Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմերի

Նոյեմբեր 03,2005 00:00

Ֆիլմերի գլխավոր դերերում ձիերն են Օրերս Ֆրանսիայի Քոբուրգ քաղաքում ավարտված 12-րդ միջազգային Epona կինոփառատոնին Հայաստանը մասնակցեց առաջին անգամ: «Նախնական դիտումների արդյունքում, 29 երկրի ռեժիսորների 410 ֆիլմից, փառատոնի ժյուրիի որոշմամբ, մրցելու իրավունք էր ստացել միայն 45-ը: Գերակշռում էին ֆրանսիացի ռեժիսորների (թվով 18) ֆիլմերը, իսկ մյուսները Կանադան, ԱՄՆ-ը, Իտալիան, Գերմանիան եւ այլ պետություններ ներկայացնող ռեժիսորների աշխատանքներ էին»,- մեզ հետ հանդիպման սկզբում տեղեկացրեց ռեժիսոր, օպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյանը: Նրա «Կրակից ծնվածը» ֆիլմը ընդգրկված էր փառատոնի դոկումենտալ, նորություններ, ռեկլամ, ռեպորտաժ անվանակարգերից վերջինում: «Այս անվանակարգում 9 ֆիլմ էր, որից 5-ը՝ ֆրանսիացի, իսկ մյուսները իտալացի, կանադացի, ամերիկացի ռեժիսորների գործեր էին: Իմ նկարահանած աշխատանքն արժանացավ Գրան պրիի»,- ասաց ռեժիսորը: Հետաքրքրվեցինք՝ առաջին հայացքից տարօրինակ այդ կինոփառատոնում գլխավոր դերակատարները՝ ձիերը, ինչպե՞ս էին ներկայացված, եւ խնդրեցինք պատմել իր ֆիլմի հերոսի մասին: «Հիանալի նկարահանումներ կային: Օրինակ՝ ինչպես են պարել սովորեցնում Վիեննայի թագավորական պալատի ձիերին կամ ինչպես են վարժեցնում, բուծում, խնամում. ցուցադրվեցին այդ կենդանիների մրցույթը պատկերող հետաքրքիր նկարներ»,- պարզաբանեց նա: Ըստ մեր զրուցակցի, իր ֆիլմը տարբերվում էր այս փառատոնի պատմության ընթացքում ներկայացված բոլոր նկարներից: «Փառատոնի ժյուրիի գլխավոր նախագահ, ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Ժակ Դուալոն շնորհելով ինձ մրցանակը՝ նշեց, որ ֆիլմիս նախնական դիտման սկզբում իրենց՝ ժյուրիի անդամներին թվացել է, որ փառատոնին առաջին անգամ ներկայացած հայ ռեժիսորը միգուցե լավ չի հասկացել պայմանները, այն է՝ ներկայացնել ֆիլմ, որի գլխավոր հերոսը ձին է»,- նշեց ռեժիսորը: Ս. Տեր-Գրիգորյանը պատմեց իր հերոսի՝ երկաթե ձիու մասին. «Ֆիլմումս նկարել եմ շնորհալի քանդակագործ Արա Ալեքյանի մեկ գործի՝ երկաթե ձիու պատրաստման ընթացքը սկզբից մինչեւ վերջ: Ամենամեծ տպավորությունը թե ժյուրիի, թե հանդիսատեսի վրա թողել էր նկարիս հետեւյալ դրվագը. երբ քանդակագործը ավարտում է երկաթի կտորների մոնտաժման աշխատանքը, ինչի արդյունքում ստացվում է ձին, իր աշխատանքի բացմանը նա իր քանդակը փաթաթում է թղթով ու այրում: Արդյունքում թուղթն այրվում է, իսկ երկաթե ձին մնում կանգնած: Նշեմ, որ սա Արայի մտահղացումն էր»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե եղե՞լ են Ս. Տեր-Գրիգորյանի ֆիլմը ձեռք բերելու առաջարկներ: Ռեժիսորը հայտնեց, որ դա ժամանակի խնդիր է. «Եվրոպական TV-ների, տարբեր գործակալությունների մենեջերները հավաստիացրին, որ առաջիկայում կկապվեն ինձ հետ՝ նկարի ձեռքբերման ակնկալիքով»: Հայտնենք նաեւ, որ երեւանյան «Ոսկե ծիրան-2005» միջազգային կինոփառատոնում ներկայացված այս ֆիլմը արժանացել է ժյուրիի հատուկ դիպլոմի, եւ հենց ժյուրիի անդամների առաջարկով ու խնդրանքով է ձին կանգնած Շարլ Ազնավուրի անվան հրապարակում: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել