Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրանքները ցրեց

Մայիս 23,2006 00:00

Պատրանքները ցրեց «ՀայՌուսգազարդի» տնօրենը հուսով է, որ 3 տարուց հարեւան երկրները հետընթաց են ապրելու, իսկ Հայաստանը թռիչքներով առաջ է սլանալու: «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի գործարքը Հայաստանին տալիս է աննախադեպ հնարավորություն՝ 3 տարի երաշխավորված, տրամաբանական սակագին ունենալ, ընդ որում այդ սակագինը տարածաշրջանում ամենաէֆեկտիվն է, եւ եթե Հայաստանի տնտեսությունը արդյունավետ կառավարվի՝ 3 տարվա մեջ մեր արտադրողները տարածաշրջանում բոլոր հնարավոր շուկաները կարող են գրավել»,- երեկ Տնտեսական լրագրողների ակումբի հրավիրած քննարկման ժամանակ «գույք՝ գազի դիմաց» գործարքն այսպես գնահատեց «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Իսկ ի՞նչ կլինի 2009, 2010 թվականներին, ըստ նրա՝ «կլինի շատ ավելի տրամաբանական շուկա, որովհետեւ գնագոյացումը վերջնական ձեւավորված եւ կանխատեսելի կլինի, եւ մենք արդեն շատ ավելի լավ վիճակում կլինենք»: Խոսքն այն մասին է, թե մեր արտադրողների գործերն այնքան հաջող են լինելու, որ 3 տարի հետո եթե նույնիսկ գազի գինը կրկնակի բարձրանա՝ փողին փող չեն ասելու: Կ. Կարապետյանը 5-րդ բլոկի գործարքը հաջողված համարեց ոչ միայն վաճառքի գումարի առումով, այլեւ՝ ներդրումների եւ ինվեստորի նկատմամբ Հայաստանի վերցրած պարտավորությունների մասով. «Պրակտիկորեն պարտավորություն չկա. արտադրված կիլովատի սակագնի վերադարձի ամբողջ ռիսկը ինվեստորը վերցրել է իր վրա: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կապիտալը էներգետիկայում շատ է, թե քիչ՝ եթե պետությունն իր պարտնյորի հետ կարողանում է պայմանագիրը ձեւակերպել այնպես, որ պետության շահերը չեն ոտնահարվում, ապա ինվեստորը ինչ գույն, որակ ու ազգություն ունի՝ որեւիցե դեր չի խաղում, ոչ էդ բլոկը ստեղից հանելու ա տանի, ոչ էլ կարա այլ քայլ անի. ամբողջ խնդիրը նրանում է, որ պետությունն իր ունեցվածքը վաճառելու ժամանակ պետք է համապատասխան ձեւով պայմանագրերով ֆիքսի»: Էներգաբլոկի խայտառակ գործարքը Հայաստանի համար խիստ ձեռնտու եւ շահեկան հանելու համար «ՀայՌուսգազարդի» տնօրենը նույնիսկ խորացավ տնտեսագիտական կանոնների մեջ. «Աշխարհում որեւէ տեղ պետությունն էֆեկտիվ չի կառավարում բիզնեսը: Պետության խնդիրն է բիզնեսն օտարել: Որեւիցե վտանգավոր, վախենալու բան չեմ տեսնում, որ ընկերության կապիտալում համամասնությունը փոխվի: Հայաստանի տնտեսության զարգացման հարցում մենք բոլորս անընդհատ ընկնում ենք իլյուզիաների մեջ, շատ դեպքերում մենք սուբյեկտիվ, էմոցիոնալ ենք գնահատում գործարքները: Օրինակ՝ «Նաիրիտ» գործարանի դեպքը՝ եթե ՀՀ կառավարությունն ունենար բաժնետոմսերի 10 տոկոսը, իսկ 90 տոկոսը լիներ Իսրայելինը, բայց գործարանը կանոնավոր աշխատեր, հարկերը վճարեր, ի՞նչ վատ կլիներ»: Պարոն Կարապետյանը շատ պատկերավոր նկարագրեց, թե մի քանի տարի անց Հայաստանի տնտեսությանն ինչ փայլուն ապագա է սպասվում: Նրա հեքիաթային պատմության «չար հերոսները»՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը 10-15 տարի հետո իբր մղկտալու են աղքատությունից, ունենալու են էներգադեֆիցիտ ու մեր դռներն ընկնեն, մենք էլ տարածաշրջանում ունիկալ հնարավորություններ, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի տված կախարդական փայտիկն ունենալով՝ այդտեղ է, որ աշխարհին ասելու ենք մերը. «Մենք ունենք ավելցուկ էներգետիկ հզորություններ, շատ լավ պերսպեկտիվաներ՝ նրանց շուկաներում տեղ գրավելու համար»: Ինչ վերաբերում է «ՀայՌուսգազարդի» շահույթին՝ «այն կլինի ավելին, քան 2005-ին, բայց կլինի պակաս, քան մեզ հասնում ա»,- կատակեց Կ. Կարապետյանը՝ ավելացնելով՝ «ընդհանուր առմամբ շահույթից դժգոհ չեմ, ուղղակի խաղի կանոններն էնպիսին են, որ, ասենք, եթե մենք շտանգա ենք բարձրացնում ու ծանր, ոչ մեր վրով շտանգա, էդ բարձրացնողին վերաբերմունք պիտի՞ ցուցաբերվի, թե՞ չէ, մինչդեռ տարվա վերջին կնայեք՝ մենք բյուջե ինչքան հարկ ենք վճարել ու գնահատական կտաք, ամբողջ շահույթը տալիս ենք ներդրումներին, հլը վրայից 5 անգամ ավել էլ դնում ենք»: Բա փող որտեղի՞ց եք ճարում հարցին նա պատասխանեց՝ «վերակառուցումից ու վարկերից»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել