Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԸ ԳԾԵԼՈՒ ԵՆ ՆՈՐ ՈՒԺԵՐԸ

Հունվար 28,2006 00:00

Այս
կարծիքին է ՀԴԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը Վերջին շրջանում շատ
է խոսվում այն մասին, որ տարբեր քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ խորհրդարանական
ընտրությունների շեմին փորձում են իրենց համար նոր «օդանավակայաններ» գտնել՝ քաղաքական
իրավիճակի փոփոխության դեպքում տաքուկ վայրէջք կատարելու համար: Խոսվում է նաեւ այն
մասին, որ «Արդարություն» խմբակցության անդամ կուսակցությունների ղեկավարները եւս
բանակցություններ են սկսել տարբեր քաղաքական ուժերի հետ՝ ապագայում ավելի հարմար
տեղավորվելու համար: Արդեն հայտնի է, որ նույն այդ խմբակցության անդամ ՍԻՄ նախագահ
Հրանտ Խաչատրյանը սկսել է իր կոնսուլտացիաները գրեթե նույն նպատակով: Հետաքրքրվեցինք՝
արդյո՞ք ՀԴԿ նախագահը եւս նման կոնսուլտացիաների մեջ չէ: Կուսակցության նախագահ Արամ
Սարգսյանն ասաց. «Մենք այդ հարցը դեռ չենք քննարկել եւ դրա կարիքը դեռ չենք տեսնում,
որովհետեւ «Արդարություն» դաշինքից դուրս գալու որեւէ ցանկություն չունենք եւ չենք
գտնում, որ «Արդարություն» դաշինքը իրեն սպառել է: Եվ հետո, ես չեմ կարող ասել, թե
այս տարվա վերջին, հատկապես նոյեմբեր-դեկտեմբերին, երբ այդ ձեւաչափերը փոխվեն եւ
իրավիճակը փոխվի, ինչպիսի՞ ռեսուրս կունենա «Արդարություն» դաշինքը: Սա լուրջ հարց
է: Այլ հարց է նաեւ, թե «Արդարություն» դաշինքի ֆորմատը որքանով կպահպանվի այնպիսին,
ինչպիսին էր 2003-ին: Այդ պատճառով մենք նախօրոք այդպիսի խնդիր մեր առաջ չենք դրել
եւ ուղղակի չունենք այդպիսի խնդիր: Այս տարի, թերեւս գարնան վերջին, մենք կհրավիրենք
կուսակցության համագումար, որը կքննարկի բոլոր այդ հարցերը, եւ չի բացառվում, որ
մի արտահերթ համագումար էլ հրավիրենք տարվա վերջին: Իսկ այն, որ կուսակցությունը
շատ լուրջ կվերաբերվի բոլոր այդ գործընթացներին եւ իր հստակ դիրքորոշումը կներկայացնի՝
չկասկածեք: Մենք արդեն վերսկսում ենք մեր կառույցների վերակառուցման եւ ավելի ամրապնդման
աշխատանքները՝ հատկապես խայտառակ հանրաքվեի արդյունքներից հետո դա շատ կարեւորելով»:
Իսկ նոր առաջացող եւ արդեն լուրջ հայտ ներկայացնող կուսակցությունները որքանո՞վ
կկարողանան վերաձեւել քաղաքական քարտեզը, արդյո՞ք ՀԴԿ-ն այս իրավիճակում մենակ չի
մնա: Ա. Սարգսյանն ասաց, որ «Երկրի քաղաքական իրավիճակի համար վտանգավոր է, եթե նախագահականում
կազմված սցենարը իրականություն դառնա, այսինքն՝ առաջ գան, այսպես կոչված, նոր կուսակցություններ,
ախր, անուններն էլ կուսակցություն դնելն անհարմար է, որովհետեւ կուսակցությունը չի
ձեւավորվում մեկ օրվա մեջ եւ խորհրդարանական ընտրություններից առաջ միանգամից այնպիսի
թափ չի ստանում ու միանգամից շռնդալից մտնում խորհրդարան»: Հակադարձեցինք, որ նման
բան մեր քաղաքական կյանքում արդեն եղել է. Կարեն Դեմիրճյանը հենց այդպես շռնդալից
էլ ստեղծեց ՀԺԿ-ն: Արամ Սարգսյանը համաձայն չէր. «ՀԺԿ-ն միայնակ չգնաց, այլ՝ ՀՀԿ-ի
հետ բլոկ ստեղծեց, եւ այնտեղ կային հզոր քաղաքական երկու դեմք, եւ դա իսկապես վստահություն
էր ներշնչում: Կարեն Դեմիրճյանը վստահության այնպիսի ներուժ ուներ ժողովրդի մեջ,
որ դա բավարար էր: Իսկ այս պայմաններում եթե ձեւավորվեն այդպիսի կուսակցություններ,
որոնք հիմնականում ֆինանսական կարողությունները օգտագործելով մարդկանց հավաքեն, կառույցներ
ձեւավորեն եւ մասնակցեն ընտրությունների, եւ եթե այդ պարագայում որեւէ լուրջ դիմադրություն
չեղավ, ապա 2007 թվականը քաղաքական համակարգի համար կդառնա գերեզմանատուն: Որովհետեւ
շատ դժվար է պատկերացնել, որ դրանք կլինեն քաղաքական ուժեր, գոնե քաղաքական կենսագրություն
է պետք նման քայլի գնալու համար»: Մեր զրուցակցի վերլուծությունը հանգեցրեց
նրան, որ եթե նոր ձեւավորվող այդ ուժը վերցնի քաղաքական մեծամասնությունը, կնշանակի՝
արդեն վճռված կլինի 2008-ի նախագահական ընտրությունների ելքը: Բայց նաեւ. «Կյանքն
այնքան հարուստ է անակնկալներով, որ հիմա կանխորոշել այդ ամենը՝ շատ բարդ է: Վստահ
եմ, որ եթե դիմադրություն չլինի, ուրեմն մենք կարող ենք ասել, որ 2007-ին քաղաքական
կուսակցություն հասկացությունը կվերանա Հայաստանից, պարզ պատճառով՝ մարդիկ ոչ թե
լուրջ քաղաքական խնդիրներ լուծելու, այլ՝ գալու են հիմնականում այս կլանային համակարգը
պահպանելու եւ վերարտադրելու համար: Եվ այս իրավիճակում ընդդիմադիր ասվածը չի լինելու
արդեն այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից սկսած: Կոալիցիայի կուսակցությունները
եւս մնալու են դրսում, ընդդիմության հետ նույն հարթության վրա են լինելու, եթե չմտնեն
նոր ձեւաչափերի մեջ: Լավագույն դեպքում նրանցից մեկ-երկուսը ապագա խորհրդարանում
կստանա ինչ-որ «թուլափայ»՝ այն ուժերի կողմից, որոնք գծելու են նոր քաղաքական քարտեզը:
Եվ այստեղ է, որ ես չեմ բացառում, որ այսօրվա եղած ձեւաչափերը կտրոհվեն եւ կձեւափոխվեն»:
Իսկ կոնկրետ ՀԴԿ-ն չի՞ պատրաստվում իր տեղը գտնելու համար բանակցություններ
սկսել, ինչպես դա անում է ՍԻՄ նախագահը: Չէ, իրենք դեռ նման բան չեն պատրաստվում
եւ առանձնապես չեն զգում այդ կոնսուլտացիաների կարիքը. «Բայց կրկնում եմ, դա ավելի
ուշ տեղի ունենալիք պրոցես է, որը կընթանա միանշանակ»: Արամ Սարգսյանը չբացառեց,
որ իր գլխավորած կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների գնա միայնակ, ինչպես
դա արեց 1995-ին եւ 1999-ին. «Սակայն քանի որ Հայաստանում չկա վստահություն, որ դու
քո ստացած ձայները կարող ես տնօրինել, հնարավոր է միայն այս պատճառով մենք ընտրությունների
գնանք քաղաքական բլոկով»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել