Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԻԾԸ ՊԵՏՔ Է ԼՐԱՄՇԱԿՎԻ

Սեպտեմբեր 01,2005 00:00

Կարծում
է ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը «ԱԺ-ի դատին այսօր ներկայացված փաստաթուղթը
որակապես տարբերվում է մայիսին առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրական բարեփոխումների
նախագծից»,- այս կարծիքի կողմնակիցներից է նաեւ քրիստոնեադեմոկրատ Խոսրով Հարությունյանը:
Չնայած նրան, որ ՔԴՄ-ն գտնում էր եւ գտնում է, որ գործող Սահմանադրությունը չէ մեր
իրականությունում ձեւավորված դեֆորմացիաների պատճառը, բայց դեմ չեն հարմար առիթն
օգտագործել եւ այն առավել բարեփոխել: Ուստի ԱԺ-ում քննարկվող փաստաթղթի նկատմամբ
դրական վերաբերմունքով հանդերձ ՔԴՄ-ն որոշ դիտողություններ ունի: Մասնավորապես, ՄԱԿ-ի
կողմից արդեն հնչեցված հողի նկատմամբ օտարերկրյա քաղաքացիների սեփականության դրույթ
ամրագրելը: Այս առիթով, ի պատասխան Մհեր Շահգելդյանի այն նկատառմանը, որ մի տասը
քառակուսի մետրի համար չարժե օրենք ընդունել, Խոսրով Հարությունյանը կարծում է, որ
մեկ քառակուսի մետրի համար էլ արժե օրենք ընդունել, որովհետեւ՝ «Սեփականության իրավունքը
սուրբ իրավունք է: Քանի դեռ մեզանում այս գիտակցությունը չկա, ուրեմն հետագայում,
մեծ իմաստով, վտանգված է սեփականության ինստիտուտը»: ՔԴՄ-ի համար վիճելի է կառավարության
ձեւավորման ներկայիս մոդելը եւ այլն, եւ այլն: Արդյունքում՝ «Փաստաթուղթը լրամշակելու
լուրջ անհրաժեշտություն ունի: Այս հնարավորությունն ԱԺ-ում պետք է օգտագործվի թե
ընդդիմության, թե մեծամասնության կողմից»: ԱԺ-ում այս երկու օրերի ընթացքում հիմնականում
մեծամասնության կողմից հնչած դիտողություններին, որ հնարավոր չէ բոլոր առաջարկները
ներառել, պարոն Հարությունյանն այսպես է պատասխանում. «Կարող է մեկ առաջարկություն
չընդունվել, որը կլինի ամենաառանցքայինը: Սահմանադրությունն ամբողջական փաստաթուղթ
է, եթե կան հիմնախնդիրներ, ապա դրանց շուրջ վերջնական կոմպրոմիսային մոտեցում պետք
է լինի»: Այս ամենով հանդերձ կուսակցությունը վերջնական տեսակետ կարտահայտի ավելի
ուշ՝ վերջնական տարբերակի առկայության պարագայում: Ինչ վերաբերում է հարցի
քաղաքական կողմին, ըստ մեր զրուցակցի, այդ զարգացումները դեռ բավականին խճճված են:
Նրա վրա մեծ տպավորություն է գործել նախորդ օրը Շավարշ Քոչարյանի ելույթը, որը՝ «այս
ողջ ընթացում ընդդիմության՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ միակ լուրջ
եւ հասկանալի ելույթն էր»: Դրանից հետո պարոն Հարությունյանի համար պարզ է դարձել,
որ ընդդիմությունը բովանդակային առումով խնդիր չունի այս նախագծի հետ, բայց նա չի
վստահում իշխանություններին, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն հաջողությամբ
անցկացնելուց հետո, մեր իրականության մեջ որեւէ բան փոխվելու է: Նախագծի անցումային
դրույթներից Շ. Քոչարյանի վկայակոչած՝ բարեփոխիչ բովանդակություն ամրագրող հոդվածների
կիրառման մի քանի տարի հետաձգումը, Խոսրով հարությունյանին նույնպես մտահոգվելու
տեղիք է տալիս: Եվ որ ամենակարեւորն է, նա փաստում է, որ դիտողությանն այդպես էլ
ադեկվատ պատասխան չհնչեց: Ուստի՝ «Եթե ընդդիմությունն անկեղծ է, կարող է պահանջ դնել՝
քննարկենք, թե ինչո՞ւ այս կամ այն դրույթը կարող է կիրառվել 2-3 տարուց: Սա կարող
է լուրջ թեմա դառնալ եւ նախեւառաջ կոալիցիան պետք է օգտագործի այս հնարավորությունը:
Հուսանք, որ քաղաքական ողջամտությունը կհաղթի եւ երկու կողմերն էլ կհասկանան հանրության
առջեւ իրենց պատասխանատվությունը»,- կարծում է Խ. Հարությունյանը: Մյուս կողմից
նա չի կարծում, որ լավագույն Սահմանադրություն ունենալուց հետո մեր կյանքը վարդագույն
կդառնա, քանի դեռ մեր քաղաքացին, պետական պաշտոնյան, իշխանավորն ընտրել չեն սովորել:
Այս տեսանկյունից, ՔԴՄ նախագահի կարծիքով, անհիմն են սահմանադրական բարեփոխումները
իշխանությունների լեգիտիմությամբ պայմանավորողների մոտեցումները: Ե՛վ իրավական,
ե՛ւ քաղաքական տեսանկյունից կարեւորելով սահմանադրական բարեփոխումների նկատմամբ այս
աշխուժությունը, մեր զրուցակցին վրդովվեցնում է այն, որ հանրաքվեն իրականացնելու
են ներկայիս ընտրական հանձնաժողովները. «Ես ուղղակի ապշում եմ, ԸՕ-ում տեղ գտան այնպիսի
ճչացող, գործնականում անհնարին այնպիսի փաստեր… Ասենք, «Ժողպատգամավորը»՝ քաղաքական
ուժ չներկայացնող միավորը, ունենում է տեղ քաղաքական կառուցվածք ունեցող հանձնաժողովում:
Որեւէ մեկը սրա դեմ չխոսեց, բոլորը շատ հանգիստ ընդունեցին: Կամ՝ արտախորհրդարանական
ուժերն առաջարկեցին, որ հանձնաժողովները կազմված լինեն տվյալ ընտրություններին մասնակից
քաղաքական ուժերի մեկական ներկայացուցիչներից: Որեւէ մեկը չաջակցեց: Առաջարկվեց օրենքով
ամրագրել, եթե հանձնաժողովի նախագահը մեծամասնությունից է, տեղակալը պետք է ընդդիմությունից
լինի: Չարձագանքեցին: Տպավորություն է, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերին
այս իրավիճակը միանգամայն բավարարում է»: Այս է պատճառը, որ ՔԴՄ-ն մտավախություն
ունի (նաեւ սահմանադրական բարեփոխումների առիթով), որ կարեւորը ձեւն է դառնում, ոչ
թե քաղաքական գիտակցությունը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել