Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԿՐԵՄԼԻՆ

Մայիս 06,2006 00:00

Ո՞Վ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԿՐԵՄԼԻՆ Ըստ «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի՝ իշխանությունների հետ նման մրցակցության մեջ են որոշ ընդդիմադիրներ: «Նոր ժամանակներ»-ի նախագահ Արամ Կարապետյանը իր կուսակցության համաժողովում հայտարարել էր. «Մենք երբեւէ չենք ասում՝ մե՛նք լինենք առանցք: Մենք ասում ենք՝ եղբայրաբար ուզո՞ւմ եք մեզ հետ մասնակից լինեք՝ բերեք ռեսուրսները միացնենք, անենք իրար հետ: Ո՞չ, ուրեմն մենք անելու ենք այնքանով, ինչքան կարող ենք մենք: Իսկ մեր վերջին բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ մենք քիչ բան չէ, որ կարող ենք»: Սա ակնհայտորեն պատասխան էր «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի հետեւյալ պնդմանը. «Մենք մտադիր ենք «Հանրապետություն» կուսակցությունը դարձնել այն առանցքը, որը միավորելու է ազատական արժեքներով ապրող Հայաստանի քաղաքացիներին»։ Ընդդիմադիր այլ գործիչներ դժգոհում են, թե նման հայտարարություններով հարվածի տակ է դրվում միասնական գործողությունների հնարավորությունը: «Չի կարող ընդհանուր միասնականություն լինել թեկուզ ընդդիմադիր քաղաքական այն ուժերի միջեւ, որոնցից մեկի համար անկախությունը գերակա արժեք է, իսկ մյուսը կարող է կասկածի տակ դնել երկրի ինքնիշխանությունը,- ի պատասխան ասաց Սուրեն Սուրենյանցը:- Այս պարագայում միասնության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է կամ ընդհանրապես համարժեք չէ»: Մեր հիշեցմանը, թե «Հանրապետություն» կուսակցությունն այնուամենայնիվ այդպիսի համագործակցության փորձ ունի նման կուսակցություններից կարկառունի՝ «Նոր ժամանակների» հետ, պրն Սուրենյանցն արձագանքեց այսպես. «Այո՛, նման փորձ եղել է: Սակայն անընդունելի էին հնչած վերջին հայտարարությունները: Նման հայտարարություններ հաճախ կարող են հնչել իշխանության ճամբարից՝ մենք դրանց ծանոթ ենք»: Սուրեն Սուրենյանցը մասնավորապես նկատի ուներ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայտարարությունը, թե Հայաստանը պետք է սերտացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ընդհուպ կոնֆեդերացիայի մակարդակի, քանի որ դա Հայաստանի խնդիրները լուծելու միակ ճանապարհն է: «Ռուսաստանի թեկնածու լինելու կամ ՌԴ-ի հետ կոնֆեդերացիա կազմելու մասին արտահայտություններն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ արձագանքելը տեղին չեմ համարում,- ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը:- Նման քաղաքական ուժերը, անկախ նրանից՝ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության դաշտից են՝ որեւէ առնչություն չունեն Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքացիների հետ»: Արամ Կարապետյանը փորձում է հանրահավաքներով եւ երթերով ակտիվացնել ժողովրդին՝ կարծես ապացուցելու համար, թե իր կուսակցությունը միայնակ էլ «քիչ բան չէ, որ կարող է»: Նաեւ հպարտանում է, թե ունեցած փողը տուն չի տանում՝ ներդնում է նման ձեռնարկների մեջ: Այս միջոցներով կարո՞ղ է հասնել հաջողության՝ հարցին ի պատասխան Սուրեն Սուրենյանցն ասաց. «Քաղաքական գործընթացներում ամեն ինչ փողով պայմանավորելը սխալ է եւ ինձ համար անընդունելի: Քանի որ դա նշանակում է կասկածի տակ դնել քո կոչով հավաքված քաղաքացիների քաղաքացիական գիտակցությունը, եւ ամեն ինչ պայմանավորել միայն ֆինանսներով ու արտաքին աջակցությամբ: 1988-ի Շարժում տեսած ժողովրդի համար սա վիրավորական է: Երկրորդը՝ սովորաբար չեն անում նման հայտարարություններ: Փորձում են առանց «փողը տուն տանելու կամ չտանելու» մասին հայտարարությունների իրականացնել առաջադրված խնդիրները: Եվ երրորդ խնդիրը՝ նայած, թե ինչ նպատակներ կունենա շարժումը: Կոնկրետ իմ եւ մեր կուսակցության համար Ռոբերտ Քոչարյանի իշխանության հեռացումը նույնական է Հայաստանի անկախության վերականգնման հետ: Եվ Հայաստանի անկախության վերականգնումը կբացառի նման վարչակարգերի գոյությունը: Եթե շարժումն ընթանա այս լեյտմոտիվով ու մոտիվացիայով, բնականաբար, ոչ միայն կմասնակցենք, այլ նաեւ կլինենք այդ շարժման առաջին դիրքերում: Իսկ եթե շարժումն ընթանալու է այն ուղղությամբ, որ իշխանության հետ մրցակցենք, թե մեզանից ո՞վ է ավելի լավ է հաճոյանում Կրեմլին, եւ ո՞վ է պատրաստ ավելի շատ վճարել Ռուսաստանի այսօրվա չեկիստական իշխանությանը Հայաստանում տիրապետող դիրքեր ունենալու համար՝ բնականաբար, մենք չենք կարող մասնակցել այս շարժմանը»: Սուրեն Սուրենյանցը նաեւ ասաց. «Ինձ համար շատ զարմանալի է, որ ինչպես եւ իշխանությունները՝ որոշ ընդդիմադիր գործիչներ էլ խիստ թշնամական վերաբերմունք ունեն Հայաստանի երրորդ հանրապետության նկատմամբ: Եվ հաճախ կարելի է լսել երրորդ հանրապետության պատմությունն ավարտված լինելու մասին կամ ականատես լինել Սովետական Հայաստանի նկատմամբ կարոտախտի դրսեւորմանը: Տարօրինակորեն՝ երրորդ հանրապետության նկատմամբ անտագոնիզմի հենքի վրա այսօրվա իշխանություններն ու ընդդիմության առնվազն մի հատվածը եկել են ընդհանուր հայտարարի: Որեւէ քաղաքական գործիչ՝ լինի իշխանությունից, թե ընդդիմությունից, որը կասկածի տակ է դնում երրորդ հանրապետության գոյությունն ու ինքնիշխանությունը, դրանով, ըստ էության, անարգում է այս Շարժման ընթացքում նահատակվածների հիշատակը եւ կասկածի տակ դնում մեր ժողովրդի ազատության եւ անկախության ձգտումը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել