Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ

Մայիս 27,2006 00:00

«ՄԵՆՔ ՄԵՐ ԿՈՒՐՍՆ ՈՒՆԵՆՔ» Ավիաընկերություններն օրական միջինը 5-6 մլն դրամ «օդից» գումարներ են բռնում Պարզվում է՝ Հայաստանում Կենտրոնական բանկից բացի, տարադրամի կուրս սահմանող մեկ այլ կառույց էլ կա, որի մասին մինչ օրս տեղյակ չենք եղել: Խոսքը Հայաստանում գործող ավիաընկերությունների մասին է: Նրանք տոմսերի վաճառքն իրականացնելիս սեփական փոխարժեքի կուրսն են սահմանում, որը բացարձակապես առնչություն չունի ԿԲ-ի սահմանած կուրսի հետ: Թե ինչ սկզբունքով են առաջնորդվում, ո՞վ է այդ կուրսը սահմանում ու ինչի՞ հիման վրա՝ ոչ ոք չի կարող ասել: Արդյունքում՝ յուրաքանչյուր տոմսի մեջ երբեմն ուղեւորներից գանձում են 15-20 դոլար ավելի գումար, քան տոմսի ֆիքսված արժեքն է: Բանն այն է, որ ավիաընկերություններն անհասկանալի պատճառներով ավիատոմսի գինը սահմանում են դոլարով, բայց ուղեւորին ստիպում են այն գնել միայն դրամով՝ պատճառաբանելով, թե Հայաստանում դոլարով առեւտուրը չի թույլատրվում: Հենց այստեղ է, որ ուղեւորի համար «անակնկալ» է բացվում, որովհետեւ պարզվում է, որ ավիաընկերություններն այդ օրը որոշել են դոլարի փոխարժեքը սահմանել, ասենք՝ 450-460 դրամ: Այս օրերին, երբ ԿԲ-ի սահմանած կուրսով 1 դոլարը 428-430 դրամ է, ավիաընկերությունները դոլարը հաշվում են 452-ով, երեկ էլ հաշվել են 451-ով: Նման բարձր կուրս Հայաստանի որեւէ փոխանակման կետում գոյություն չունի: Փաստորեն, ընկերությունները, տոմս վաճառելուց բացի, միանգամից փոխանակման կետի դեր էլ են ստանձնում՝ միայն մի տարբերությամբ՝ այստեղ հաճախորդներին այլընտրանքի հնարավորություն չեն թողնում: Տոմսարկղում ուղեւորին ասում են՝ տոմսն արժե, ասենք, 200 դոլար, բայց դու պետք է վճարես ոչ թե 85600 դրամ, այլ 90400, որովհետեւ մեզ մոտ կուրսն այդպես ենք հաշվում: Հաշվի առնելով, որ, ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանից (բոլոր օդանավակայաններից) օրական միջին հաշվով 1000-1200 ուղեւոր է թռչում, իսկ ամեն տոմսի մեջ միայն այդ աբսուրդ փոխարժեքի կուրսից ավիաընկերություններն առնվազն 5000 դրամի եկամուտ են ունենում, փաստորեն բոլոր ավիաընկերությունները միասին օրական 5-6 մլն դրամ «օդից» շահույթ են ստանում: Սա՝ այն դեպքում, երբ տոմսի գինը հաշվում ենք ընդամենը 200 դոլարով: Դատելով, որ գրեթե բոլոր ավիաընկերությունները ուղեւորի հետ տոմսի վաճառքի գործարքը կատարում են նույն սկզբունքով, փաստորեն նրանք ներքին համաձայնություն ունեն ու փոխարժեքի կուրսը սահմանում են այնքան, որքան տվյալ օրը իրար մեջ որոշում են: Այս առնչությամբ «Արմավիա» ընկերությունից հաստատեցին, որ, իսկապես, իրենց համար գործում է փոխարժեքի բոլորովին այլ կուրս, որը բարձր է լինում ԿԲ-ի սահմանածից: Նրանց մեկնաբանությամբ՝ «ներքին ցանց կա, որը ինտերնետի միջոցով ամեն օրվա համար ավիատոմսերի գինը հաշվարկելու նոր փոխարժեք է սահմանում, դա մեր ներքին խոհանոցն է, թե ինչի համար ենք էդպես անում՝ չենք կարող ասել»: «Լյուֆթհանզա» ընկերությունից նույնպես ներքին ցանցի հետ կապեցին կուրսի սահմանումը՝ հավաստիացնելով, որ իրենք ուրիշ ավիաընկերությունների հետ համաձայնության չեն եկել. «Մերը առանձին հրաման է Ֆրանկֆուրտից, ասել են, որ այսօր դոլարի կուրսը հաշվենք 452-ով»: Թե «Ավստրիական», թե՛ «Կասպյան» ավիաընկերությունների ներկայացուցչությունից վստահեցրին, որ իրենք բացառություն են, որ տոմսի գինը հաշվում են դրամով եւ առաջնորդվում են ԿԲ-ի սահմանած փոխարժեքով: Մինչդեռ «Լիոլա» ընկերության տոմսարկղից մեզ բոլորովին այլ տեղեկություններ հայտնեցին՝ ասելով, որ «Հայաստանում բոլոր ավիաընկերություններն էլ այդպես են տոմսերը վաճառում, եթե կա մի ընկերություն, որը այլ բան է ձեզ ասել՝ ստել է, որովհետեւ հատուկ ինտերնետային ծրագիր կա, ամեն ընկերություն ունի համակարգչային գծով իր աշխատակիցը, որը օրվա փոխարժեքը ԿԲ-ի սահմանած գնի հետ է համեմատում ու 10-20 դրամ ավելով որոշում, թե այդ օրը տոմսը դրամով որքան պետք է վաճառեն»: Ըստ ընկերության աշխատակցի, դրա հետ կապված շատ ուղեւորներ արդարացիորեն դժգոհում են. «Մարդկանց երրորդ դասարանցու տեղ են դնում, ոնց որ ձեռ առնեն, եթե փող են ուզում աշխատեն, թող տոմսի գինը միանգամից 20 դոլար թանկ ասեն»: Բոլոր ավիաընկերությունները նշեցին, որ հրաման ունեն: Մեր տեղեկություններով՝ հրաման տվողը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն է: Այս տեղեկությունը ավիաընկերություններում ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին: Մենք նաեւ Կենտրոնական բանկից հետաքրքրվեցինք, թե դեմ չե՞ն, որ ավիաընկերություններն էլ փոխարժեք սահմանեն. «Մենք գործ ունենք միայն բանկերի եւ փոխանակման կետերի հետ, այլ կառույցներին վերահսկելու մեխանիզմներ չունենք: Բայց այն մասով, որ իրենք առեւտուրը կատարում են դոլարով, պետք է վերահսկի եւ տուգանի Հարկային պետական տեսչությունը»: Հարկայինից դժվարացան պատասխանել՝ այդ պարագայում կարո՞ղ են իրենք որեւէ պատժամիջոց կիրառել, թե՞ ոչ, որովհետեւ ավիաընկերությունները տոմսի գինն ասում են դոլարով, բայց, փաստորեն, գործարքը կատարում են դրամով, իսկ պատժամիջոցը կիրառվում է այն ժամանակ, երբ գործարքը կատարվում է դոլարով: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել