Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնադատվածները հիշեցնում են

Մայիս 27,2006 00:00

Ստալինյան
բռնապետության տարիներին հարյուր հազարավոր մարդիկ զոհ գնացին քաղաքական հալածանքների,
որից անմասն չէր կարող մնալ Հայաստանը։ Սուրեն Միրզոյանի «Բռնադատվածներ»
գրքից տեղեկանում ենք, որ միայն մեր փոքրիկ Հայաստանի տարածքում բռնաճնշումների ենթարկվեց
ավելի քան 42 հազար մարդ, որից շատ-շատերի ճակատագրի մասին տարիներ շարունակ անտեղյակ
էին մնում նրանց հարազատները։ Միայն ԽՍՀՄ փլուզումից հետո հնարավոր դարձավ իմանալ
երկրում կատարված ողբերգությունների մասին։ Մատչելի դարձան մինչ այդ արխիվներում
«յոթ փակի տակ դրված» փաստաթղթերը։ Գրքում ի մի են բերված Նոյեմբերյանի շրջանի
գյուղերից բռնադատվածների անունները (լուսանկարներով, կենսագրություններով եւ «մեղադրականներով»)
մեկ առ մեկ, ինչպես նաեւ այդ տարածաշրջանի խմբակային գործերը։ Գրքում բացակայում
են տեղեկություններն այն մարդկանց մասին, ում անունները չեն հայտնաբերվել արխիվներում,
ինչպես նաեւ՝ որոնք բնակվել են այլ հանրապետություններում եւ նրանց մասին տվյալներ
հայթայթելը, հեղինակի խոսքով՝ «անհնարին էր կամ էլ կապված էր մեծ դժվարությունների
հետ»։ Ս. Միրզոյանի գիրքը սոսկ վավերագրություն չէ. այն նաեւ խիստ ուսանելի է։ Մի
շրջանի օրինակով ընթերցողը ոչ միայն իրազեկվում է այդ տարածաշրջանում ստալինյան բռնաճնշումների
պատմությանը, այլեւ մի անգամ եւս համոզվում է մեր ազգի հարատեւման անկոտրում կամքի
ու կորովի մասին։ Այս իմաստով եւս ուշագրավ է «Բռնադատվածներ» գիրքը, որովհետեւ ներկայացված
են նաեւ բռնադատվածների արժանավոր հետնորդները (կենսագրությամբ եւ լուսանկարով),
ովքեր կարողացել են դիմակայել ճակատագրի դաժան հարվածներին, ուժ են գտել ոչ միայն
գոյատեւելու, այլեւ դառնալու ճանաչված, ազգին օգտակար գործիչներ։ Հեղինակն
առանց վարանելու գրել է նաեւ այն մարդկանց անունները, ովքեր ստորագրել են բռնադատվածների
գործերի տակ։ Եվ ճիշտ է վարվել։ Չէ՞ որ բոլորիս է հայտնի, թե քանի-քանի անմեղ մարդիկ
«հակա», «կուլակ», «դաշնակ», «տրոցկիստ», «ժողովրդի թշնամի» եւ այլ պիտակներով մատնությունների,
զրպարտությունների (որոնք հաճախ բխել են նաեւ նեղանձնական հաշիվներից) զոհ դարձան։
Եվ այսպես քանի-քանիսը չեն վերադարձել կամ էլ վերադարձել են խեղված ճակատագրերով:
Ուրեմն անպայմանորեն պետք է բացահայտել նաեւ նրանց «ուղարկող» մատնիչների ու զրպարտիչների
անունները, որպեսզի դաս լինի հետագա բոլոր սերունդների համար: Նաեւ այս առումով սույն
աշխատությունը անհրաժեշտ է ունենալ ոչ միայն նոյեմբերյանցիներին: ՆԱՐԵԿ
ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել