Լրահոս
Օրվա լրահոսը

Կլինեն

Հունիս 15,2005 00:00

Կլինեն երեխաներ, որ կլացեն Բայց հիմնական մասը երջանիկ կլինի 5, 6, 7, 8, 9 եւ բացառիկ դեպքերում 10 գնահատականով Հանրակրթության պետական կրթակարգի համաձայն, 12-ամյա միջնակարգ կրթությանն անցնելիս ներմուծվելու են մի շարք նորարարություններ, այդ թվում եւ՝ գնահատման նոր ձեւ: Վերջինս պետք է արտացոլի սովորողի պատրաստվածության մակարդակն ու նրա անձնային-անհատական որակները: Ըստ գնահատման նոր սանդղակի, պետք է ստուգվեն չափորոշիչներով սահմանված գիտելիքների յուրացումը, սովորածը գործնականում կիրառելու կարողություններն ու հմտությունները, ինչպես նաեւ մտավոր գործունեության մակարդակը: Իսկ գնահատման արդյունքն արտահայտվում է պաշտոնապես ընդունված 10 միավորային սանդղակով: Ընդ որում, այս միավորներն ունեն իրենց բնութագրությունները: Այսպես՝ 1- շատ վատ, 2- վատ, 3- անբավարար, 4- բավարար, 5- միջին, 6- միջինից բարձր, 7- լավ, 8- շատ լավ, 9- գերազանց, 10- բացառիկ: Ըստ որոշ մասնագետների, բնութագրումը խիստ մանրացված ու ճռճռան է, հին ձեւի անհաջող ձեւափոխումը եւ կարելի էր պարզապես սահմանազատել բավարարը, միջինն ու անբավարարը: Իսկ գնահատման այս ձեւով, ըստ նրանց, մենք աճեցնում ենք հերթական կոմպլեքսավորված սերունդը: Արդյո՞ք սա աշակերտներին մշտական սթրեսի մեջ պահելու մի ձեւ չէ: Պարզաբանման համար դիմեցինք «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանին: «Նախ պետք է ասեմ, որ տարրական դպրոցում այդ տիպի գնահատումն այդքան չի կարեւորվում: Երբ արդեն երեխան տարիքային առումով հասունացած է, այն ժամանակ միայն պետք է կիրառվի այդպիսի բալային համակարգ»,- ասում է Կ. Մելքոնյանը: Իսկ ըստ պատասխանատուների, երեխան տարիքային առումով հասունանում է արդեն 2-րդ դասարանում, որովհետեւ հենց 2-րդից կիրառվում է այս թվանշանային գնահատումը: «Մտահոգությունը, որ աշակերտները կարող են սթրեսի մեջ ընկնել ձեւակերպումներից… դուք ավելի եք մտահոգվում, քան երեխաներն իրենք: Որովհետեւ այսօր էլ հիմնականում սթրեսի մեջ են ընկնում այն երեխաները, ովքեր լավ սովորում են եւ նրանց անարդար են վերաբերվում: Իսկ երբ գնահատականն արդարացի է նշանակվում (իսկ դա մեթոդների խնդիր է), ոչ ոք սթրեսի մեջ չի ընկնում»: Ի դեպ, թեեւ պրն Մելքոնյանն իբրեւ ծրագրի պատասխանատու նշում է, որ իրենք չեն խրախուսում բացասական գնահատականների առատությունը, սակայն միեւնույն ժամանակ նշում է, որ սանդղակի միայն 40 տոկոսն է դիտարկվում իբրեւ դրական: «Կլինեն երեխաներ, որ կլացեն, բայց դրանք մեթոդիկայի հարցեր են»: Ինչ վերաբերում է 10՝ բացառիկ միավորին, ապա, ըստ պրն Մելքոնյանի, այն կնշանակվի հազվադեպ: «Գերազանցից ավելին չէինք կարող տալ, նույնիսկ նախատեսում էինք 9 բալանոց գնահատում, բացառիկ են նրանք, ովքեր ուսումնական նյութից, ծրագրից դեռ մի բան էլ ավելին գիտեն, այսինքն՝ նրանք չափորոշիչով նախատեսվածից ավելին են ներկայացնում»: Եվ սա այն դեպքում, երբ նույն կրթակարգով գնահատվում է «չափորոշիչներով սահմանված գիտելիքների յուրացումը»: Իսկ 10 միավոր ստանալը պարտադիր չէ, բայց պարտադիրի շարքում է ընդգրկված: Այն աշակերտներն էլ, ովքեր տիրապետում են չափորոշիչներով սահմանված գիտելիքներին, միեւնույն է, կմնա անլիարժեքության զգացումը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել