Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

Հուլիս 29,2005 00:00

ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ Հարկային բարեփոխումների վերջին փաթեթը, պարզվում է, հարկատուների համար գլխացավանքներ ստեղծելու իր ամբողջ պոտենցիալը չէ, որ սպառել է: Ամենայն հավանականությամբ մյուս տարվա սկզբին հարկատուների կողմից դժգոհության նոր ալիք կբարձրանա: Ինչպես հայտնի է, բարեփոխումների համաձայն, գրանցված եւ չգործող ընկերությունները պարտավոր են առնվազն մեկ վարձատրվող աշխատող պահել: Նույնիսկ եթե ընկերությունը որեւէ ֆինանսական գործարք չի կատարել: Հունվարին, երբ հարկային տեսչությունները համատարած չէին ընդունում հաշվեկշիռները (վարձու աշխատող ընդգրկելու պահանջով), ընկերությունների սեփականատերերը փոխեցին հաշվեկշիռները, իրենց չգործող ՍՊԸ-ներում կամ հ/կ-ներում գրանցելով այդպիսի աշխատողներ: Սակայն այսօր արդեն հարկատուներից շատերը մտավախություն ունեն, որ սա գլխացավանք է դառնալու իրենց համար: Խնդիրն այն է, որ հարկային տեսուչները կարող են իրենց իսկ ընդունած հաշվետվությունների համար ընկերություններին տուգանել: Այդպիսի ընկերություններից մի քանիսի սեփականատերեր, այդ թվում «Առավոտի» տնօրեն Պետրոս Պետրոսյանը, որն իր անունով ունի գրանցված, բայց չգործող ընկերություն, անհանգստացած է, որ 1 վճարովի աշխատողով ըստ էության հարկայինի հետ հաշիվները չեն փակվում: Խնդիրն այն է, որ վճարովի մեկ աշխատող պահելը ենթադրում է մի շարք հետեւանքներ. նրան պետք է վճարվի թեկուզ 13000 նվազագույն աշխատավարձ եւ սոցվճարներ: Մինչդեռ աշխատավարձ վճարելու համար, մի շարք հաշվապահների պատկերացմամբ, անհրաժեշտ է պահել «Դրամարկղային գիրք»: Իսկ դրամարկղային գրքույկ վարելու համար անհրաժեշտ է հաշվապահ ունենալ, ընդ որում՝ ոչ միեւնույն անձը, ինչպես նաեւ գանձապահ: Գործնականում ստացվում է, որ չգործող ընկերության սեփականատերը երեք աշխատող պետք է պահի, նրանց համար վճարումներ կատարի: Սակայն բազմաթիվ այսպիսի ընկերություններ արդեն իսկ մեկ աշխատողով հաշվետվություն ներկայացրել են: Եվ հաշվապահներից ու ընկերությունների ղեկավարներից շատերը մտավախություն ունեն, որ հետագայում հարկային տեսուչները կվերանայեն իրենց հաշվետվությունները եւ տուգանքների կենթարկեն իրենց: Որոշակի գնահատականներով 50-100 հազար նման ընկերություն կա հանրապետությունում: Պարզ է, որ նրանցից որոշները գործունեություն ծավալում են, սակայն ֆինանսական գործարքներ ցույց չեն տալիս: Եվ այս դրույթը սահմանելով, կառավարությունը նախ փորձել է այս ընկերությունից իր հասանելիքը ստանալ: Բացի այդ, կառավարությունն անիմաստ է համարում չգործող ընկերությունների առկայությունը եւ այս բարեփոխումով մտադիր է վերջիններիս կամ աշխատեցնել, կամ փակել տալ: Սակայն հետաքրքրին այն է, որ այս ընկերությունները գրանցված լինելով եւ չգործելով՝ պետությունից որեւէ ռեսուրս չեն խլում: Մինչդեռ դրանք լուծարելը ծախսերի հետ է կապված՝ առնվազն $100-150-ի եւ այսօր նման ընկերություններ ունեցողներից ոչ բոլորն են ի վիճակի նման ծախսեր կատարել: Բացի այդ, հետագայում ցանկացած ժամանակ կարող է պետք գալ այդպիսի ընկերությունը՝ առանց ավելորդ քաշքշուկների, մուծումների, կաշառքների ընկերություն գրանցելու եւ բիզնես սկսելու համար: Իսկ առայժմ Պետրոս Պետրոսյանը Հարկային պետական ծառայությունից խնդրում է պարզաբանում, թե ինչպես պետք է վարվեն այսպիսի իրավիճակում հայտնված հաշվապահները՝ չվաստակած տուգանքներից խուսափելու համար: Բացի այդ, պարոն Պետրոսյանը Հարկային ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանին խնդրում է կարգի հրավիրել տարածքային տեսչությունների՝ մասնավորապես Արաբկիրի, հաշվետվություններն ընդունող աշխատակիցներին, «որոնց թվում է, որ իրենք հաշվետվություն հանձնողների (անգամ մեծ փորձ ունեցող) նկատմամբ առավելություններ ունեն, չնայած նրանց վճարած հարկերից են վարձատրվում: Հերթեր են կուտակում, անգամ համակարգչի վրա այդ մի երկու կնոպկան էլ մուննաթով են սեղմում: Ընդամենը այդ մարդկանց պետք է բացատրել, որ նրանք մեր հաշվին են վարձատրվում եւ այդ հաշվետվությունները պետք է ընդունեն շնորհակալությամբ՝ աշխատանքային մթնոլորտում»: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել