Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇԻՆՔՈՒՄ

Օգոստոս 25,2005 00:00

ԴԱՇԻՆՔՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆՊԵՍ ՉԷ Երեկ ԱԺ-ում «Արդարություն» խմբակցության պատգամավոր Շավարշ Քոչարյանի ասուլիսից հենց այսպիսի տպավորություն ստացվեց: Պարոն Քոչարյանի ասելիքը, ինչպես ինքը ներկայացրեց, բաժանված էր երկու մասի՝ հստակեցնել «Արդարություն» խմբակցության դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ եւ հանրությանն ապացուցել, որ անցյալ շաբաթ Հայաստան այցելած ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը ոչ թե հիասթափված է ընդդիմության քայլերից, այլ լիովին համամիտ է նրա հետ: Բայց այս ամենի մասին՝ հերթով: Դաշինքում մեկը մյուսից անտեղյակ են «Արդարություն» խմբակցության դիրքորոշումը, ցավոք, աղավաղված է ներկայացվել»,- անդրադառնալով օգոստոսի 18-ին խմբակցության խորհրդի նիստի կայացրած եւ դրա մասին նիստից հետո խմբակցության անդամների, այդ թվում՝ քարտուղար Վիկտոր Դալլաքյանի հայտարարություններին՝ ասաց Շ. Քոչարյանը: Նրա մատուցմամբ՝ «Հուլիսի 19-ին կայացրած մեր որոշումը եւ հրապարակային ներկայացված գնահատականը մնում են ուժի մեջ: Ինչ վերաբերում է օգոստոսի 18-ի նիստին, ապա այնտեղ մենք ընդամենը գնահատական տվեցինք մեր նախորդ հայտարարությունից հետո կատարված քայլերին եւ արձանագրեցինք հետեւյալը՝ բովանդակային մասով կատարված սահմանադրական փոփոխությունները լիարժեք չեն եւ չեն համապատասխանում մեր ներկայացված պահանջներին, վստահության մթնոլորտի ձեւավորման հարցում որեւէ քայլ չի արվել: Հետեւաբար, բացակայում են նախադրյալները հանրաքվեին «այո» ասելու համար»: Շ. Քոչարյանը տարակուսանք հայտնեց, որ խմբակցության այս դիրքորոշումը, որն, իր ասելով, շատ հստակ է, չգիտես ինչու՝ ԵԽԽՎ նախագահին մատուցվել է որպես հանրաքվեին «ոչ» ասելու որոշում: «Արդարություն» դաշինքը նման բան չի որոշել»,- հայտարարեց Շ. Քոչարյանը: Այս հայտարարությունից հետո լրագրողներին եւ մեր հասարակությանը մնում է, մեղմ ասած, զարմանալ: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Շ. Քոչարյանի վկայակոչած նիստից հետո «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել էր. «Ես միանգամայն տրամաբանական եմ համարում, որ ընդդիմությունը օգտագործի խորհրդարանական ամբիոնը՝ ուղիղ եթերով ժողովրդին կոչ անելու «ոչ» ասել սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակին»: Շ. Քոչարյանի արձագանքն այս մեջբերմանն այսպիսին եղավ. «Եթե Վ. Դալլաքյանն ասել է նիստից հետո, ապա դա մեր նիստի որոշումը չէ: Դա իր անձնական կարծիքն է՝ իրենից ճշտեք, որովհետեւ խմբակցության որոշումն այս է եղել՝ «չկա բավարար հիմք «այո» ասելու համար»: Մյուս կողմից, մեր ունեցած տեղեկություններով, դաշինքի նույն նիստում մասնավորապես «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր գործընկերներին հատուկ դիմել է սահմանադրական հանրաքվեին «այո» կամ «ոչ» ասելու շուրջ դաշինքի դիրքորոշումը հստակեցնելու համար՝ դրանով պայմանավորելով որոշմանը միանալ-չմիանալու հարցը: Ու թեեւ եղել են տարբեր կարծիքներ այս խնդրի շուրջ, ասենք՝ զուտ մարտավարական տեսանկյունից առայժմ «ոչ» չասել, այլ ասել՝ «այո»-ի համար հիմքեր չկան», սակայն դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն, ի վերջո, հատուկ շեշտել է, որ խմբակցությունը այդ հանրաքվեին «ոչ» է ասելու: Թե ո՞վ է իրականում ղեկավարում դաշինքում, ո՞վ է վերջնական որոշումներ ընդունում եւ կամ՝ ո՞ւմ աչքին է հիմա թոզ փչում «Արդարությունն» իր բառախաղերով՝ մնում է ենթադրել: Այդուամենայնիվ, ո՞ր դեպքում է դաշինքը սահմանադրական հանրաքվեին «այո» կամ «ոչ» ասելու: Շ. Քոչարյանի ասելով, որը, թերեւս, նաեւ դաշինքի մոտեցումն է, բովանդակային իմաստով պետք է բավարարվեն «Արդարության» առաջարկություն-պահանջներից նվազագույնը հինգը: Եթե իշխանություններն ընդառաջ գնան ընդդիմությանը, դա դեռեւս բավարար պայման չէ հանրաքվեին «այո» ասելու համար, որովհետեւ կա եւս մեկ կարեւոր պայման՝ վստահության մթնոլորտի ձեւավորում, որը պետք է առկա լինի մինչեւ հանրաքվեն: Հակառակ դեպքում դաշինքը հանրաքվեին կասի «ոչ»: Եթե վստահության մթնոլորտ ձեւավորվի, իսկ բովանդակային փոփոխությունները չբավարարեն «Արդարությանը», ըստ Շ. Քոչարյանի, դարձյալ ասվելու է «ոչ», եւ դա վերածվելու է «Ռ. Քոչարյանի իշխանության «ոչ»-ի»: Պատգամավորը փորձեց բացատրել դաշինքի որդեգրած դիրքորոշումը: Ըստ այդմ, «Արդարությունը» սահմանադրական գործընթացը բաժանել է երկու փուլի՝ բովանդակություն եւ քարոզչություն: «Մենք կարող ենք գնահատական տալ բովանդակությանը, բայց դա ամենեւին չի նշանակում, որ մենք հանրաքվեին «այո» ասելու քարոզչություն կծավալենք, որովհետեւ մենք հասկանում ենք, որ անգամ լավագույն փաստաթղթի դեպքում «այո»-ն պայմանավորված է ոչ թե մեր կոչով, այլ որեւէ ընտրության նկատմամբ հասարակության վստահությամբ: Ուստի, մենք պահանջում ենք, որ մինչեւ հանրաքվեն քայլեր արվեն, որոնք ժողովրդի մոտ վստահություն կառաջացնեն: Իսկ ժողովրդին պետք են ոչ թե դատարկ կոչեր, այլ կոնկրետ գործեր, որոնք կստեղծեն այդ վստահության մթնոլորտը՝ պատժել նախորդ ընտրությունների ժամանակ կեղծողներին, բռնություն գործադրողներին, մաքրել ընտրացուցակները, ապահովել ԶԼՄ-ների անկախությունը: Ասեմ թեկուզ մի քայլ, որը միանգամից շատ բան կփոխի. 2003-ին ո՞վ էր ընտրակեղծիքների եւ բռնարարքների թիվ մեկ կազմակերպիչը, ո՞վ էր խոսում հայ ազգի մենթալիտետի մասին՝ Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետ Սերժ Սարգսյանը: Դե, թող հանի պաշտոնից, տեսեք՝ մթնոլորտը ոնց կփոխվի»,- երեկ ասաց Շ. Քոչարյանը: ԵԽԽՎ նախագահն ու ընդդիմությունը «Արդարություն» խմբակցության պատգամավորի ասուլիսի երկրորդ մասը նվիրված էր ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի հայտարարություններին: Շ. Քոչարյանը փորձեց ԵԽԽՎ նախագահի՝ նախկինում եւ օրերս հայտնած տեսակետները բերել ու հանգեցնել ընդդիմության պահանջներին: Դա ստացվեց: Բայց դա ընդդիմության համար, թերեւս, կարեւոր էր իշխանությունների եւ խորհրդարանական կոալիցիայի վրա հոգեբանական ճնշում գործադրելու իմաստով եւ վերջիններիս հիշեցնելու, որ ընդդիմության կողմից կատարվող քայլերը բխում են եվրոպական այդ կառույցի պահանջներից եւ պարտադիր են կատարման համար: Եվ եթե ընդդիմության պահանջները բովանդակային իմաստով մինչեւ արտահերթ նիստը չկատարվեն եւ մինչեւ հանրաքվեն վստահության մթնոլորտ չձեւավորվի, իշխանություններն ու կոալիցիան հանկարծ չփորձեն ընդդիմությանը մեղադրել սահմանադրական հանրաքվեն տապալելու մեջ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել