Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ը

Հունիս 15,2005 00:00

ՕԵԿ-Ը ՊԵՏՔ Է ԱՊԱՇԽԱՐԻ Ըստ Սուրեն Սուրենյանցի, դա է «Հանրապետություն» կուսակցության եւ ՕԵԿ-ի համագործակցության նախապայմաններից մեկը: Անցյալ շաբաթ հայկական մամուլը հերթական անգամ անդրադարձավ խորհրդարանական կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» եւ ընդդիմության ներկայացուցիչ «Հանրապետություն» կուսակցությունների հնարավոր համագործակցության հեռանկարներին՝ նկատի ունենալով այդ կուսակցությունների նախագահների կողմից միմյանց հասցեին փոխադարձաբար շռայլված կոմպլիմենտները: Ու թեեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ներկայացուցիչներն առաջին անգամ չէ, որ հերքում են ՕԵԿ-ի հետ սերտ համագործակցության կամ, այլ կերպ ասած, դաշնակցելու հնարավորությունը, այդուհանդերձ, այդ համագործակցության հեռանկարի անգամ երեւակայական հնարավորության մասին ենթադրությունները վիրավորել էին ե՛ւ կոալիցիայի անդամ ՀՀԿ-ի, ե՛ւ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի անդամ ՀԺԿ-ի ինքնասիրությունը: Մեզ հետ զրույցում, սակայն, «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հերթական անգամ փարատեց այդ հարցում շահագրգիռ բոլոր ուժերի հույսերն ու կասկածները: Նրա ասելով, «Հանրապետության» եւ ՕԵԿ-ի միջեւ քաղաքական համագործակցության մասին ոչ պաշտոնական եւ ոչ էլ ոչ պաշտոնական մակարդակով որեւէ պայմանավորվածություն չկա: Ինչ վերաբերում է մտադրություններին, ապա դրանք պայմանավորված են «Օրինաց երկրի» քայլերով, որովհետեւ մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք միանշանակորեն ենք գնահատել 2003-ի իրադարձությունները եւ այսօր ստեղծված իրավիճակը: Եթե ՕԵԿ-ը կապաշխարի այդ իրադարձություններին մասնակցելու համար եւ կվերանայի իր մոտեցումներն այդ խնդիրների շուրջ, ընդ որում՝ առաջին հերթին դրանց հրապարակայնորեն գնահատականներ կտա, միգուցե կարող է նաեւ իր կշիռն ու դերն ունենալ քաղաքական դաշտում եւ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում: Այսօր մեկ կամ երկու հարցազրույցում ԱԺ խոսնակի արտահայտած բարի կամքը բավարար չէ, որպեսզի ՕԵԿ-ին մենք համարենք քաղաքական գործընկեր»: Ս. Սուրենյանցի համոզմամբ, ՕԵԿ-ը նախ պետք է ապաշխարի եւ հայտարարի, որ 2003-ին ստի, կեղծիքի, զանգվածային ընտրախախտումների եւ մանդատագողության հիման վրա ձեւավորվել է մի իշխանություն, որին մաս է կազմում նաեւ ինքը: «Շատ ուրախ կլինենք եւ կողջունենք, եթե ՕԵԿ-ը եւ Արթուր Բաղդասարյանն այդ արատավոր պրակտիկայից հրաժարվելու կոնկրետ քայլեր անեն: Օրինակ, եթե ԱԺ խոսնակի հարցազրույցը խոսքից դառնա գործ եւ Ա. Բաղդասարյանն իսկապես հետամուտ լինի, որ Վենետիկի հանձնաժողովի առաջարկները սահմանադրական բարեփոխումների մասով ընդունվեն եւ ունենանք ՀՀ հիմնական օրենքի ավելի լավ նախագիծ, թեեւ մեր կուսակցության դիրքորոշումը մնում է նույնը՝ այսօր նման բարեփոխումների համար որեւէ նախապայման չկա: Կամ, եթե Ա. Բաղդասարյանն ու նրա ղեկավարած ՕԵԿ-ը գնահատական տան եւ գործնական քայլեր անեն բարեփոխելու համար այսօր գործող «Հանրահավաքներ, ժողովներ եւ երթեր անցկացնելու մասին» օրենքը, որն, ի դեպ, ընդունել է հենց պարոն Բաղդասարյանի գլխավորած խորհրդարանը, եւ այլն: Դա շատ ավելի կոնկրետ դիրքորոշում կլինի, քան նրա հարցազրույցներն ու մտադրություններն են»,- հայտարարեց «Հանրապետության» ներկայացուցիչը՝ միաժամանակ չբացառելով ՕԵԿ-ի հետ որոշակի խնդիրների շուրջ համագործակցության հեռանկարը միայն այն դեպքում, երբ ՕԵԿ-ը կապացուցի, որ այլեւս ռեժիմի կցորդը չէ: Այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված «Հանրապետություն» կուսակցության եւ ՕԵԿ-ի համագործակցության շուրջ պարբերաբար շրջանառվող տեղեկությունները: Ս. Սուրենյանցի ասելով՝ «չի կարելի երկու կուսակցությունների նախագահների հարցազրույցների կոնտեքստից կտրած արտահայտությունների հիման վրա հետեւություններ անել եւ եզրակացնել, որ փոխադարձ հարգալից վերաբերմունքը համագործակցության վկայություն է։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում ընդամենը արձանագրել էր, որ ի տարբերություն իշխանության այլ ներկայացուցիչների հրապարակային տեսակետների՝ Արթուր Բաղդասարյանի տեսակետները ավելի մոտ են այն պատկերացումներին, որոնք ունի «Հանրապետությունը»։ Բայց, կրկնում եմ, Ա. Բաղդասարյանի տեսակետները դեռեւս գործնական քաղաքականության չեն վերածվել»։ Իսկ թե ինչո՞ւ են այդ հայտարարություններն ընկալվել որպես համագործակցության նշաններ՝ Ս. Սուրենյանցն այսպես բացատրեց. «Այդպիսի եզրահանգումներ արած մարդկանց, թերեւս, երկու մասի կարելի է բաժանել. մարդիկ, ովքեր ուզում են արագ փոփոխություններ, նաեւ՝ ՕԵԿ-ի ու Ա. Բաղդասարյանի ելույթներում իշխանությունը լքելու մտադրություն տեսնել, ինչը կարելի է նաեւ բարի ցանկություն համարել։ Երկրորդ՝ մարդիկ կան, ովքեր մեկ լուրի հիման վրա փորձում են լուրջ հետեւություններ եւ վերլուծություններ անել, ինչը առարկայական համարել չեմ կարող։ Այդուհանդերձ, անկախ նրանից կուսակցությունը քաղաքական ինչ համաձայնություններ եւ ինչ ուժի հետ կունենա՝ ուզում եմ, որ բոլորը հստակ իմանան՝ «Հանրապետություն» կուսակցությունը բոլոր դեպքերում ունի նախագահի իր թեկնածուն՝ ի դեմս Արամ Սարգսյանի, եւ նա որեւէ դեպքում այլ թեկնածուի օգտին իր թեկնածությունը չի հանի։ Իսկ եթե որեւէ կուսակցություն կմիավորվի մեր թեկնածուի շուրջ՝ մենք միայն ուրախ կլինենք»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել