Լրահոս
Օրվա լրահոսը

Բրոքերները նաեւ «շուլլերներ» են

Փետրվար 16,2006 00:00

Բրոքերները նաեւ «շուլլերներ» են Առքուվաճառքի պայմանագրերից տուժածները հավաստիացնում են, որ «խուժան» բրոքերները համագործակցում են նոտարի ու ոստիկանության հետ: Վերջին տարիներին Հայաստանում անշարժ գույքի առքուվաճառքն առանց բրոքերների միջամտության չի իրականացվում: Բրոքերներից շատերը ոչ մի գործակալությունում կամ առավել եւս որեւէ գրատեսչությունում գրանցված չեն, գործում են անկախ եւ շատ հաճախ օգտվելով քաղաքացիների անտեղյակությունից՝ մութ գործարքներ են կնքում: «Քցող» բրոքերների թիվն այնքան է մեծացել, որ նրանք նույնիսկ խմբավորում են կազմել ու թեեւ առաջին հայացքից դաշտում գործում են անկախ, բայց իրականում ենթարկվում են իրենց «գլխավորին» ու նրա հրահանգներին՝ միաժամանակ օգտվելով վերջինիս կապերից: Նման հանցավոր խմբավորումներից միայն վերջին 2-3 տարիներին տուժել են տասնյակ ընտանիքներ, որոնք միավորվելով՝ ստեղծել են թափառաշրջիկ բրոքերներից տուժածների նախաձեռնող խումբ՝ Ֆլորա Շախգուլյանի ղեկավարությամբ: Երեկ նա բրոքեր-նոտար-ոստիկան կապը բացահայտելու նպատակով մամուլի ասուլիս էր հրավիրել եւ որպեսզի ավելի պարզ ներկայացնի այդ երեք մարմինների համագործակցությունը, մի սխեմա էր գծել: Ըստ այդ սխեմայի, բրոքերները հիմնականում օգտվում են ոչ թե առքուվաճառքի գործարքներից, այլ՝ գրավադրումից: Այսպես՝ փողի կարիք ունեցող քաղաքացիներին «տոկոսով փող տվող» բրոքերները առաջարկում են բանկերի համեմատությամբ շատ ցածր տոկոսադրույքով գումար եւ փոխվստահության համար քաղաքացիների հետ կնքում նոտարով հաստատված լիազորագիր, ըստ որի, եթե նշված ժամկետում, ենթադրենք՝ 6 ամսում, պարտապանը պարտքը չի մարում, բրոքերը իրավունք ունի տնօրինել բնակարանն ըստ ցանկության: Սակայն պարտքով գումարը տալուց հետո բրոքերը «թռնում» է ու քաղաքացին պարտքն այդպես էլ չի վերադարձնում: Մի օր էլ հայտնվում է նոր գնորդը ու խնդրում ազատել բնակարանը: Ըստ Ֆ. Շախգուլյանի, ոստիկաններն այստեղ կապ ունեն այնքանով, որ համագործակցում են «խուժան» բրոքերների հետ ու նրանց չեն հետախուզում: Նրա ներկայացրած սխեման բրոքերների գործողությունների դասական տարբերակն էր, բայց տուժածների պատմելով՝ «նրանք ավելի ահավոր խաբեություններ էլ են անում». եթե նույնիսկ կնքվում է նոտարով հաստատված երկկողմանի պայմանագիր, կես ժամ հետո այն կարող է «դառնալ» միակողմանի ու ճանաչվել իրավական տերմինով ասած՝ առոչինչ: «Բրոքերները սերտ համագործակցում են Երեւանի մի շարք նոտարների հետ եւ բնակարանների առք ու վաճառքի պայմանագրերում ցանկացած փոփոխություն մտցնելով՝ դրանք կեղծում: Իսկ Երեւանի ոստիկանության կենտրոնական բաժնի քննիչներ Խաչիկ Խաչատրյանը, Մասիս Մելքոնյանը եւ Հայկ Ավագյանը խիստ շահագրգիռ են այս գործին ընթացք չտալու համար եւ հրաժարվում են քրեական գործ հարուցել»,- հայտարարեց Ֆ. Շախգուլյանը: Նա նաեւ հայտնեց, որ իրնց տեղեկատվությամբ՝ Հայաստանում գործող բրոքերների հանցավոր խմբավորման «շեֆուհին» ոմն Ռուզաննա Ադամյան է, որը հիմա «փախած» է: Ասուլիսի կազմակերպիչները վստահեցրին, որ բրոքերների պատճառով բնակարանից զրկված 3 կանայք հարվածին չեն դիմացել ու սրտամկանի ինֆարկտի պատճառով մահացել: Խնդիրն այն է, որ չնայած անշարժ գույքի առքուվաճառքի գործակալությունները նույնպես ակտիվ գործունեություն են ծավալում, բայց մեր քաղաքացիները շարունակում են օգտվել անկախ բրոքերների ծառայություններից, որոնց գործունեությունը ոչ մի կերպ կանոնակարգված չէ: Եթե զբոսավարներին վերահսկելու համար առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը վերջերս կարգ հաստատեց ու առանց լիցենզիաների գիդերին արգելեց ծառայություններ մատուցել, ապա բրոքերների դեպքում շուկան առ այսօր բավականին ցաքուցրիվ է ու անվերահսկելի: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել