Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես խաբել փախստականին

Մարտ 14,2006 00:00

Ինչպես խաբել փախստականին Ավտոտեսուչն ու գյուղապետարանը խլեցին ծերունու սեփականությունը 78-ամյա Գեորգի Աղաջանովի ոդիսականը սկսվել է 1989-ից, երբ նա Բաքվի Անաշկին փողոցի 14 բակի 26 բնակարանը փոխանակել է Եղեգնաձորի շրջանի նախկին Կաբախլու, այժմ Գողթանիկ գյուղի բնակիչ Նիզամի անունով մի ադրբեջանցու տան հետ՝ մինչեւ 1997-ը ժամանակավոր գրանցում ստանալով նոր բնակավայրում: «1996-ի գարնանը, օգտվելով իմ սոցիալական ծանր պայմաններից եւ իմանալով, որ Ռուսաստանում աղջիկ ունեմ, Եղեգնաձորի ՆԳ բաժնի ավտոտեսուչ Դավիթ Սարգսյանը տան դիմաց ինձ առաջարկեց 600 դոլար եւ ինքնաթիռի երկու տոմս՝ իմ եւ թոռնիկիս համար, նաեւ՝ ճանապարհի սնունդ: Սակայն բացի ինքնաթիռի մեկ տոմսից եւ 3 հացից ոչինչ չտվեց, խաբեց, թե 600 դոլարը ինձ կտան ինքնաթիռում»,- պատմեց Գ. Աղաջանովը: Ըստ նրա, առանց գումարի մնալով, բարի մարդկանց օգնությամբ մի կերպ հասնում է Սմոլենսկի մարզի Սաֆոնովո քաղաք, այնուհետեւ կուրանում է ու մնում առանց խնամքի: 2004-ին ցրտահարված, անօգնական վիճակում հայտնվում է Մոսկվայի 67 կլինիկական հիվանդանոցում: Երկու ամիս բուժվելուց հետո, շնորհիվ հասարակական գործիչ Նինա Սերգեեւնայի՝ 4260 ռուբլի գումար է հանգանակվում, որով ձեռք է բերում հագուստ եւ Մոսկվա-Երեւան ինքնաթիռի տոմս: Վերադառնալով Հայաստան, Աղաջանովը իջեւանում է քրոջ տանը՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում: «Քույրս շաքարախտով հիվանդ է եւ միայնակ կենսաթոշակառու: Նա ի վիճակի չէ ինձ խնամելու, իսկ ես կենսաթոշակ չեմ ստանում»,- իր պատմությունը շարունակեց Աղաջանովը. «2004-ի հուլիսին գնացի Գողթանիկ, մտադիր էի տուն վերադառնալ: Սակայն պարզվեց, որ դա անհնարին է»: Եղեգնաձորի ՆԳ բաժնում նրանից վերցնում են ԽՍՀՄ քաղաքացու անձնագիրը՝ զրկելով փախստականի կարգավիճակից, սակայն նոր անձնագիր չեն տալիս, պատճառաբանելով, որ որեւէ հասցեում հաշվառված չէ: «Ինչո՞ւ գյուղապետ Հ. Սամվելյանը նպաստեց փախստականի կարգավիճակից ինձ զրկելուն, եթե անձնագրի համար պահանջվող տեղեկանքը չէր տալու: Ինձ խաբեցին նաեւ այս անգամ: Պարզվեց, որ 1996-ին, դեռեւս իմ գյուղում գտնվելու ժամանակ, առանց իմ գիտության, գյուղխորհրդի որոշմամբ տունս վաճառվել է Դ. Սարգսյանին, որն էլ խաբեությամբ պնդում է, թե ինձ 600 դոլար է տվել: Նման բան չի եղել, ես ոչ մի գումար չեմ ստացել նրանից: Գյուղապետարանում իմ ունեցած փաստաթղթերը ոչնչացվել են եւ նրա կողմից սարքվել են կեղծ փաստաթղթեր, որով եւ տեր է դարձել ուրիշի ունեցվածքին»,- ասաց «Առավոտի» այցելուն: Վայոց ձորի մարզի դատախազ Հ. Պալյանը, ի պատասխան նրա դիմումի, գրում է. «Պարզվել է, որ սկսած 1992-ից, Դուք այդ տանը չեք բնակվել եւ վաճառքի պահին տան վարձակալ չեք հանդիսացել, գրանցված եք եղել միայն ծխամատյանում»: Ի պատասխան Աղաջանովի դիմումների, նրան առաջարկում են դիմել դատարան: Սակայն 78-ամյա, երկու աչքից կույր ծերունին չի հավատում, որ դատարանում պետավտոտեսուչին չեն սատարի ու արդար վճիռ կկայացնեն: Վայոց ձորի մարզպետ Ս. Սարգսյանը նրա դիմումին պատասխանել է. «Գյուղապետարանում չի պահպանվել Ձեր եւ Նիզամու միջեւ կնքված բնակարանների փոխանակման պայմանագիրը: Ինչ վերաբերում է Ձեր՝ Գողթանիկ գյուղում ունեցած սեփական տանը, ապա այն 1996-ին գյուղխորհրդի որոշմամբ վաճառվել է Դ. Սարգսյանին: Մարզպետարան է հրավիրվել գնորդը եւ պնդել, թե դուք ստացել եք 600 դոլարը»: Այս գրության մեջ մարզպետը անուղղակի հաստատում է, որ Գողթանիկ գյուղի տունը պատկանել է Աղաջանովին, իսկ նրա եւ Սարգսյանի միջեւ կնքած առքուվաճառքի պայմանագիր չկա: Փաստացի, գյուղխորհուրդը ուրիշի ունեցվածքը վաճառել է մեկին, որն այնքան էլ միամիտ չէր ծեր փախստականին տված 600 դոլարի դիմաց ստացական պահանջելու համար: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել