Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոոպերատիվ»

Նոյեմբեր 16,2005 00:00

«Կոոպերատիվ» գրվածների փողերը տվին Համենայնդեպս՝ կառավարության որոշմամբ 1987-91թթ. սկսված ու ավարտված կոոպերատիվ շենքերի մի մասը մնաց անավարտ, իսկ դրանց համար վճարած մարդիկ՝ չփոխհատուցված: Դեռեւս 1997-ին կառավարությունն այդ փոխհատուցման գումարը ընդունեց որպես պետական պարտք, 2003-ին բյուջեում առանձնացրեց գումար, բայց չվճարեց՝ փաստաթղթերի կիսատ-պռատության պատճառով. կոոպերատիվ ընկերությունները լուծարվել էին եւ հայտնի չէր, թե ով ինչքան է վճարել: Հավելյալ ուսումնասիրություններից հետո ճշտվել են, թե քանի կոոպերատիվ ընկերություններ կային, եւ ինչ վիճակում են նրանց կիսակառուցած շենքերը: Ասենք, որ կառավարության որոշմամբ անավարտ շենքերն արդեն մասնավորեցվում են: Թե ինչքա՞ն գումար է կուտակվել դրանց վաճառքից՝ պարզ չէ, բայց երեկ կառավարությունը կրկին որոշում է ընդունել փոխհատուցել կոոպերատիվի համար վճարումներ արած ու այդպես էլ տուն չստացածներին: Գործընթացը ղեկավարում է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը: Նախարարի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը հայտնեց, որ ժամանակին վճարված 10000 ռուբլու դիմաց քաղաքացին կստանա մոտ 1,7 մլն դրամ կամ 3700 դոլար, ավելի քիչ կամ շատը՝ ըստ այդ հաշվարկի: Կառավարության առաջին որոշումից հետո կոոպերատորներն աշխուժացել են՝ 37-ն էին, դարձել են 68 ընկերություն (նույնքան էլ՝ շենք) կամ 3000 ընտանիք: Սակայն փոխհատուցման կարժանանան առաջին փուլում՝ 1987-91 թթ. գրանցված ընկերությունները, մնացածինը կվերսկսվի 2010-ին: Գումարը կբաշխվի հերթով՝ յուրաքանչյուր ընկերության համար լրատվամիջոցներով կտրվի պաշտոնական հայտարարություն: Հաշվառման ժամանակ պարզվել է, որ շատերը հանրապետությունում չեն, բայց նրանք հնարավորություն ունեն իրենց ընկերության մասին հայտարարության հրապարակումից հետո 3 տարվա ընթացքում գալ եւ ստանալ գումարը: Ավելի ուշ՝ դատական կարգով: Իսկ ովքեր հայրենիքում են, հայտարարության հրապարակումից հետո պետք է գան ֆինանսների նախարարություն, իրենց հետ վերցնելով վճարած գումարի անդորրագիրն ու անձնագիրը, եւ մեկ շաբաթվա ընթացքում բանկային փոխանցումով կստանան գումարը: Եթե կորցրել են կամ չեն պահպանել անդորրագիրը, ըստ խորհրդականի՝ «լուծում չունենք, ոչնչով չենք կարող օգնել, ընկերությունները լուծարվել են, եւ մենք չենք կարող որեւէ տեղեկություն ստանալ, նույնիսկ՝ արխիվից»: Նման հավանականությունը մեծ է հատկապես երկրաշարժի տակ «ընկածների» համար: Խորհրդականը գտնում է, որ «թող բավարարվեն նրանով, որ պետությունն անվճար տուն է տվել իրենց»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել