը ծանոթ է 1989թ. Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրած Սերվանտես-Բուլգակովի «Դոն Քիշոտ» մյուզիքլից եւ Փարիզի «Բոհեմ» թատերախմբի «Օպերացիա Նեմեսիս» պատմափաստագրական պիեսից: Այս օրերին Փարիզի Բաստիլ հրապարակում գտնվող 18-րդ դարի կառույց «Դեջազե» թատրոնում, որտեղ ժամանակին բեմ են բարձրացել աշխարհահռչակ Ժերար Ֆիլիպը, Կոլյուշը, Գիբեդոս Լեոֆերեն եւ այլք, Ն. Դուրյանի կատարմամբ ընթանում են իր՝ «Շնորհակալ եմ, Աստված» մոնոպիեսի ներկայացումները՝ ֆրանսերեն: «Առավոտը» կարճատեւ հեռախոսազրույց ունեցավ արվեստագետի հետ: – Ասում են՝ Փարիզում մեկ օրվա ընթացքում Բելմոնդոյի, Օսեինի, Կոմեդի Ֆրանսեսի եւ այլ հեղինակավոր թատրոնների կողքին, տարբեր երկրներից իրենց արվեստն են ցուցադրում ավելի քան 400 թատերախմբեր, բնականաբար՝ այն գրավելու ակնկալիքով: Ձեր մոնոպիեսը, ըստ մեր տեղեկությունների, մեկնարկել է հունիսի 1-ին եւ կշարունակվի մինչեւ 30-ը: Ինչպե՞ս ձեզ հաջողվեց բեմ բարձրանալ «Դեջազեում», այն էլ տեւական ժամանակով: – Արդեն 15 տարի է, ինչ Փարիզում գործում է իմ ղեկավարած «Բոհեմ» թատերախումբը եւ այդ ընթացքում մենք խաղացել ենք ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ Եվրոպայի մյուս երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Եգիպտոսում, արեւելյան երկրներում եւ այլուր: Այստեղ մեծ նշանակություն ունի թատերագետների հեղինակավոր խոսքը: Յուրաքանչյուր ներկայացումից հետո թերթերը ողողվում են քո բեմադրած, խաղացած կամ հեղինակած պիեսների մասին հոդվածներով: Երեւի դա է պատճառը, որ ստացա այս հեղինակավոր թատրոնի տնօրենի հրավերը: – Ինչի՞ մասին է ձեր «Շնորհակալ եմ, Աստված» մոնոպիեսը: – Այն ԽՍՀՄ-ից Փարիզում հայտնված Մելս անունով մի էմիգրանտի մասին է: Գիտեք, թե ինչպես է այդ անունը վերծանվում: Եթե փորձեմ մեկ նախադասությամբ պիեսի իմաստը բացատրել՝ խորհրդային մարդն իր հոգեբանությամբ հայտնվում է այլ երկրում եւ շրջապատում ընկալվում է կարծես արտառոց մի երեւույթ: Կարծում եմ, փոխանցելով հերոսի մտքերից մեկը, ինչ-որ չափով պարզ կդառնա պիեսի ասելիքը: Մելսն ասում է. «Տեսա դիկտատուրա եւ ազատություն ու նոր հասկացա մի պարզ բան՝ ազատությունդ չափվում է քո իսկ վանդակի մեծությամբ»: Կամ մյուս խոսքը՝ «Ես չեմ ուզում մեռնել, բայց, ցավոք, չգիտեմ էլ ինչպես ապրել»: Ակնկալելով ձեր հաջորդ հարցը, ասեմ, որ եթե Աստված հաջողի, օգոստոսին կգամ Հայաստան, այդժամ պարզ կլինի, թե երբ իմ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու եւ իր գնահատականը տալու այս պիեսին: – Ինչպե՞ս եք վերաբերվում մաեստրո Օհան Դուրյանի հրաժեշտի համերգաշարին, որը սկսվեց Երեւանում եւ իր շարունակությունն է ունենալու Ռուսաստանում եւ այլ երկրներում: – Կներեք անհամեստության համար, բայց պետք է ասեմ հետեւյալը. տաղանդավոր մարդը, խոսքը միայն հորս մասին չէ, հանգիստ նստել, իր գործով չզբաղվել չի կարող: Մի փոքր կասկածում եմ՝ Օհան Դուրյանի «հրաժեշտի» իմաստով: Հավանաբար՝ պարզապես կկրճատվի նրա համերգների քանակը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել