Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ոչ խմբագրական փոփոխություններ

Սեպտեմբեր 28,2005 00:00

Մինչեւ վերջին պահն էլ ԱԺ-ն Սահմանադրության
փոփոխությունների ընդունման գործընթացն իրականացրեց խախտումներով: Խորհրդարանը
երեկ 3-րդ ընթերցմամբ քննարկեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին
նախագիծը: Թեեւ 3-րդ ընթերցման ժամանակ իրականացվում են բացառապես խմբագրական բնույթի
փոփոխություններ, այնուամենայնիվ՝ կատարված շուրջ 100 փոփոխությունից շատերը բավական
էական բնույթի են: Ասենք, 2-րդ ընթերցումից հետո մի հոդված է ավելացվել. «Հայաստանի
Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող
են կարգավորվել համաձայնագրով»: Վերջնական տեքստում հետեւյալ տարբերակն է,
թե այդ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Հանել են հոդված 14-ից
հետեւյալ արտահայտությունը. «Հայաստանի Հանրապետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու
հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի
սկզբունքներին ու նորմերին համապատասխան»: Ավելացվել է մի նոր մաս 16 հոդվածում,
ըստ որի՝ օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում նաեւ այս դեպքում՝ «օրենքով
սահմանված որոշակի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով»: Հոդված 28-ում
ավելացվել է, թե կուսակցություններ ու արհմիություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու
իրավունքներն օրենքով կարող են սահմանափակվել նաեւ Սահմանադրական դատարանի անդամի
նկատմամբ: Վերջիններիս մասին հիշատակում է ավելացվել նաեւ 29 հոդվածում եւ ըստ այդմ,
օրենքով կարող է սահմանափակվել ՍԴ անդամների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը:
Ամենաուշագրավ փոփոխություններից մեկը հետեւյալն է. 2-րդ ընթերցմամբ ընդունված
նախագծի 31 հոդվածում նշված էր. «Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց
հողի նկատմամբ սեփականության ձեռք բերման իրավունքը կարող է սահմանվել օրենքով»:
Այս դրույթը բավական քննադատվեց եւ համարվում էր վտանգավոր: Եվ ամբողջապես ընդունվելուց
առաջ այն հանել են եւ թողել գործող Սահմանադրության ձեւակերպումը, ըստ որի՝ «Հողի
սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն
չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: Քննադատվել էր նաեւ
56.1 հոդվածի այն դրույթը, ըստ որի՝ «իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների
համար ՀՀ նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից
հետո, բացառությամբ 57 հոդվածում սահմանված դեպքերի»: Հանվել է այս հղումը 57 հոդվածին,
ըստ որի՝ նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության
համար: Փոփոխության է ենթարկվել նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրության սկզբունքը. առաջարկվում
է ամրագրել, որ «օրենքով կարող է սահմանվել Երեւանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի
ընտրություն»: 2-րդ ընթերցմամբ ընդունված նախագծում նշված էր միայն անուղղակի ընտրության
սահմանման հնարավորությունը: Համաձայնեք, որ սրանք բնավ զուտ խմբագրական փոփոխություններ
չեն: Ուստի կարելի է ասել, որ ԱԺ կանոնակարգը եւս մեկ անգամ ոտնահարվեց Սահմանադրության
փոփոխությունների գործընթացում: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ.
Գ. Նաեւ բավական զավեշտ սխալներ են ուղղվել 3-րդ ընթերցման ժամանակ: 2-րդ ընթերցմամբ
ընդունվել էր 16 հոդվածը, որի մի դրույթը նախատեսում էր, թե յուրաքանչյուր ոք ունի
«ապօրինի ազատությունից» զրկման դեպքում վնասի հատուցման իրավունք: Հիմա արդեն ուղղվել
է, թե խոսքն ազատությունից ապօրինի զրկման մասին է: Կամ 35 հոդվածով սահմանվում էր,
թե «յուրաքանչյուր ոք հղիության եւ ծննդաբերության դեպքում ունի» վճարովի արձակուրդի
իրավունք: Հիմա որոշակիացվել է, որ այդ «յուրաքանչյուր ոք»-ը տղամարդիկ չեն, այլ
աշխատող կանայք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել